Հայանիստի բողոքի ակցիայից հետո «Վեոլիա ջուր» ընկերությունը խոստացել է լուծել Գետաշեն թաղամասի ջրի խնդիրը

Հայանիստի բողոքի ակցիայից հետո «Վեոլիա ջուր» ընկերությունը խոստացել է լուծել Գետաշեն թաղամասի ջրի խնդիրը

ԷկոԼուր

Ապրիլի 2-ին Արարատի մարզի Հայանիստ համայնքի Գետաշեն թաղամասի բնակիչները փակել են Երևան-Հայկաշեն-Էջմիածին-Մասիս խաչմերուկը՝ պահանջելով հրատապ լուծում տալ իրենց ջրի խնդրին: Ինչպես ԷկոԼուրին հայտնեց Հայանիստի համայնքապետ Բալաբեկ Սարկիսյանը, բնակիչների հետ հանդիպման են մեկնել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փոխմարզպետ Արթուր Մկրտչյանը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Լևոն Գրիգորյանը:

Շուրջ 30 տարի Հայանիստ համայնքի Գետաշեն թաղամասի շուրջ 171 տնտեսություն ջրի խնդիր ունեն: Թաղամասի բնակիչները երկար տարիներ խմելու և ոռոգման նպատակով ջուրը վերցրել են մոտակա արտեզյան հորից` առանց երբևէ ստուգելու այդ ջրի որակը և ազդեցությունը մարդու առողջության վրա: 2012թ-ին «Save the children» կազմակերպության աջակցությամբ Գետաշեն թաղամասի համար կառուցվել է 2.8 կմ երկարությամբ ջրագիծ՝ երեք ծորակներով, որի միջոցով թաղամասի համար ջուր է բերվել Արմավիրի մարզի Ոսկեհատի ջրամբարից: Ըստ համայնքապետ Բալաբեկ Սարկիսյանի` մի քանի տարի անց ծորակները փչացել են, ինչի պատճառով Հայանիստի համայնքապետարանը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ պայմանավորվել է դադարեցնել պայմանագիրը Գետաշեն թաղամասի ջրամատակարարման վերաբերյալ` հետագայում այնտեղ ներքին ցանց կառուցելու պայմանով:

ԷկոԼուրի թիմը ակցիայից 2 օր առաջ եղավ Հայանիստում` ծանոթանալու Հայանիստի ջրի խնդրին և մարդկանց իրազեկելու իրենց իրավունքների մասին: Հայանիստցիները հանդիպման ընթացքում ԷկոԼուրին տեղեկացրեցին, որ Գետաշեն թաղամասի բնակիչների 70-80 տոկոսը տարեց մարդիկ են, նրանց համար դժվար էր 1 կմ գնալ` ծորակից ջուր բերելու համար: 2018թ-ին  ՀՀ կառավարության աջակցությամբ Գետաշեն թաղամասում կառուցվել է ներքին ցանց՝ 10,5 միլիոն դրամ արժողությամբ: Սակայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հրաժարվել է սպասարկել թաղամասում կառուցված ջրի ներքին ցանցը՝ պատճառաբանելով, թե մինչ ցանցի կառուցումը համայնքը պետք է նախապես դիմեր իրենց, տեխնիկական պայման ու թույլտվություն ստանար: Նաև պատճառաբանել է, որ Ոսկեհատի ջրամբարում բավականաչափ ջուր չկա` թաղամասը ջրով ապահովելու համար: Հայանիստի համայնքապետ Բալաբել Սարկիսյանը տեղեկացրեց, որ դեռևս 2012թ-ին համայնքը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից ստացել է ներքին ցանցի կառուցման համար տեխնիկական պայման («Հայջրմուղկոյուղու» կողմից կնքված բոլոր փաստաթղթերը առկա են համայնքապետարանում), ըստ որի էլ կառուցվել է համակարգը: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն, լինելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի իրավահաջորդը, պարտավոր է սպասարկել Գետաշեն թաղամասում կառուցված ջրամատակարարման ցանցը:

ԷկոԼուրի ֆոտոխցիկը ֆիքսեց, որ պնդումները, թե Ոսկեհատի ջրամբարում բավականաչափ ջուր չկա, չի համապատասխանում իրականությանը: Ջրամբարի ջուրն այնքան շատ էր, որ ավելցուկային կետից հոսում էր առվի մեջ, բայց բնակիչներին չի տրվել:

Սույն թվականի փետրվարի 25-ին գետաշենցիները նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ներկայացնելով իրենց համայնքում առկա ջրի խնդիրը և իրենց թաղամասի այլ խնդիրներ ևս: «Պարոն Փաշինյան, մենք կարող ենք ճանապարհներ փակել, դասադուլ, հացադուլ հայտարարել, գնալու ենք մինչև վերջ: Այլևս մեզ ոչինչ չի կանգնեցնի, հոգնել ենք, ձանձրացել այս անմարդկային վերաբերմունքից», - նամակում մասնավորապես գրել էին գետաշենցիները:

Բողոքի ակցիայի ժամանակ «Վեոլիա Ջուր» ընկերությունը համաձայնվել է ապահովել Գետաշենի թաղամասի ջրամատակարարումը։

Սույն նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Ապրիլ 08, 2019 at 16:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր