Գեղանուշի պոչամբարում տարվող աշխատանքների առնչությամբ վարչական վարույթ է հարուցվել

Գեղանուշի պոչամբարում տարվող աշխատանքների առնչությամբ վարչական վարույթ է հարուցվել

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Սյունիքի մարզում գտնվող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Գեղանուշի պոչամբարում տարվող աշխատանքների առնչությամբ հարուցել է վարչական վարույթ: Տեսչական մարմնից ԷկոԼուրին հայտնեցին, որ վարույթը հարուցվել է «Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ի կողմից հրապարակված տեսանյութի ու ահազանգի հիման վրա: «Հարուցվել է վարույթ տեսնելու՝ կա այդտեղ իրավախախտում, թե ոչ, հանգամանքները պարզելու համար: Վարույթի ավարտից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը:

Նշենք, որ Կապանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանն ԷկոԼուրին հայտնել էր, որ Գեղանուշի պոչամբարի տարածքում իրականացվում են պատվարի ամրացման աշխատանքներ: 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ԷկոԼուրին հայտնեցին, որ իրենց աշխատակիցներին գործուղել են պոչամբարի պատվարում տարվող աշխատանքների վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու՝ ամրացման աշխատանքների համար շինթույլտվություն և նախագիծ ունենալը ստուգելու համար: «Ընկերությանը պատկանող հողմասում հողի բերրի շերտի տեղափոխման աշխատանքներ են տարվում, որը շինթույլտվություն չպահանջող գործառույթ է: Կապանի համայնքապետարանը տվել է իր համաձայնությունը այդ ծավալով հողի տեղափոխման աշխատանքների համար՝ տարածքում հետագայում կառուցապատում նախատեսելու, ինչպես նաև Գեղանուշի պոչամբարի պատնեշը հետագայում ամրացնելու համար»,- նշեց տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը: 

Մարտ 23, 2023 at 10:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր