Արամ Հարությունյանին զեկուցեցին «Լեռ Էքս»-ի վթարի եւ Գեղի գետի աղտոտման մասին

Արամ Հարությունյանին զեկուցեցին «Լեռ Էքս»-ի վթարի եւ Գեղի գետի աղտոտման մասին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ անց է կացվել խորհրդակցություն նախարարության տեսչական գործառույթների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու խնդիրներով: Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի ղեկավար Լեւոն Պետրոսյանը զեկուցել է, որ հասարակության շրջանում արձագանք գտած Սյունիքի Գեղի գետում թափոնների խառնվելու տեսագրությունն արվել է «Լեռ Էքս» ՓԲԸ-ում արձանագրված վթարի ժամանակ, ինչի վերաբերյալ նախարարությունը համապատասխան պատժամիջոցներ էր սահմանել: Բնապահպանության նախարարը, լսելով հաշվետվությունը, հրահանգել է ուժեղացնել հանքարդյուոնաբերական գործունեությամբ զբաղվող ընկերություններում բնապահպանական պահանջների կատարման գործընթացը և հետագայում նման վթարները բացառելու նպատակով՝ բերել հիմնավորումներ տնտեսվարողների մոտ ստուգումներ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Սյունիքի տարածքային ստորաբաժանման  աշխատակիցները՝ «Լեռ էքս» ընկերության կողմից արտադրական  կեղտաջրերով  Գեղի գետի Օդաբարա վտակի աղտոտման  ուսումնասիրության արդյունքում  հաշվարկել են ընդամենը  178.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին «Պատասխանատու հանքարդյունաբերության հաստատում. Մարտահրավերները և հնարավորությունները»  խորագրով միջազգային համաժողովի ժամանակ բնապահպան ակտիվիստները բնապահպանության նախարարին առաջարկեցին խմել Գեղի գետի ջուրը՝ թունավորված  «Լեռ Էքս» ՓԲԸ-ում տեղի ունեցած վթարի արդյունքում գետ լցված պոչհանքով։

Խորհրդակցության ընթացքում Արամ Հարությունյանը արձանագրել է, որ տեսչական որոշ գործառույթներ ոչ բավարար են իրականացվում, ինչը փաստում են Նախարարության ստացած հասարակության ներկայացուցիչների ահազանգերը: Նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետներում ներկայացնել ծրագրային և տեխնիկական համալրման առաջարկներ գործունեությունը լիրաժեք կազմակերպելու համար:

Արամ Հարությունյանը հանձնարարարել է բոլոր ռեսուրսները ներդնել ապօրինի ծառահատումների, փայտի ու հողի բերրի շերտի տեղափոխման, ձկան և ընդհանրապես որսագողության դեմ պայքարը պատշաճ մակարդակի բարձրացնելու համար: Այն մարզային բաժինների ղեկավարներին, ում կողմից վերահսկվող շրջաններում առկա են փոքր ՀԷԿ-եր, հրահանգվել է խստորեն հետևել դրանց կառուցման նախագծային պահանջների և գործողների շահագործման՝ մասնավորապես ջրի սահմանված էկոլոգիական թողքերի պահպանմանը:

17:53 Մարտ 26, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news