Էներգաարդյունավետության բարձրացման նպատակով Երևանում կվերակառուցվի և կհիմնանորոգվի 38 հասարակական շենք

Էներգաարդյունավետության բարձրացման նպատակով Երևանում կվերակառուցվի և կհիմնանորոգվի 38 հասարակական շենք

Գործադիրը 2024թ. հունվարի 18-ին հավանություն է տվել 2023թ. նոյեմբերի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2023թ. նոյեմբերի 29-ին ստորագրվել է «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը՝ 25 միլիոն եվրո արժողությամբ, որն իրականացվելու է Եվրոպական հանձնաժողովի «Վերականգնում, դիմակայունություն և բարեփոխում. 2020 թվականից հետո Արևելյան գործընկերության (ԱլԳ) առաջնահերթությունների» համատեքստում՝ Հայաստանի համար Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի 5-րդ՝ «Ներդրումներ Երևանում. խելացի և կանաչ Երևան» ուղենիշի ներքո: Ծրագրի համաֆինանսավորման նպատակով կներգրավվի 10.1 միլիոն եվրո ծավալով ներդրումային դրամաշնորհ ԵՄ հարևանության ներդրումային հարթակից: 

Ըստ որոշման հիմնավորման՝ ծրագրի նպատակն է նվազեցնել Երևան համայնքի հասարակական շենքերի էներգիայի սպառումը և աջակցել էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների և մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար: Մասնավորապես, ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքում՝ 6 պոլիկլինիկայում և 32 մանկապարտեզում էներգիայի սպառումը: Ծրագրով ակնկալվում է  էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցում, սեյսմիկ անվտանգության բարելավում, այցելուների հարմարավետության ու կյանքի որակի բարելավում, ածխաթթու գազի արտանետումների կրճատում, վերանորոգվող շենքերի շահագործման ժամկետի երկարաձգում:

Հունվար 18, 2024 at 22:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր