Սյունիքի մարզի խոշորացված Քաջարան համայնքի բնակավայրերում անցկացված սոցիալական ուսումնասիրության արդյունքները

Սյունիքի մարզի խոշորացված Քաջարան համայնքի բնակավայրերում անցկացված սոցիալական ուսումնասիրության արդյունքները

ԷկոԼուր

ԷկոԼուրը ներկայացնում է Սյունիքի մարզի խոշորացված Քաջարան համայնքի բնակավայրերում անցկացված սոցիալական ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության թեման է «Սյունիքի մարզի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության սոցիալական ազդեցությունների բնակչության պատկերացումները և բացասական ազդեցությունների հաղթահարմանն ուղղված առաջարկությունները»:

Ուսումնասիրությունն անցկացվել է 2019թ-ի օգոստոսին «Համայնքային փոխօգնություն» Սոցիալական ՀԿ-ի ղեկավար, փիլիսոփայական գիտություննների թեկնածու Անահիտ Մկրտչյանի կողմից «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Որպես հարցման օբյեկտ ընտրվել են Քաջարան, Արծվանիկ, Սյունիք, Աճանան բնակավայրերը: Հարցազրույց վարվել է 59 տնային տնտեսություններում:

Աշխատանքի եզրակացությունը.

• «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի շահագործման դրական և բացասական սոցիալական ազդեցությունների վերաբերյալ ազդակիր համայնքերի բնակիչների տեղեկացվածության ցածր մակարդակը պայմանավորված է մասնագիտական հետազոտությունների արդյունքները (եթե կան) բնակչությանը չտրամադրելու, տեղական լրատվամիջոցների կողմից կոմբինատի շահագործման բացասական ազդեցությունները վատ լուսաբանելու հետ:

• Օդին, հողին, ջրին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ շահագործման հասցված վնասների և տարբեր սոցիալական խմբերի համար դրանց չափի, տարածվածության ու ծավալման վնասների վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի ու առողջապահության նախարարությունների կողմից բնակիչների շահերը պաշտպանելու պատասխանատվության ստանձման բացակայությունը ազդակիր բնակավայրերի կենսագործունեությունը թողել է կոմբինատի «բարեհաճության» ու ՏԻՄ չինովնիկների՝ կոմբինատին «լավ» ծառայելու վրա:

Բոլոր ազդակիր բնակավայրերում տնային տնտեսությունների բողոքը վնասների միայն ֆինանսական փոխհատուցմամբ սահմանափակումը ստվերում է կոմբինատի շահագործման վնասների կանխարգելման հարցը, աշխատանքային մշակույթը բարձրացնելու խնդիրը:

• «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ազդակիր բնակավայրերում կանանց համատարած գործազրկությունն արգելակում է կանանց ինքնադրսևորման, ինքնահաստատման, ընտանիքում հարգված մայր լինելու հնարավորությունները և սոցիալական ակտիվությունը:

• Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) գործընթացներում ազդակիր բնակավայրերի խոսքի հնչեղության հնարավորության սակավ լիարժեքությունը կապված է սեփական իրավունքների, բնապահպանական և առողջապահական ռիսկերի մասին մասնագիտական գնահատականների անհասանելիության ու իրավունքները պաշտպանելու ընթացակարգերի մասին բնակիչների թույլ իրազեկվածության հետ»,- մասնավորապես նշված է «Սյունիքի մարզի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության սոցիալական ազդեցությունների բնակչության պատկերացումները և բացասական ազդեցությունների հաղթահարմանն ուղղված առաջարկությունները» աշխատանքում:

Աշխատանքի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Սեպտեմբեր 20, 2019 at 13:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր