Ամուլսարի գործով հայցվոր կողմը դատարան կներկայացնի հանքավայրի ՇՄԱԳ փաստաթղթի վերաբերյալ անկախ փորձագետների կարծիքները

Ամուլսարի գործով հայցվոր կողմը դատարան կներկայացնի հանքավայրի ՇՄԱԳ փաստաթղթի վերաբերյալ անկախ փորձագետների կարծիքները

ԷկոԼուր

Ապրիլի 18-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Ամուլսարի հանքավայրի գործով հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի չեղարկման պահանջով դատարան հայց են ներկայացրել Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ, «Էկոլոգիական իրավունք» և «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունները: Այս գործով պատասխանող կողմ են ՀՀ բնապահպանության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները: Որպես երրորդ կողմ ներգրավված է «Լիդիան Արմենիա» ընկերությունը:

Դեռ նախորդ դատական նիստի ժամանակ հայցվոր կողմը ներկայացրել էր միջնորդություն Ամուլսարի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փաստաթուղթը նոր փորձաքննության ենթարկելու վերաբերյալ:

Այս դատական նիստին հայցվոր կողմի փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց այն մասնագետներին, ովքեր պատրաստ են անվճար հիմունքներով իրականացնել փորձաքննություն. ՀՀ ԳԱԱ էկոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը, ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության պետրոլոգիայի և օգտակար հանածոների հանքավայրերի ամբիոնի վարիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Շահեն Խաչատրյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը՝ ի դեմս WWF-Հայաստանի գրասենյակի:

Դատական նիստը նախագահող դատավոր Կարեն Զարիկյանը ներկայացրեց, որ փորձաքննություն իրականացնելու համար պատասխանող կողմից 22.03.2017 թ-ին ստացվել է դիրքորոշում, որի համաձայն պատասխանող կողմը որևէ առարկություն չի ունեցել փորձաքննություն իրականացնելու հարցում: Սակայն 03.04.2017 թ-ին դատարանը ստացել է նոր դիրքորոշում, որով պատասխանողը փոխել է իր դիրքորոշումը և առարկել է: Ըստ պատասխանող կողմի պատճառաբանության՝ Ամուլսարի ՇՄԱԳ-ն անցել է երկու փորձաքննություն և ստացել է նոր եզրակացություն, իսկ հայցադիմումում ներկայացված հարցադրումները վերաբերում են հին եզրակացությանը:

Նոր փորձաքննություն նշանակելու մասին հայցվորների միջնորդությունն առարկեց նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը: «Հայցը դատարանում վարույթ ընդունելուց հետո տեղի է ունեցել ընկերության հանքարդյունահանման նախագծի փոփոխություն, որի վերաբերյալ տրվել է ՇՄԱԳ նոր փորձաքննական եզրակացություն: Խոսքը 29.04.2016 թ-ի ՇՄԱԳ եզրակացության և Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի 29.02.2016 թ-ի եզրակացության մասին է: Այն եզրակացությունները, որոնց վերաբերյալ հարցեր են առաջադրվել փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությամբ, այլևս իրավաբանական ուժ չունեն: Խնդրում եմ սույն գործի վարույթը կարճել՝ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով, և գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունը մերժելու դեպքում մերժել փորձաքննություն նշանակելու մասին հայցվորների միջնորդությունը ոչ վերաբերելի լինելու հիմքով», - առարկություն ներկայացրեց «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Սայադ Բադալյանը:

Ի պատասխան փաստաբան Հայկ Ալումյանը նշեց. «Երբ մենք խոսում ենք փորձաքննական եզրակացության մասին, մենք չենք խոսում վարչական ակտի մասին, մենք խոսում ենք վիճարկվող վարչական ակտերի հիմքում ընկած ապացույցի մասին: Ապացույցը չի կարող իր ուժը կորցնել, նման ընթացակարգ գոյություն չունի, ապացույցը վիճարկվում է: Մեր կողմից վիճարկվող վարչական ակտերի հիման վրա բավականին տևական ժամանակ այնտեղ տեղի է ունեցել գործընթաց, այսինքն, այդ վարչական ակտերը հանգեցրել են որոշակի փաստական հետևանքների, և հիմա հնարավոր չէ ասել, որ ոչինչ տեղի չի ունեցել, քանի որ գոյություն ունի այլ իրավիճակ»:

Դատավոր Կարեն Զարիկյանն արձանագրեց, որ տվյալ պահին դատարանը չի գտնում, որ վեճն ըստ էության սպառված է և վիճարկվող ակտերն ուժը կորցրած են, հետևաբար, գործի քննությունը շարունակվում է:
Սայադ Բադալյանի պնդմամբ՝ Ամուլսարի ՇՄԱԳ հաշվետվությունը իրականացնելու գործընթացում ընկերությունը մի քանի միլիոն դոլար է ծախսել՝ ներգրավվելով մի շարք հեղինակային միջազգային փորձագետների և կազմակերպությունների: «Մենք կարծում ենք, որ հայաստանյան որևէ անհատ փորձագետ կամ հաստատություն օբյեկտիվորեն ի վիճակի չէ կատարելու նման մակարդակի աշխատանքի հետ համադրելի անգամ աշխատանք, և այդպիսի փորձագետների կամ հաստատությունների կողմից տրված եզրակացությունը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դնել ընկերության կողմից կատարված ՇՄԱԳ-ի և դրա հիման վրա բնապահպանության նախարարության կողմից տրված փորձաքննական եզրակացության արժանահավատությունը», - արձագանքեց «Լիդիան Արմենիա» ներկայացուցիչը:

Այնուհետև Սայադ Բադալյանը պնդեց, որ հայցվորների միջնորդությամբ առաջադրած հարցերը վերացական բնույթ են կրում, և ենթակա են մերժման:

Հայկ Ալումյանն արձագանքեց, որ փորձագետներին առաջադրված հարցերը տեղ չեն գտել տրված ՇՄԱԳ եզրակացության մեջ. «Վարչական ակտերը, որոնք մենք վիճարկում ենք, հիմնված են փորձաքննության եզրակացության վրա: Իրենք այդ հարցերին չեն անդրադարձել եզրակացության մեջ: Եթե բնապահպանական փորձաքննական եզրակացությունը ապացույց է, ընդ որում մեր դատավարական հակառակորդի կողմից ձեռք բերված ապացույց, ուրեմն մենք, ելնելով կողմերի հավասարության սկզբունքից, պետք է հնարավորություն ունենանք այդ նույն հարցերի վերաբերյալ ներկայացնենք մեր ապացույցը, իսկ փորձագետների հետ վիճել կարող է միայն փորձագետը»:

«Օրենքը հստակ ամրագրում է դրույթներ՝ ինչպես պետք է պետական մարմինը իրականացնի ՇՄԱԳ փորձաքննությունը: Որպեսզի մենք չշփոթենք և չմտածենք, որ այն փորձագետները, որոնց մենք ենք առաջարկում, պետք է հատուկ մեծ արժեք ունեցող փորձագետներ լինեն, որով կհավաստվի նրանց ձեռնահասությունը, բացարձակապես տեղին չէ: Մեր խնդիրն է այստեղ հստակ ասել, որ այն մարդիկ, ովքեր իրականացրել են պետական բնապահպանական փորձաքննություն, չեն ապահովել օրենքով սահմանված ընթացակարգերը և չեն անդրադարձել այն ռիսկերին, որոնք կարող է առաջացնել տվյալ հանքարդյունաբերական նախագիծը: Այն մասնագետները, ովքեր ընկերության համար իրականացրել են ՇՄԱԳ և հաշվետվություն են կազմել, նրանք օբյեկտիվորեն կարող են ներկայանալ ընկերության շահերից, և պետությունը հենց այն մարմինն է, որը պետք է հավասարակշռի: Եթե կա մասնավոր շահից բխող ինչ-որ հարց, որը չի համապատասխանում օրենքին, որը մեծ ռիսկեր է պարունակում սոցիալ-էկոլոգիական, պետությունը պետք է թույլ չտա, որպեսզի այդ նախագիծը իրականացվի: Մենք վիճարկում են պետական փորձաքննական եզրակացությունը, որը կոմպետենտ չի իրականացվել», - արձագանքեց հայցվոր կողմի ներկայացուցիչ, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը:

Դատավորը նշեց, որ փորձաքննություն դատարանի կողմից կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը կունենա կասկածներ փորձաքննության օբյեկտիվության կամ եզրակացության թերի լինելու վերաբերյալ:

Փաստաբան Հայկ Ալումյանն առաջարկեց հետաձգել գործի քննությունը, որպեսզի հայցվոր կողմը կարողանա դիմել և ստանալ մասնագիտական կարծիքներ: Ամուլսարի ՇՄԱԳ-ի վերաբերյալ անկախ փորձագետների կարծիքները հայցվորները կներկայացնեն հաջորդ դատական նիստին՝ մայիսի 15-ին, ժամը 11:00-ին:

Նշենք, որ դատական նիստին մասնակցելու էին եկել նաև բնապահպանները՝ «Ջուր, թե՞ ցիանիդ», «Ոչ Ամուլսարի հանքին» գրությամբ պաստառներով:

Ապրիլ 19, 2017 at 13:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր