Հրազդան գետի հարակից տարածքում մտադիր են սնդիկային լամպերի եւ ջերմաչափերի թափոններ պահել

Հրազդան գետի հարակից տարածքում մտադիր են սնդիկային լամպերի եւ ջերմաչափերի թափոններ պահել

ԷկոԼուր

«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն  մտադիր է իր տարածքում  արդյունաբերական թափոնների տեղամաս տեղադրել: Ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել արդյունաբերական թափոնների տեղադրման տեղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը: Տեղամասի վերաբերյալ հասարակական լսումների օրը դեռ հրապարակված չէ:

Ըստ հաշվետվության` «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն  գտնվում է Երևանի հյուսիսային մասում` «Արաբկիրե վարչական շրջանում, Հրազդան գետի բարձրադիր ձախ ափին, գետից նվազագույնը 300 մետր հեռավորության վրա:  Ձեռնարկության ընդհանուր տարածքը կազմում է 30,6476 հա: Բնակելի գոտին գտնվում է գործարանից 500 մ հեռավորության վրա: Ձեռնարկությունը մասնագիտացված է տարբեր հաստությունների հարթ ալյումինե փայլաթիթեղի արտադրության բնագավառում: Ընկերության արտադրական հզորությունն է՝ 25000 տ/տարի ըստ ալյումինե փայլաթիթեղի:

Թափոնների տեղամասում ընկերությունը պահելու է առաջինից մինչեւ հինգերորդ դասի վտանգավորության թափոններ: Առաջին դասի թափոններից պահվելու են բանեցված սնդիկային լամպեր, սնդիկային ջերմաչափեր, երկրրդ դասի վտանգավորության թափոններից բանեցված կապարե կուտակիչներ, երրորդ դասի վտանգավորության թափոններից` բանեցված զտիչ նյութեր, արդյունաբերական յուղեր, հիդրավլիկ յուղեր, չորրորդ դասի վտանգավորության թափոններից` ալյումինե խարամ, ալյումինե վառարանների աղյուսապատում, յուղոտված կտորեղեն և արտահագուստ, սև մետաղի ջարդոն, բրոնզի թափոններ, բանեցված դողածածկաններ, օդաճնշիչ խցիկներ, կարծրացած տարասեռ պլաստմասսաների խառնուրդների թափոններ, շինարարական աղբ, կենցաղային աղբ, հինգերրորդ դասի թափոններից` փրփրեցված պոլիէթիլենի թափոններ, մետաղական տակառներ: Թափոնների համար նախատեսված տարածքի չափը հաշվարկված է տասը տարվա կտրվածքով: Ընկերությունը թափոնների հիմնական զանգվածի պահման համար պլանավորվում է օգտագործել ձեռնարկության տարածքի հյուսիսային հատվածում գտնվող շուրջ 3300 քմ մակերեսով բաց տեղամասը։ Նախատեսված տեղամասը Հրազդանի կիրճի և հարակից տարածքներից սահմանազատված է շուրջ 3 մ բարձրությամբ բետոնե սալիկների պարսպով: Տեղամասը նախատեսվում է տրոհել 4 տարբեր հարթակների՝ տարբեր հատկություններով ու տարբեր տեսակի թափոնների պահման համար:

«Երևանը և հարակից շրջանները գտնվում են սեյսմիկ գոտում և համարվում են սեյսմիկ ռիսկի բարձր աստիճան ունեցող, առկա շերտանման գծերի երկայնքով: Տարածքում երկրաշարժերը կարող են հասնել Ռիխտերի սանդղակով 9-ի և ավելի ուժգնության և առավելագույն հորիզոնական արագացման` 0.4g-ի»,- այս մասին մասնավորապես գրված է հաշվետվության մեջ, սակայն գնահատված չէ սեյսմիկ ռիսկը եւ թե ինչ միջոցառումներ են նախատեսվում երկրաշարժի դեպքում:

Փետրվար 27, 2014 at 12:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր