Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումից հետո ոլորտում մենաշնորհը դեռ ՀԷՑ-ինն է

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումից հետո  ոլորտում մենաշնորհը դեռ ՀԷՑ-ինն է

2022թ․ Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացումից հետո դեռ մենաշնորհը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ինն է։ Այս եզրահանգման է եկել ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ), ազատականացված էլեկտրաէներգետիկայի ուսումնասիրման արդյունքում։

Լինելով էլեկտրաէներգիայի խոշոր ձեռքբերողը և միակ բաշխողը՝ ՀԷՑ-ը կախվածության մեջ է պահում շուկայի մյուս մասնակիցներին։

 ՄՊՀ-ն անժխտելի է համարում այն, որ ՀԷՑ-ը, երկար տարիներ լինելով միակ մատակարարը, ոլորտում կարող է ունենալ մի շարք լծակներ և շուկայական իշխանություն՝ սպառողներին ուղղորդումներ կատարելու տեսանկյունից։ «Միաժամանակ հարկ է կարևորել, որ նույնիսկ այն սպառողները, որոնք այլևս ժամանակավոր մատակարարման սպառողը չեն, շարունակում են կախվածության մեջ մնալ բաշխողից այնքանով, որքանով օգտվում են բաշխման ծառայությունից», - նշված է ՄՊՀ-ի ուսումնասիրության մեջ։

«ՀԷՑ-ը կարող է ազդեցություն ունենալ մրցակցային իրավիճակի վրա, կարող է որոշակի լծակներով այնպիսի իրավիճակ ստեղծել, որ շուկայում առաջանա արհեստական պակասորդ կամ ազդեցություն ունենա գների ձևավորման վրա», - նշել է  ՄՊՀ Շուկայի վերլուծության վարչության գլխավոր մասնագետ Արմինե Հարությունյանը։

ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների համաձայն՝ բաշխողը, տվյալ դեպքում ՀԷՑ-ը, պարտավոր է մինչև 2027թ․ ավարտը ներդնել Ավտոմատ հաշվառման համակարգ, որը թույլ կտա իրականացնել իր բոլոր սպառողների սպառած էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառումը։ Սակայն, ըստ ուսումնասիրության, բաշխողի կողմից սպառողների հաշվառման համալիրների համապատասխանեցման պարտավորության չկատարման կամ ժամկետներում չկատարման դեպքում հստակ սահմանված չեն պատասխանատվության շրջանակները։ «Նման իրավիճակում կարևոր է այն, որ բաշխողը (մենաշնորհ), միաժամանակ լինելով երաշխավորված մատակարարման ծառայություն մատուցող, կարող է տնտեսական մոտիվ կամ շահագրգռվածություն ունենալ ձգձգելու հաշվառման համալիրների համապատասխանեցման գործընթացը՝ սպառողներ չկորցնելու առումով», - նշված է ուսումնասիրության մեջ։

ՄՊՀ-ի փորձագետները շեշտում են, որ էլեկտրաէներգետիկ ոլորտն ունի պետական և մրցակցային մարմինների համաձայնեցված ու աչալուրջ քաղաքականության մշակման և արդյունավետ վերահսկողության անհրաժեշտություն։ Նաև պետք է ստեղծել հարթակ, որտեղ սպառողների համար տեսանելի և մատչելի կլինեն միաժամանակ տարբեր մատակարարների առաջարկները։

ՄՊՀ-ն նաև ուսումնասիրել է վերականգնվող էներգետիկայի ոլորտը և եկել եզրահանգման, որ  ՀՀ-ում վերջին տարիներին զգալի զարգացում է ապրում արևային էներգետիկան։ Նշված է, որ Հայաստանի արևային ֆոտովոլտային ներուժը բարձր է Եվրոպական միության միջինից՝ 3․25-4․48կՎտժ/կՎտ օրական հատուկ ֆոտոգալվանային հզորությամբ։

ՀՀ էներգետիկ ռեսուրսների մեջ գերակշիռ մաս է կազմում բնական գազը, որը գրեթե ամբողջությամբ ներկրվում է ՌԴ-ից։ Առաջնային էներգապաշարների համախառը մատակարարման մեջ բնական գազի մասնաբաժինը կազմում է շուրջ 62 տոկոս։

ՀՀ-ն իր էներգետիկ պահանջարկի 22․9 տոկոսը կարողանում է բավարարել էներգիայի ներքին արտադրությամբ՝ միջուկային, հիդրոէներգիա, ինչպես նաև այլ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներով։ Արդյունահանվող վառելիքի բոլոր տեսակները ներկրվում են։ Բնական գազը ՀՀ ներմուծվող Էներգակիրների 76․2 տոկոսն է կազմում, հաջորդը նավթամթերքն է՝ 21․9 տոկոս։

Փետրվար 08, 2024 at 15:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր