Քաղաքապետարանի կողմից ծառերի փոխարինման աշխատանքներն առաջացրել են երևանցիների դժգոհությունը

Քաղաքապետարանի կողմից ծառերի փոխարինման աշխատանքներն առաջացրել են երևանցիների դժգոհությունը

Երևանում սկսվել է ծառերի զանգվածային հատում Կասկադի հարևանությամբ, ինչն առաջացրել է երևանցիների զայրույթն ու դժգոհությունը։

Դա պլանավորված էր Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից Երևանում ծառերի փոխարինման աշխատանքների շրջանակներում։ Մինչ այդ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը կազմակերպել էր գիտաժողով, որի ժամանակ ներկայացրել էր նախատեսվող աշխատանքները։ 

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի համաձայն՝ հատվում են ծերացած, ոչ ֆունկցիոնալ ծառերը, իսկ փոխարենը տնկվելու են կենսունակ և գեղազարդ ծառեր։

Ծառերի զանգվածային հատումը սկսվեց Երևանի կենտրոնից՝ Կասկադից, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել երևանցիների շրջանում։

Խնդիրը բազմաշերտ է։ Առաջինը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հիմնավորումն ընդհանուր է և չի տալիս պատասխան կանաչ տարածքների հետ կապված այն բոլոր խնդիրներին, որոնք կուտակվել են Երևանում ավելի քան 3 տասնամյակ։ Մինչ 90-ականների զանգվածային հատումները Երևանն ուներ պլանավորված կանաչապատում, որը տարածվում էր բոլոր գլխավոր թաղամասերում և փողոցներում։  Քաղաքի բոլոր նորակառույց թաղամասերում միանգամից իրականացվում էր բակերի և փողոցների կանաչապատում և նախատեսված էին հանգստի կանաչ գոտիներ։ Այսօրվա կանաչապատումը չունի այդպիսի պլանավորում և սահմանափակվում է ծառերի փոխարինման աշխատանքներով։ 

Հաջորդը, երևանցիները սովոր են բազմաշերտ կանաչապատված փողոցների, երբ առաջին շերտը կազմում են բարձր ծառերը՝ ապահովելով ստվերը, երկրորդ շերտը՝ ավելի ցածր ծառերն ու թփուտները և երրորդ շերտը՝ ծաղիկներն ու խոտերը։  Երևանում կանաչ տարածքները ոչնչացվել են, զավթվել և կառուցապատվել։

Արդյունքում, մենք ունենք մեկ շնչի հաշվով կենտրոնում 3քմ կանաչ տարածք, ինչը բավարար չէ։ Ծառերի փոխարինման աշխատանքները չեն լուծում այս խնդիրը, քանի որ չեն ավելանում կանաչ տարածքները։ Ֆունկցիոնալ կանապաչատումն առաջին հերթին պահանջում է ունենալ պաշտպանություն օդի աղտոտվածությունից՝ փոշուց, վնասակար նյութերից։ Հարց է առաջանում՝ արդյոք հենց սակուռա ծառատեսակն է այդ ֆունկցիան կատարում ավելի լավ, քան մեր տեղական տեսակները։ Այս հարցի պատասխանը կարելի էր ստանալ, եթե լիներ պիլոտային ծրագիր։ Սակայն պիլոտային ծրագրի փոխարեն սկսվել են լայնածավալ աշխատանքներ անորոշ արդյունքներով։ Այս ամենը վստահություն չի ներշնչում քաղաքացիների շրջանում, ովքեր տարիներ շարունակ վկա են մայրաքաղաքի կանաչ տարածքների ոչնչացմանը։ 

Մարտ 24, 2023 at 13:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր