ԷկոԼուր
Հայաստանում մեծանում է հետաքրքրությունը նավթի և գազի պաշարների նկատմամբ: Ներկայումս փորձաքննություն է անցնում կանադական «ԱԳԱՊԵ» ընկերության հայտը` Վայոց ձորի մարզում` նավթի և գազի ուսումնասիրության 5-րդ պայմանական տարածքում նավթի և գազի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ: Հայտում նշված է, որ ուսումնասիրություններն արվելու են Վայոց ձորի մարզում` բացառությամբ Հերմոն համայնքի: Կիրականացվի նվազագույնը 2 հորատանցքի հորատում` 2000 մետր խորությամբ: Նշվում է, որ աշխատանքները կկատարվեն հնարավորինս հեռու գետերից և աղբյուրներից: Աշխատանքների իրականացման համար կծախսվի ընդհանուր 4.000.000 ԱՄՆ դոլար, որից 2.400.000 ԱՄՆ դոլարը հորատման աշխատանքների համար: Աշխատանքները նախատեսված է սկսել 2017 թ-ի 4-րդ եռամսյակին, ավարտել 2022 թ-ի 3-րդ եռամսյակին:
Նշենք, որ այս ընկերությունը բացի Վայոց ձորից ցանկանում է նավ և գազ որոնել Տավուշի մարզում:
«ԱԳԱՊԵ» ընկերությունը բնապահպանության նախարարություն հայտ է ներկայացրել նաև Սյունիքում նավթ ու գազ որոնելու համար, սակայն հայտը մերժվել է փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու պատճառով:
Բացի «ԱԳԱՊԵ» ընկերությունից, Հայաստանում նավթի և գազի որոնմամբ հետաքրքրված են այլ ընկերություններ ևս: Էներգետիկ ենթակաուցվածքների և բնական պաշարների նախարարության 01. 04. 2017թ. դրությամբ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության տրամադրված ընդերքօգտագործման իրավունքների մասին տեղեկատվության համաձայն` համապատասխան արտոնագրեր ունեն «Ինտեգրալ Պետրոլեում» և «Արմօյլ» ՍՊԸ-ները:
2015թ-ին Սևանի ավազանում նավթի և գազի որոնման համար ՀՀ բնապահապանության նախարարության կողմից փորձաքննական դրական եզրակացություն ստացավ «Բլեքսթերզ Էներջի Արմենիա» ՍՊԸ-ն, որը պետք է նավթ և գազ որոներ ՀՀ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ պայմանական տարածքներում`ձկնորսությամբ զբաղվող Նորատուս, Հայրիվանք եւ Ծաղկաշեն համայնքների տարածքներում:
Հոկտեմբեր 13, 2017 at 17:34