

ԷկոԼուր
Լոռու մարզի Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրն արդեն մեկ ու կես տարի է` չի գործում, բայց չի դադարում աղտոտել շրջակա միջավայրը:
Ստեփանավան քաղաքից 7.5 կմ հեռավորության վրա գտնվող այս հանքավայրը 2011 թվականին սկսեց շահագործել «Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդ» ընկրությունը՝ ի դեմս «Սագամար» ՓԲԸ-ի: 2015թ-ին ընկերությունը բնապահպանական փորձաքննությանը ներկայացրեց Արմանիսի հանքի ընդլայնման ծրագիրը, ստացավ դրական եզրակացություն ու ինչ-ինչ պատճառներով դադարեցրեց հանքի շահագործումը՝ իր հետևից թողնելով թափոնների մի լեռ անմիջապես ճանապարհի վրա, որը կապում է հանքավայրը Ստեփանավան քաղաքին:
Ըստ Արմանիսի հանքավայրի ընդլայնման ծրագրի՝ հանքը պետք է շահագործվեր բաց եղանակով 7 տարի, և փակ եղանակով 26.6 տարի: Շահագործումից հետո, որպես բաց հանքի ֆիզիկական փակում, նախագծով նախատեսվել է բացահանքի եզրագծից 20-25մ հեռավորության վրա՝ վտանգավոր վայրերում, նախազգուշացնող նշանների, իսկ ամբողջ եզրագծով արգելապատնեշների տեղադրում: Արգելապատնեշ պետք է տեղադրվեր նաև բացահանքը սպասարկող ավտոճանապարհի վրա: Ստորգետնյա հանքի փակման ընթացքում բովանցքերի մուտքերը պետք է փակեին մետաղյա դռներով: Իսկ 83.4 հա մակերես զբաղեցնող լցակույտերը բացհանքի շահագործումը ավարտելուց հետո պետք է ծածկվեին 157.46 հազար մ3 ծավալով հողաբուսական շերտով:
«ԷկոԼուր»-ն այցելեց Արմանիսի հանքավայրի տարածք և առաջին անգամ իրականացրեց նկարահանում անօդաչու թռչող սարքով: Ակնհայտորեն երևում է, որ որևէ վերականգնման աշխատանք այդ տարածքում չի իրականացվել: Տեղումների հետ թունավոր թափոններից աղտոտվածությունը տարածվում է մոտակա հողերում, որտեղ հենց նկարահանման պահին գյուղացիներն արածեցնում էին իրենց անասուններին:
Արմանիսի հանքաքարում առկա է՝ ոսկի` 11350կգ, 0.84 գ/տ, արծաթ` 149998.4կգ, 11.1 գ/տ, պղինձ`145930.8 տոննա, ցինկ` 289456.7տոննա, կապար՝ 168901.4 տոննա:





![]() |
![]() |
Նոյեմբեր 25, 2016 at 16:33


