Շատին. առանց ղեկավարի և առանց ջրի գյուղը

Շատին. առանց ղեկավարի և առանց ջրի գյուղը

ԷկոԼուր

Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին գյուղը հայտնվել է քաղաքական և բնապահպանական լուրջ խնդիրների առջև: 1800 բնակչությամբ գյուղն արդեն 2 ամիս չունի համայնքի ղեկավար: Խոշորացված Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանին գյուղացիները որպես ղեկավար չեն ընդունում, փակել են գյուղապետարանի դուռը և թույլ չեն տալիս նրան մուտք գործել այդ շենք: Գյուղապետարանի շենքը հսկում են օրը 24 ժամ: Ցուցարար բնակիչների խոսքով` Արթուր Ստեփանյանը համայնքապետ ընտրվել է կեղծ ճանապարհով, շրջանի մեծահարուստների աջակցությամբ:

«Երբ Երևանում հեղափոխությունն արվեց, մենք այստեղ պետք է դա զգայինք: Արդեն 2 ամիս է գիշեր-ցերեկ փակել ենք գյուղապետարանի շենքը, բայց ոչ ոք չի լուծում մեր հարցը, - ասացին Շատինի բնակիչները և շարունակեցին, - ունեինք երիտասարդ գյուղապետ, ով ուզում էր մանկապարտեզը սարքեր, գյուղի ոռոգման առուները կարգի բերեր, չթողեցին աշխատի: Խոշորացումից հետո համայնքի ղեկավար դարձավ Արթուր Ստեփանյանը: Մի գյուղապետը 12 գյուղ չի կարող կառավարել: Եթե գյուղապետը գյուղից չեղավ, ինքը չի հասկանա` ինչ անել: Խոշորացված համայնքում կա 88 աշխատող, մի նախագահի աշխատակազմից շատ: Մենք վստահ ենք, որ այդ հաստիքացուցակի մեջ կոռուպցիա կա: Մարդիկ կան, չգիտենք էլ ով են, որտեղից են: Հիմա մենք պահանջում ենք Արթուր Ստեփանյանի հրաժարականը»:

Բողոքի հետքերով դեռ հունիսի սկզբին Շատին էր այցելել Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Սակայն խնդիրը լուծում չէր ստացել:

Այսօր առանց ղեկավարի գյուղը մնացել է նաև առանց ջուր: Շատինը ընդգրկված չէ ոռոգման համակարգի մեջ, Ջրօգտագործող ընկերության հետ չի համագործակցում, ջուր վերցնում է Եղեգիս գետից և նրա վտակներից` առուների միջոցով: Ջրային կոնֆլիկտները Շատինում առաջացել են այն ժամանակներից, երբ Եղեգիս գետի վրա կառուցվեցին բազմաթիվ փոքր ՀԷԿ-եր:

«Հայաստանի քարտեզի վրա պետք է գրել «Եղեգիս` երկաթյա գետ», ամբողջը գետը խողովակների մեջ է…4 վտակ է հոսում մեր գյուղի միջով, բայց մենք ջուր չունենք, որ մեր հողամասը ջրենք, գոնե ամռանը փակեն, ջուր տան գյուղացուն… 100 տոկոսով վնասաբեր են ՀԷԿ-երը, խախտված են հակասանիտարական նորմերը, ամառվա սեզոնին գետերը լրիվ ցամաքում են, կլիման փոխվել է, օդի խոնավության տոկոսը պակասել է, գետի շրջակա միջավայրը չորանում է, իսկ ձուկն ընդհանրապես վերացել է…Միայն մենք չէ, Արատես, Հերմոն, Եղեգիս, Հորբատեղ գյուղերն էլ ջուր չունեն ՀԷԿ-երի պատճառով…Հանրային քննարկումներ չեն եղել, ընդամենը մեկ մարդու ցանկությամբ է որոշում կայացվել. գյուղապետն է որոշել և համաձայնություն տվել ՀԷԿ-երի կառուցման համար», - ԷկոԼուրին բողոքեցին շատինցիները:

Բնակիչներից մեկը նշեց, որ չի ցանկանում ՀԷԿ-երի հասցված վնասները կոմպենսացվեն սոցիալական աջակցության միջոցով. «Ինձ սոցիալական խնդիր լուծել պետք չէ, երբ խոսքը գնում է ջրի, ձկան մասին: Ո՞ւմն է պետք իրենց գումարը, երբ մի ամբողջ գետ են վարի տալիս, ջուր անելու ժամանակ ժողովուրդը բահով իրար դեմ են դուրս գալիս: Հենց գյուղապետ դրա համար էլ պետք է, որ կարգավորի այս հարցերը»:

Շատինի բնակիչը պատմեց, որ 10 տարի առաջ Եղեգիս գետի ակունքում, որտեղ բազմաթիվ աղբյուրներ են միավորվում, մեկնարկել էր խմելու ջրի ջրատարի կառուցում: Ջուրը պետք է ուղղվեր Եղեգնաձոր քաղաք: Սակայն շինարարությունը կիսատ է մնացել: Ըստ բնակչի` այն կանգնեցվել է հետագայում ՀԷԿ-եր կառուցելու նպատակով:

Նշենք, որ ԷկոԼուրի փորձագիտական խմբի կողմից 2014-2018 թթ-ին անցկացված փոքր ՀԷԿ-երի մոնիտորինգի արդյունքները ցույց տվեցին, որ Եղեգիս գետը և նրա Արտաբույնք, Կարակայա, Այսաս և Քարագլուխ վտակները ծանրաբեռնված են փոքր ՀԷԿ-երով, որոնք գետի ողջ երկայնքով ձևավորել են կասկադներ: Եղեգիս գետի և նրա վտակների վրա շահագործվում է 18 փոքր ՀԷԿ: Եղեգիս գետ՝ «Եղեգիս-1» ՓՀԷԿ, շահագործող` «Բազենք» ՓԲԸ, «Եղեգնաձոր» ՓՀԷԿ, շահագործող` «ՄԻՆԱ-ՄԱՅԱ» ՍՊԸ, «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ, շահագործող «ՄԻՆԱՄԱՅԱ» ՍՊԸ, «Գողթանիկ» ՓՀԷԿ, շահագործող` «Հ.Հ.Ն.Մ.Ս.» ՍՊԸ, «ԵՂԵԳԻՍ-3» ՓՀԷԿ, շահագործող` «ՍՅՈՒՆՅԱՑ ՎՈԹԸ» ՍՊԸ, «Եղեգիս-2» ՓՀԷԿ, շահագործող` «ՌԱԵԼ ԳէՍ» ՍՊԸ, «Եղեգիս» ՓՀԷԿ`շահագործող «Էլեգիս ՀԷԿ» ՍՊԸ, «Եղեգ» ՓՀԷԿ, շահագործող` «ԵՂԵԳՀԷԿ» ՍՊԸ, «Խաչի քար» ՓՀԷԿ, շահագործող «ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ, «Տիգրան Մեծ» ՓՀԷԿ, շահագործող` «ՌՈՒՍ ԸՆԴ ՀԱՐ» ՍՊԸ Եղեգիս գետի Արտաբույնք վտակ՝ «ՍՈՒՐԲ ԱՂԲՅՈՒՐ» ՓՀԷԿ, շահագործող` «ՍՈՒՐԲ ԱՂԲՅՈՒՐ» ՍՊԸ, «Վայոց» ՓՀԷԿ, շահագործող` «ՍՈՒՐԲ ԱՂԲՅՈՒՐ» ՍՊԸ Եղեգիսի գետի Կարակայա վտակ՝ «ՍԱՆՌԱՅԶ» ՓՀԷԿ, շահագործող «ՍԱՆՌԱՅԶ ԷԼԵԿՏՐԻԿ» ՓԲԸ, «Վարդահովիտ» ՓՀԷԿ, շահագործող «ՎԱՐԴԱՀՈՎԻՏ» ՍՊԸ Կարակայա գետի և նրա աջակողմյա վտակ՝ «Կարակայա» ՓՀԷԿ, շահագործող` «ՀԱԿ ՀԷԿ» ՍՊԸ. Կարակայայի գետի Այսաս վտակ՝ «Հերմոն» ՓՀԷԿ, շահագործող` «Էլեգիս ՀԷԿ» ՍՊԸ, «Նանե» ՓՀԷԿ, շահագործող` «ԱՐԱՏԵՍ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ:

Եվս 3 փոքր ՀԷԿ գտնվում է կառուցման փուլում, իսկ 1 ՓՀԷԿ կառուցված է ոռոգման համակարգի վրա, որը ջուրը վերցնում է գետից: Այս շատ մեծ ծանրաբեռնվածությունը առաջացնում է մեծ խնդիրներ, որոնք հանգեցնում են գետում ջրի կորստին, ձկնաշխարհի ոչնչացմանը, այդ թվում` էնդեմիկ և կարմիրգրքյան տեսակների, միկրոկլիմայի փոփոխությանը, ջրի ֆիզիկաքիմիական հատկությունների փոփոխությունների: Այս ամենը, ի վերջո, գետի ողջ էկոհամակարգի համար կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:

ԷկոԼուրը հանդիպեց Շատինի վարչական տարածքում «Եղեգ ՀԷԿ» ՓՀԷԿ-ը շահագործող «Եղեգ ՀԷԿ» ՍՊԸ-ի տնօրեն Հրաչ Վարդանյանի հետ: «Մեր գլխամասային հանգույցից հետո գյուղի ոռոգման կանալն է: Ամեն տարի գյուղացիները հավաքվում, դամբա են սարքում, որ ջուրը գնա իրենց կանալով», - ասաց Վարդանյանը և հավելեց, որ ՓՀԷԿ-ի խողովակաշարից ոռոգման ջուր է տալիս գյուղին` 50-60 լ/վրկ:

Նրա կարծիքով` ոռոգման համակարգը նորմալ չի կառավարվում: «Ամբողջ գետի ջուրը վերցնում են, մի գետից վերցնում, բաց են թողնում մյուսը: Մեր գետը բավականին խեղճ վիճակում է, տարեցտարի սակավաջրությունը զգում ենք: Երբ սակավաջուր է, ոռոգումը պետք է դոտացիա ուզի պետությունից, Կեչուտի ջրամբարից ջուր տան: Լինում է, տալիս են, բայց քիչ:

Նախագծային հզորությամբ միայն փետրվարի 20-ից մինչև մայիս ամսվա վերջ ենք աշխատում: Անցյալ տարի մեկ ամիս ընդհանրապես չեմ աշխատել, 10 օր առաջ նորից փակել եմ, 3-4 օր առաջ` միացրել: 100-120 կվտ/ժ ենք արտադրում, ծիծաղելի թիվ է, բայց որ չփակեմ, Շատին գյուղին ջուր չի հասնի: 600 լ/վրկ իմ թողքն է, եթե գետում քիչ ջուր լինի, հակասանիտարական վիճակ կառաջանա», - ասաց Հրաչ Վարդանյանը:

ԷկոԼուրի փորձագիտական խումբը 2015 թ-ին հանդես է եկել առաջարկություններով: Դրանց հիման վրա ՓՀԷԿ-ի ղեկավարությունը կատարել է որոշակի փոփոխություններ, այդ թվում` կառուցվածքային:

«Ձկնանցարանը վերակառուցել ենք` երկարացրել ենք, ջուրն էլ մշտական հոսում է: 1000 կվտ-անոց չինական նոր ագրեգատ ենք տեղադրել: Հիմա չի աշխատում, ջուր չկա, բայց գարնան ամիսներին աշխատացրել ենք, ավելի քիչ ջուր է ծախսում: Գլխամասային հանգույցում 3 տարվա ընթացքում 58 ծառ ենք տնկել, այն դեպքում, որ խողովակաշարերն անցկացնելուց ոչ մի ծառ չենք հատել: Նաև կայանի տարածքում ենք տնկել 32 ծառ, - ասաց Հրաչ Վարդանյանը և հավելեց, - ջրաչափ գետի վրա դնել հնարավոր չէ, էկո թողքի բաց թողման չափաքանակի ոչ մի նորմ չկա: Մեր խողովակի վրա կարող ենք դնել, բայց գետի ջուրը ոչ ոք չի կարող չափել: Չափորոշիչներով սարք կա, արժի 25.000 դոլար: Ժամանակին խոսք գնաց բնապահպանության նախարարությունում, որ պետք է ՀԷԿ-երն ունենան, բայց անիմաստ է բոլոր ՀԷԿ-երն ունենան, ստուգողները պետք է այն ունենան»:

ՓՀԷԿ-ի տնօրենը նշեց, որ կողմ է էկոանձնագրավորմանը, կցանկանար օգտվեր խրախուսական մեխանիզմներից:

Օգոստոս 14, 2018 at 19:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր