Երևանի աղբավայրի վարկային պատմությունը

Երևանի աղբավայրի վարկային պատմությունը

ԷկոԼուր

Ո՞ւմ շահերին է ծառայում Նուբարաշենի աղբավայրի նոր վարկային ծրագիրը, բավարարում է արդյո՞ք Երևանի բնակիչների պահանջներին և մենք ի՞նչ կունենանք, երբ ծախսված կլինի 26 միլիոն եվրոն: Այս հարցերը բարձրացվեցին «Աղբը փողի դիմաց. Երևանի կոշտ կենցաղային թափոնները» ծրագրի քննարկման ժամանակ՝ ապրիլի 14-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում:

Մասնակիցերին ներկայացվեց «ԷկոԼուր»-ի կողմից նկարահանված «Երևանի աղբավայրի վարկային պատմությունը» սոցիալական տեսանյութը, որտեղ Երևանի կոշտ թափոնների ծրագիրն իրականացնող Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը ներկայացնում է Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, իսկ «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանի համոզմամբ՝ ծրագիրը պետք է սկզբունքորեն վերանայվի, որպեսզի մենք աստիճանաբար հրաժարվենք աղբավայրից՝ որպես այդպիսին:

Երևանի կոշտ թափոնների ծրագիրով, նախատեսվում է, մասնավորապես, Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ նոր աղբավայրի կառուցում, վերջինիս համար մասնագիտացված տրանսպորտային միջոցների և սարքավորումների գնում, գոյություն ունեցող աղբավայրի տարածքում մակերեսի մեկուսացում:

Քննարկման ժամանակ «Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը նշեց, որ Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման ծրագիրը մտահոգություն է առաջացնում, քանի որ չի լուծում թափոնների օգտահանման /ուտիլիզացիա/ խնդիրը:

Էներգետիկայի ոլորտի փորձագետ Ռուբեն Մուրադյանը նշեց, որ աղբի կառավարման ծրագիրը պետք է աշխատի հետևյալ սկզբունքով. «Մուտքը՝ աղբ, ելքը՝ էներգիա»:

Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը ներկայացրեց Նուբարաշենի աղբավայրում հենց այս սկզբունքով աշխատող ճապոնական «Շիմիզու» ընկերության կենսագազի օգտահանման ծրագրի նախապատմությունը: Քննարկման մասնակիցները նշեցին, որ տարիներ շարունակ Նուբարաշենի աղբավայրում պարզապես այրվում է կուտակված մեթան գազը, և մենք` բոլորս, կորուստ ենք կրում, քանի որ զրկվել ենք էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունից: Խնդիրը նրանում է, որ «Շիմիզու» ընկերությանը մերժեցին օգտագործել աղբավայրի ամբողջ տարածքը՝ տրամադրելով միայն 7 հեկտար, և նաև մերժեցին կենսագազից էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությունը:
Նշվեց, որ նոր աղբավայրի կառուցման վարկային ծրագրի ամենամեծ բացթողումը տեսակավորման և վերամշակման բաղադրիչների բացակայությունն է: Ստացվում է, որ 30 տարի պարզապես կուտակվելու է աղբ: Կլոր սեղանի ժամանակ արված առաջարկությունները կուղարկվեն շահագրգիռ կողմերին՝ այդ թվում այդ ծրագրի ներդրողներին:

26 միլիոն եվրո արժողությամբ Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի իրականացման համար 16 միլիոն եվրո տրամադրում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրոպական ներդրումային բանկը: Եվս 10 միլիոն դրամաշնորհի տեսքով տրամադրում են Եվրոպական Միությունը և Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և Շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամը:

Քննարկումը կազմակերպել էր «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի աջակցությամբ:



18:40 Ապրիլ 14, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news