Էտ, թե՞ ծառահատում

Էտ, թե՞ ծառահատում

ԷկոԼուր

ԷկոԼուրը Երևանի Պարույր Սևակ փողոցի բնակչից ահազանգ է ստացել հոկտեմբերի 25-ին Երևանի քննչական վարչության բակում ծառահատում իրականացնելու վերաբերյալ:
«Պատշգամբից տեսա, թե ինչպես են կտրում կանաչ ծառը: Հողին հավասարեցրին նաև նախկինում կտրած ծառերի կոճղերը և բոլորը ծածկեցին հողով: Երևանի քաղաքապետարանի թեժ գծից ինձ հայտնեցին, որ հատված ծառը փտած է եղել և վտանգ է ներկայացրել, դրա համար էլ իրականացվել է ծառահատում: Չեմ կարծում, որ կանաչ և երիտասարդ ծառը փտած լիներ: Առանց այն էլ մեզ մոտ ծառերը քիչ են, շատ եմ ափսոսում յուրաքանչյուր ծառի կորստի համար»,-ասաց Երևանի բնակչուհին` էկոԼուրին տրամադրելով լուսանկարներ և տեսանյութեր:

ԷկոԼուրն ահազանգի կապակցությամբ դիմեց ՀՀ քննչական կոմիտե: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց. «Երևանի քննչական վարչությունը հետևողական է իր տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքների նկատմամբ: Անցած մեկ ու կես տարվա ընթացքում, ինչ շենքը հատկացվել է վարչությանը, շուրջ 400 ծառ և թուփ է տնկվել` ապահովելով նրանց պատշաճ մշակումը: Զուգահեռ խնամվում են ավելի մեծ տարիք ունեցող ծառերը: Համապատասխան մասնագետների կողմից կատարվել են էտման աշխատանքներ` ծառերի հետագա նորմալ աճը ապահովելու համար: Որևէ հատում չի իրականացվել: Ահազանգողին հրավիրում ենք նշված տարածք` տեղում ծանոթանալու իրականացված կանաչապատման աշխատանքներին»:



Հոկտեմբեր 27, 2017 at 18:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր