Ոչ անտարբեր մարդիկ, մենք ձեզ հետ ենք

Ոչ անտարբեր մարդիկ, մենք ձեզ հետ ենք

Եկել են այնպիսի ժամանակներ, երբ պետք է պաշտպանել մարդկանց, ովքեր փորձում են փրկել մնացած կանաչ տարածքները կամ գոնե մեկ ծառ: ԷկոԼուրին է դիմել քաղաքացի Մ.Խ․-ն՝ հայտնելով, որ Ջրվեժի Մայակ 27 շենքի իրենց բակում, ավտոտնակների կողքին, աճում է սալորենի, որի ստվերում հանգստացել են մայրերն իրենց փոքր երեխաների հետ, տուն վերադարձող դպրոցականները։ Այդ անկյունն այդպես էլ կոչել էին՝ Սալորենու անկյուն։

Բնակիչներից մեկը սկսել է վերակառուցել ավտոտնակը, իսկ շինարարական աղբը՝ հիմնականում ավազ ու ցեմենտ, թափվել է ծառի արմատներին։ Քաղաքացի Մ․Խ.-ն փորձել է համոզել հարևանին հեռացնել աղբը, քանի որ ծառը կարող է մահանալ, սակայն` ապարդյուն։ Ծառը կմահանա, և խնդիրն ինքնին կվերանա։

Մեկ այլ օրինակ արդեն Դիլիջանից։ ԷկոԼուրը քաղաքացի Ն․Հ․-ից նամակների փաթեթ է ստացել, որտեղ նամակագրություն է երեք պաշտոնական գերատեսչությունների հետ՝ Դիլիջանի քաղաքապետարանի, Արտակարգ իրավիճակների նախարարության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ Դիլիջանում շինհրապարակում թափոնների ապօրինի այրման հետ կապված։

Նամակագրության մեջ կան նաև տարբեր ժամանակաշրջանում արված լուսանկարներ, որոնցում հստակ երևում է շինհրապարակից բարձրացող ծխի ամպը։

Ուշագրավ են բոլոր երեք գերատեսչությունների պատասխանները, որոնք կարծես պատճեններ լինեն. «Եղել ենք նշված հասցեով տարածքում, հրկիզման հետքեր չեն հայտնաբերվել»։

Երկու դեպքում էլ շատ քիչ են մարդիկ, ովքեր անտարբեր չեն իրենց միջավայրի նկատմամբ, հոգ են տանում անգամ մեկ ծառի մասին, կամ որպեսզի օդը մաքուր մնա գոնե առողջարանային տարածքներում։ Նրանց հասարակական ակտիվությունը նյարդայնացնում է շրջապատողներին:

Ցավոք սրտի, մենք չենք կարող լուծել այս խնդիրները, բայց կարող ենք անել այն, ինչ մեր իրավասության մեջ է. հրապարակել և ասել այս հոգատար մարդկանց. «Դուք մենակ չեք, մենք և ոչ միայն մենք, ձեզ աջակցում ենք։ Անհնար է բոլորի մեջ վերացնել պարզ մարդկային զգացմունքները՝ սերը դեպի բնությունը, ուրախությունը թռչունների ձայնից, անտառում զբոսանքներից, ինչպես նաև կապվածությունն այս փոքրիկ կանաչ անկյունին, որը, հուսով ենք, ուրախություն կպարգևի դեռ երկար տարիներ»:

Մարտ 20, 2023 at 16:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր