ՇՄԱԳ-ի փոխարեն` քոթեջների լուսանկարներ

ՇՄԱԳ-ի փոխարեն` քոթեջների լուսանկարներ

ԷկոԼուր

Մարտի 27-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցան Դիլիջան տեղամաս 1 քառակուսի 9 անտառամաս տարածքում հանգստյան քոթեջների կառուցապատման նախագծի հասարակական լսումները: Նախագիծը ներկայացվել է քաղաքացի Արտյոմ Տիգրանյանի կողմից: «Չնայած նախագծի շուրջ համացանցում աղմուկ էր բարձրացել, այն  քննադատությունների էր արժանացել, բայց, ինչպես պարզվեց լսումների ընթացքում, նախագծի համաձայն ոչ մի ծառ ու թուփ չի հատվելու»,- այս մասին www.aarhus.am կայքում գրում է  Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Ալբերտ Հարոյանը: Լսումներին մասնակցել են «Դիլիջան» թերթի խմբագիր Ալբերտ Սիմոնյանը, «Դիլիջան» թերթի տեղեկատու համակարգող Աննա Դավթյանը, «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բեգլարյանը, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ –ի ներկայացուցիչ Հ. Մկրտչյանը, կառուցապատող Արտյոմ Տիգրանյանը, Դիլիջանի ՀԵՆԱ և ԵԲ համակարգող Մելինե Առաքելյանը, Դիլիջանի համայնքի բնակիչ Լ. Կոխլիկյանը, Երևան քաղաքի բնակիչ Քերոբ Սարկիսյանը, Դիլիջանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Նվեր Դանիելյանը, Դիլիջանի օրհուս կենտրոնի համակարգող Ալբերտ Հարոյանը:

Ըստ Ալբերտ Հարոյանի` լսումների մասնակիցները պահանջել են պահպանել ներկայացված հողային աշխատանքների նվազագույն ծավալները, փոփոխության չենթարկել բնական լանդշաֆտը, չվնասել նախագծային աշխատանքների հարևանությամբ գտնվող ծառերը, հետագա շահագործման ընթացքում պատշաճ կերպով աղբահանություն իրականացնել: Կառուցապատողը պարտավորվել է պահպանել ՇՄԱԳ նախագծով և պայմանագրով ներկայացված բնապահպանական բոլոր պահանջները, եւ նախագիծը հավանության է արժանացել:

Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում Դիլիջան տեղամաս 1 քառ. 9 անտառամաս տարածքում հանգստյան քոթեջների կառուցապատման նախագծի հասարակական լսումների մասին հայտարարությունը տեղադրվել է լսումների օրվանից ընդամենը 1 օր առաջ` մարտի 26-ին: Իսկ որպես նախագծի  Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փաստաթղթեր, նախարարության կայքում տեղադրված են ընդամենը քոթեջների ու գծագրերի նկարները, ՇՄԱԳ-ի բովանդակության նկարը, «Հաբշին նախագիծ» ՍՊԸ-ի կողմից նախագծին տրված փորձագիտական եզրակացության նկարը:

15:50 Մարտ 29, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news