Հանրային լսումները` Վազաշենում

Հանրային լսումները` Վազաշենում

ԷկոԼուր

Ապրիլի 26-ին Տավուշի մարզի Վազաշենի համայնքապետարանում տեղի ունեցան Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների հայտի երկրորդ հանրային լսումները:

«ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն նախատեսում է Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ և կապար որոնել և հաշվարկել դրանց պաշարները: Նախատեսվում է նաև ռադիոակտիվ տարրերի զանգվածային որոնում:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Անի Խաչատրյանը լսումները ձևական է համարում: «Վազաշենում հանրային լսում, որպես այդպիսին, չկայացավ: Բայց ամրագրեցին, որ եղել է, քանի որ մարդիկ մտել էին սենյակ: Ստացվում է՝ եթե մարդիկ մտել ու դուրս են եկել սենյակից, ուրեմն հանրային լսումը համարվում է կայացած: Բայց դա ճիշտ չէ: Ոչ մի իրազեկում չի արվել: Մարդիկ տեղյակ չեն հանքի ռիսկերից, ընդհանրապես ոչնչից տեղյակ չեն», - ասաց Անի Խաչատրյանը: Այնուամենայնիվ, ըստ նրա, Վազաշենի համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանի կողմից կազմվել է արձանագրություն լսումների կայացած լինելու մասին:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2014թ-ի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ հաստատված «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կ ա ր գ»-ի 20-րդ կետի համաձայն հանրային քննարկումների արձանագրության մեջ նշվում են քննարկումների վայրը, օրը և ժամը, մասնակիցների կազմը, ինչպես նաև քննարկումներում հնչեցված բոլոր դիտողություններն ու առաջարկությունները: Նշված որոշումը, սակայն չի կարգավորում հանրային լսումների մասնակիցների թիվը, հնչած կարծիքների հետ հաշվի նստելու մեխանիզմները, վերջնական որոշման ընդունման համար համայնքի բնակիչների դեմ և կողմ կարծիքների հարաբերակցությունը:

Կարգի 23-րդ կետի համաձայն` հանրային քննարկումների արձանագրությունը և տեսաձայնագրությունը ստանալուց հետո փորձաքննական կենտրոնը երեք աշխատանքային օրվա ընթացքում այն տեղադրում է իր պաշտոնական կայքում, մինչդեռ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում հանրային քննարկումների վերաբերյալ վերջին արձանագրությունը թվագրված է 2018թ-ի դեկտեմբերի 19-ով: Այսինքն, այս լսումների պարագայում խախտվել է ՀՀ կառավարության որոշման պահանջը:

«Ստացվում է, որ հանրային լսումները ֆիկտիվ բնույթ են կրում և ոչ մի ազդեցություն չեն ունենում որոշում կայացնելու վրա»,- ասաց Անի Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ այս հայտի 2-րդ հանրային լսումներ նշանակված էին դեռ սույն թվականի փետրվարի 27-ին, սակայն լսումները չկայացան Տավուշի բնակիչների բողոքի ակցիայի և ընկերության և ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչների չժամանելու արդյունքում: Այդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել էր «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի և բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Մարզպետը նշել էր, որ այս փուլում լսումները սխալ են, քանի որ շահագրգիռ կողմերը լիարժեք իրազեկված չեն: Դրանից հետո «Լրատվական» ռադիոյի եթերում մարզպետ Հայկ Չոբանյանը, ներկայացնելով Տավուշի զարգացման հեռանկարները, մաsնավորապես նշել էր. «Մենք հարուստ մարզ և հարուստ տավուշցի ունենալու համար հանքի կարիք չունենք»: 
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցույամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Մայիս 07, 2019 at 16:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր