Ահազանգ` Սևանա լիճը բռնել է ճահճացման ճանապարհը

Ահազանգ` Սևանա լիճը բռնել է ճահճացման ճանապարհը

ԷկոԼուր

«Սևանա լճի ծաղկումը խոսում է այն մասին, որ լիճը բռնել է ճահճացման ճանապարհը: Սևանա լիճը ծաղկեց 1964 թվականից սկսած, 2-3 տարին մեկ, բայց ոչ այս աստիճանի, ինչ որ այս տարի: Արդեն դա գագաթնակետն է»,- այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:

Լճի ծաղկելը նա պայմանավորում է մի քանի գործոններով` կենսաբանական, քիմիական մաքրման կայանների բացակայություն, որոնք շարքից դուրս են եկել Խորհրդային Միության փլուզումից հետո, լճի մակարդակի իջեցում և բարձր ջերմաստիճան:

«Հիմա մաքրման կայաններ որոշ քաղաքներ ունեն, բայց հիմնական մաքրումը միայն մեխանիկական է, իսկ դա շատ քիչ է, և փաստորեն մենք անընդհատ լճին տրամադրում ենք օրգանական նյութեր, բիոօրգանիկա, որը կարծես պարարտանյութ է այդ կապույտ, կանաչ ջրիմուռների աճի համար: Շատ կարևոր է ջրի մակարդակը, մենք ժամանակին մեծ ուսումնասիրություն ենք իրականացրել և ինքներս էինք զարմանում, թե ինչպես է լիճն արձագանքում մակարդակի բարձրացմանը և իջեցմանը: Բարձրացման պարագայում մոտ մեկ տարի հետո արդեն ֆիքսվում է ջրի որակի լավացում, և հակառակը: Երբ մակարդակը բարձրացնում ես, նա մոտենում է իր բնականոն պայմաններին և ինքնամաքրման գործընթաց է գնում: Մինչև 2012 թվականը մենք քայլ առ քայլ լիճը բարձրացնում էինք, և չնայած լիճն ընդունում էր այդքան կեղտաջրեր, ափերը լավ չէին մաքրվում լճի բարձրանալու հետ, ջրի որակը գնալով լավանում էր բոլոր ցուցանիշներով: 2012 թվից հետո 3 անգամ ջրի մակարդակն իջեցրել ենք 3-ից 5 սմ մոտավորապես: Եվ լճում, փաստորեն մի քանի իրավիճակ է ստեղծվել` մակարդակի իջեցում, ջրի որակի խիստ վատացում, և այս տարի նաև աննախադեպ ջերմաստիճանի բարձրացում, և մենք ունեցանք այդպիսի ծաղկում»,- ասաց Կարինե Դանիելյանը:

2018թ-ին Սևանա լիճն իր առավելագույն բարձր նիշին հասավ հունիսի 20-ին` 1900.85մ, մի քանի օր այս ցուցանիշը պահպանելով, լճի մակարդակը սկսեց իջնել: Հուլիսի 31-ի դրությամբ լճի մակարդակն իջել է 11 սմ-ով` կազմելով 1900.74մ: Լճի մակարդակը 4 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից: Ներկայումս ոռոգման համար Սևանա լճից Արարատյան դաշտի ոռոգման համար բաց է թողնվել 120.380 միլիոն խմ ջուր: Արփա- Սևան ջրատարով Սևանա լիճ է հոսել 113.578 միլիոն խմ ջուր: Ներկայումս ջրատարը ջուր չի տեղափոխում Սևանա լիճ, մինչդեռ այն նախատեսված է մինչև 300 միլիոն խմ ջուր Սևանա լիճ տեղափոխելու համար:

Այս տարի նախատեսված է Սևանից վերցնել օրենքով սահմանված կարգով առավելագույնը մինչև 170 միլիոն խմ ջուր, սակայն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է 85 միլիոն խմ-ով ավելացնել Սևանա լճից ջրբացթողումները` հասցնելով ընդհանուր բացթողումների ծավալը 255 միլիոն խմ-ի:

Հավելյալ ջրառը կարող է կործանիչ հարված լինել առանց այն էլ հիվանդ լճի համար: Սևանին սպառնացող վտանգները քննարկելու և լուծումներ առաջարկելու նպատակով «S.O.S Սևան» նախաձեռնությունը սույն թվականի օգոստոսի 1-ին` ժամը 11:00-ին, խորհրդակցություն կանցկացնի «ԷկոԼուր» մամուլի ակումբում:

Հուլիս 31, 2018 at 19:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր