Տավուշում ոսկու հետ նաև ռադիոակտիվ տարրեր կորոնեն

Տավուշում ոսկու հետ նաև ռադիոակտիվ տարրեր կորոնեն

«ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն նախատեսում է Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ և կապար որոնել և հաշվարկել դրանց պաշարները: Նախատեսվում է նաև ռադիոակտիվ տարրերի զանգվածային որոնում: Այս հայտի հանրային լսումները տեղի կունենան փետրվարի 27-ին` Տավուշի մարզի Վազաշենի համայնքապետարանում:

Հանքերևակման տեղամասը գտնվում է Գուգարաց լեռնաշղթայից դեպի արևելք ձգվող Վահագնի լեռնաճյուղի լանջերին՝ Աղստև գետի ստորին հոսանքի ավազանում, Վազաշեն համայնքի վարչական տարածքում:

Ըստ հայտի` ուսումնասիրության տարածքը թփուտապատ է, սակայն մակերեսային երկրաբանահետախուզական փորվածքները փորվելու են անտառազուրկ տարածքներում: Սակայն հայտի «Բուսական ծածկույթ» բաժնում նշվում է, որ Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման շրջանում տիրապետող են հաճարենու, կաղնու, բոխու լայնասաղարթ անտառները: Հայտով բացառվում է ծառերի և թփերի հատումը, ջրերի աղտոտումը: Պաշարների հաստատվելու դեպքում հանքաքարի արդյունահանումն իրականացնելու են ստորգետնյա եղանակով` բացառելով ծառահատումները:

Ուսումնասիրության նպատակով կկառուցվի 43 հորատման հարթակ, ընդհանուր՝ 1370 քառակուսի մետր մակերեսով: Նախատեսվում է հանքերևակման Կարմիր քարի, Ժանգոտ ձորի և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերում հորատել ընդհանուր 44 հորատանցք: «Դաշտային աշխատանքների ընթացքում պարբերաբար (15-20 օրը մեկ) նախատեսվում է իրականացնել ռադիոչափիչ (СРП-68-02) էտալոնացում և զգայունության ստուգում», - նշված է բնապահպանական փորձաքննության ներկայացված` «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ընկերության ծրագրում:

Վազաշենի համայնքապետ Լորիկ Բադիրյանը ԷկոԼուրին տեղեկացրեց, որ մինչ այս ընկերությունը Վազաշենում ոսկու որոնման աշխատանքներ իրականացնելու նպատակով թույլտվություն էր ստացել «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ» ՍՊԸ-ն, որը վնասել է անտառը:

Դեռևս 2018 թ-ին «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ընկերությունը հանրային քննարկումներ է անցկացրել Վազաշենում և ստացել համայնքի նախնական համաձայնությունը: Սակայն ՀՀ բնապահպանության նախարարության ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ից ԷկոԼուրին տեղեկացրին, որ իրենց մոտ այս ընկերությանը տրված բացասական եզրակացության վերաբերյալ փաստաթուղթ չկա:

ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 2017 թ. դեկտեմբերին հիմնադրվել է Կանադայի քաղաքացիություն ունեցող Վահագն Ժայռենց Գայայանի կողմից:

Լուսանկարը՝ www.aniarc.am

 

Սույն հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Փետրվար 20, 2019 at 17:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր