Քանի դեռ Սևանի մակարդակի իջեցման հարցը կա, «S.O.S. Սևան»-ը հնչելու է

Քանի դեռ Սևանի մակարդակի իջեցման հարցը կա, «S.O.S. Սևան»-ը հնչելու է

ԷկոԼուր

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը շարունակում է իր բողոքի ձայնը հնչեցնել Սևանա լճից հավելյալ 100 մլն խմ ջրբացթողումների դեմ: Նախաձեռնության անդամները Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում «Փրկենք Սևանը, քանի դեռ հնարավոր է» կարգախոսով թռուցիկներ տարածեցին, որում, մասնավորապես, նշված է. «Պնդումը, որ ավելացված ջրբացթողումները կծառայեն Արարատյան դաշտի գյուղացիների ոռոգման կարիքներին, փորձագետները «բլեֆ» են համարում...Արարատյան դաշտի ջրային պաշարների ճիշտ կառավարման դեպքում Սևանա լճից օրենքով սահմանված ջրբացթողումների քանակը՝ 170 մլն խմ, լրիվ բավարար է…գյուղացիները չեն կարողանում ոռոգել իրենց դաշտերը, որովհետև ՋՕԸ-երը ստիպում են ոռոգման ջուրը ստանալ պոմպերով և վճարել դրա համար...գյուղացիները, ովքեր օգտվում են արտեզյան ջրերից, Սևանի ջրի կարիքը չունեն... «S.O.S. Սևան»-ը կոչ է անում մասնակցել բոլոր միջոցառումներին՝ ուղղված Սևանա լճի փրկությանը»:
«Սևանի փրկության հարցը մեզ համար օրակարգային է, Սևանի գլխին վտանգը կախված է անընդհատ, և այս որոշումն ապացուցեց, որ Սևանի հետ կապված մենք դեռ շատ անելիքներ ունենք, - ասում է «Մարտունի ԻնֆոՏան» համակարգող Լիանա Հովհաննիսյանը, - Սևանը մեր ամենամեծ հարստությունն է, և բնակիչերը, ովքեր առաջինը պետք է օգուտ ստանային Սևանից, առաջին վնաս կրողն են: Քանի դեռ Սևանի մակարդակի իջեցման հարցը կա, «S.O.S. Սևան»-ը հնչելու է»:
Գեղարքունիքի մարզից նախաձեռնության անդամները նշում են, որ հենց իրենց տարածաշրջանում ոռոգման հարցը շատ սուր է դրված: Հողերը մշակել են, բանջարեղենը՝ ցանել, իսկ ոռոգման ջուր այդպես էլ չեն ստացել: Պատճառը չաշխատող պոմպակայաններն են, որի համար բնակիչները մեղադրում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ներքո գործող Ջրօգտագործողների ընկերություններին, որոնք ժամանակին չեն վերանորոգել և պատրաստել պոմպակայանները` բնակիչներին ոռոգման ջրով ապահովելու համար:

«Այսօր գյուղացին փաստի առաջ է կանգնած: Հուլիս ամիսն է, իսկ պոմպակայանները դեռ չեն աշխատում, ոռոգման ջուր չի հասնում բնակչի կարտոֆիլին, այսպիսի դաժան երաշտ մեր բնությունը դեռ չէր տեսել: Գեղհովիտը, Ներքին Գետաշենը, Աստղաձորը, Մարտունին...բնակիչներն ընդվզել են: Սա իրենց ամենածայրահեղ քայլն է, երբ դուրս են գալիս փողոց: Իսկ ի՞նչ են անում ՋՕԸ-երը, գյուղատնտեսության նախարարությունը…այսօր գյուղացին մնացել է անպաշտպան և անօգնական իր չորացած այգու դիմաց», - բարձրաձայնում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը:

«ԷկոԼուր»-ն այցելել է Ներքին Գետաշեն և Աստղաձոր համայնքներ, որտեղ բնակիչներն ի ցույց բողոքի փակել էին ճանապարհը, նկարահանել չորացած այգիները, լսել տեղացիների բողոքները: Մանրամասները «ԷկոԼուր»-ի հաջորդ հրապարակումներում:



16:49 Հուլիս 14, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news