Մեկնարկում է ժամկետանց թունաքիմիկատների լիկվիդացման ծրագիրը

Մեկնարկում է ժամկետանց թունաքիմիկատների լիկվիդացման ծրագիրը

ԷկոԼուր

Մայիսի 26-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ստորագրեցին «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացումը և քիմիկատների կայուն կառավարման շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչներով (POPs) աղտոտված տարածքների խնդիրների կարգավորումը Հայաստանում» ծրագրային փաստաթուղթը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ծրագրի շրջանակներում լիկվիդացվելու են Նուբարաշենի գերեզմանոցում տեղադրված ԿOԱ-ի թափոնները, ինչպես նաև հանրապետության 24 տարբեր տարածքների պահեստարանների մնացորդային ժամկետանց թունաքիմիկատները: Ընդհանուր առմամբ, էկոլոգիապես անվտանգ եղանակներով կոչնչացվեն 1,050 տոննա ԿՕԱ և այլ ժամկետանց թունաքիմիկատներ և կվնասազերծվի բարձր աղտոտվածությամբ 7,100 տոննա հող: Եվս 12,700 տոննա ավելի ցածր մակարդակի աղտոտվածություն ունեցող հողային զանգված կպարփակվի անվտանգ եղանակով:

«Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ կառավարությունը պարբերաբար գումարներ է հատկացրել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգությունն  ապահովելու և գերեզմանոցի կոնսերվացման աշխատանքներն  իրականացնելու համար, այնուամենայնիվ այն մնում է որպես վտանգավոր օբյեկտ շրջակա միջավայրի և մարդու առողջության համար, քանի որ գտնվում է մի կողմից՝ ակտիվ սողանքային գոտում, իսկ մյուս կողմից՝ կառուցվել է 80-ական թվականներին առանց տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրության և պահանջվող տեխնիկական նորմերի կիրառման: Արդեն ժամանակն է վերջնական լուծում տալու երկրում առկա ժամկետանց թունաքիմիկատների ոչնչացման հիմնախնդրին, այսինքն՝ լիկվիդացնելու Նուբարաշենի գերեզմանոցում տեղադրված թափոնները, վնասազերծելու և վերականգնելու թունաքիմիկատներով աղտոտված տարածքները, որին և ուղղված է սույն ծրագիրը: Այն կնպաստի մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ժամկետանց թունաքիմիկատների անբարենպաստ ազդեցության կանխարգելմանը»: Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը առաջարկում է եղած ժամկետանց պեստիցիդները տեղափոխել երրորդ երկիր, որտեղ համապատասխան տեխնոլոգիաներվ իրականացվի այրում և վնաս չհասցվի շրջակա միջավայրին»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

«Հաշվի առնելով բոլոր գործընկերների՝ կառավարության համապատասխան մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև ձևավորված փոխգործակցության ոգին, համոզված ենք, որ այս կարևոր, բայց և բարդ ծրագիրը հաջողությամբ ավարտին կհասցնենք: Ճկունությունը և նորարարությունը պետք է դառնան հիմնական ուղենիշներ ծրագրի իրականացման ընթացքում որոշումների կայացման համար», - իր ելույթում նշեց Բրեդլի Բուզետտոն:

Ծրագրի տևողությունն է 4 տարի, և իրականացման համար Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (ԳԷՀ) հատկացրել է 4.7 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ, սակայն պահանջվում է նաեւ համաֆինանսավորում:

Հայաստանի Հանրապետությունը 2003թ. հոկտեմբերի 22-ին վավերացրել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիան՝ ստանձնելով մի շարք պարտավորություններ: Կոնվենցիայի դրույթների համաձայն` Հայաստանը ստանձնել է պարտավորություն մինչև 2025 թվականը ոչնչացնել երկրում առկա ժամկետանց քլորօրգանական թունաքիմիկատները, մասնավորապես՝ լիկվիդացնել Նուբարաշենի թունաքիմիկատների գերզմանոցում տեղադրված և հանրապետության այլ վայրերում պահպանված կայուն օրգանական նյութեր պարունակող վտանգավոր թափոնները:

14:19 Մայիս 27, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news