

ԷկոԼուր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) չի կատարել օրենքի պահանջը եւ ՀՀ բնապահպանության նախարարությանը չի ներկայացրել Քաջարանի պղնձամոլիբենային հանքավայրի փակման ծրագիր: Այս մասին ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը: «Հայտնում եմ, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի և «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջների, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետք է ներկայացվի հանքավայրի փակման ծրագիրը, որտեղ պետք է ներառվի օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը: Այդ մասին ծանուցվել են ՀՀ տարածքում հանքային իրավունք կրող մի շարք կազմերպություններ, այդ թվում նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, սակայն մինչ օրս ընկերությունը փակման ծրագիր չի ներկայացրել: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2012թ. վճարել է 19935.2 հազար դրամ բնօգտագործման (ջրօգտագործման համար) և 22860.9 հազար դրամ բնապահպանական վճար»,- տեղեկացնում է բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարը:
Հիշեցնենք, որ ԷկոԼուրը սույն թվականի հունիսի 26-ին նամակով դիմել էր նախարարություն, որտեղ նշել էր, որ ԶՊՄԿ-ն ավելացրել է հանքարդյունահանման ծավալները, որ այդ կապակցությամբ հասարակական լսումների մասին տեղեկատվություն չկա: (Հարցումն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ):
Հուլիս 18, 2013 at 13:11
