Մասնագետներն ահազանգում են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վտանգների մասին

Մասնագետներն ահազանգում են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վտանգների մասին

ԷկոԼուր

Ամուլսարի  հանքավայրում բացի ոսկուց կան 24 այլ հազվագյուտ տարրեր՝ ուրանի, թորիումի հանքայնացումներ, կալիում, սելեն…Կորզվելու է միայն ոսկին, իսկ միջավայր է թափվելու 23-24 տարր, որոնք միջավայրի համար դառնալու են թույն: Այս մասին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը: 

Նա նշեց, որ Ամուլսարի հանքաքարը մշակվելու կույտային տարրալվացման եղանակով: Օգտագործվելու է ցիանիդ: Ըստ Հ. Ավագյանի` չնայած ցիանիդները շատ արագ քայքայվող նյութեր են, սակայն ոսկին լուծելու համար ժամանակ է անհրաժեշտ, իսկ այդ ժամանակն էլ բավական է, որ դրանք թունավորեն տարածքը, որ այդ տարածքում արածող անասունները սատկեն:

Ասուլիսի մյուս բանախոս «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրելյանը այդ տարածքում ցիանային մեթոդի կիրառումը որակեց որպես վանդալիզմ:

«Դա այն տարածքն է, որտեղից հավաքված  ջրերը Արփա-Սևան ջրատարով պետք է հասնեն Սևան, իսկ ցիանային արտադրությունն ունի շատ նրբություններ (ի դեպ,առաջավոր երկրներում արդեն հրաժարվել են դրանից): Պետք է պահպանվի միջավայրի թթվայնությունը՝ 10.5- 11 PH-ի սահմաններում: Սակայն նույնիսկ լաբորատոր պայմաններում մի բաժակ ջրի  մեջ  շատ դժվար է այնպես անել, որ PH-ի տատանում  չստանաս: Եթե եղան տատանումներ, կլինեն արտանետումներ, իսկ դրանք շատ վտանգավոր են, քանի որ նատրիումի ցիանիդը ջրում լուծվելով վեր է ածվում ցիանաջրածնական թթվի, որը 27 աստիճանում եռացող հեղուկ է»,-ասաց Գրետա Գաբրելյանը:  Նա նշեց, որ իրավիճակի, կլիմայական պայմանների, բնական աղետների, մարդու հետ կապված մի շարք գործոններ կան, որոնք կարող են նպաստել վթարների, որոնք էլ իրենց հերթին թունավոր արտանետումներ են առաջացնելու և աղտոտելու են ամբողջ շրջակա միջավայրը:

15:13 Ապրիլ 23, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news