Հայաստանում առաջին անգամ ջրի վրա կկառուցվի լողացող արևային ֆոտովոլտային կայան

Հայաստանում առաջին անգամ ջրի վրա կկառուցվի լողացող արևային ֆոտովոլտային կայան

Հայաստանում առաջին անգամ ջրի վրա կկառուցվի փորձնական լողացող արևային ֆոտովոլտային կայան: Այն իր տեսակի մեջ առաջինն է լինելու նաև տարածաշրջանում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, 150 կՎտ հզորությամբ կայանի կառուցման համար հայ և ֆրանսիացի մասնագետները դիտարկում են 3 տարբերակ՝ Երևանյան լիճը, Ապարանի և Ազատի ջրամբարները: Կայանի արտադրությունը կարող է կազմել շուրջ 250 հազար կՎտժ/տարի:

Կայանի կառուցումը նախատեսված է «Հայաստանում առաջին Արևային լողացող կայանի զարգացման ծրագրի» շրջանակներում, որը համատեղ իրականացնում են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և ֆրանսիական Տրանսէներգիա (TRANSENERGIE) ընկերությունը: Ծրագիրը մեկնարկել է սույն թվականի մարտի 1-ին:

Հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է գերմանական «Baywa» ընկերության կողմից Նիդեռլանդներում գտնվող 27,4 ՄՎտ հզորությամբ «Bomhofsplas» լողացող արևային էլեկտրակայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրության նախնական արդյունքների մասին տեղեկատվություն, որի համաձայն՝ որևէ նշանակալի բացասական ազդեցություն լճի բուսական և կենդանական աշխարհի վրա չի արձանագրվել:

«Հայաստանում առաջին Արևային լողացող կայանի զարգացման ծրագրի» շրջանակներում Երևանյան լճի տարածքում աշխատանքներ իրականացնելու համար Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանն արդեն իսկ համագործակցության հուշագիր են ստորագրել:

Ծրագրով նախատեսվում է նաև Երևանի քաղաքապետարանի կողմից հատկորոշված մանկապարտեզներից մեկում իրականացնել վերականգնվող էներգետիկայի ծրագիր՝ տեղադրելով էլեկտրաէներգիայի արտադրության ֆոտովոլտային կայան:

Լուսանկարը՝ www.r2e2.am

Հուլիս 01, 2021 at 17:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր