Նախատեսվում է բարելավել Սևանի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքները

Նախատեսվում է բարելավել Սևանի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքները

ԷկոԼուր

Փետրվարի 20-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Կառավարության նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ նպատակներից է Սևանի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքների բարելավումը: Համաձայնագրի այս բաղադրիչը համակարգելու է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին. «Մտածում էինք, որ խորհրդային ժամանակների կոլեկտորի գաղափարը կփորձենք վերակենդանացնել, բայց, ինչպես հասկանում եմ, շատ ավելի արդյունավետ լուծումներ կան: Հիմա Սևանի ջրերի մաքրման մեր հայեցակարգային պատկերացումը ո՞րն է»:

Ի պատասխան Էրիկ Գրիգորյանն ասաց. «Ճանապարհային քարտեզ է մշակվել՝ բազմաթիվ գործողություններով, ներառյալ քաղաքային և գյուղական համայնքներից կեղտաջրերի նվազեցման, համադրված նաև աղբավայրերի չլինելով, որ որոշ տեղերում այդ աղբը լցվում է գետերը: Ամբողջ ճանապարհային քարտեզը գործողություններով մշակվել, ներկայացվել է մեր գործընկերներին: Այս պահին Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների համար նախնական ուսումնասիրությունը կատարվել է, ներկայացվել Ձեր աշխատակազմ, որտեղ կան մեխանիկական մաքրման կայաններ, կենսաբանական մաքրման բաղադրիչ է ավելացվելու: Տարածքային կառավարման նախարարության մեր գործընկերների թիմն աշխատում է: Բայց այն ծրագիրը, որ կոլեկտորը շրջանաձև իրականացվի, չի քննարկվում:
Նաև «Վեոլիա»-ին ենք ներգրավել, «Վեոլիա»-ն էլ իր միջազգային ինժեներներին է ներգրավել: Այս պահին ունենք նաև ծրագիր, որ կրկին ուսումնասիրություն է կատարվում, որի վերջում կտան լուծումների փաթեթ, թե ինչպես ենք տեսնում կեղտաջրերի մուտքի նվազեցումը»:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ պետք է լուծել խնդիրը՝ նշելով. «Սևանը ռազմավարական նշանակության հարց է»:

Փետրվար 20, 2020 at 17:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր