COVID-19 համավարակի ստեղծած մարտահրավերները Վերին Գետաշենում և դրանց լուծումներն ըստ բնակիչների

COVID-19 համավարակի ստեղծած մարտահրավերները Վերին Գետաշենում և դրանց լուծումներն ըստ բնակիչների

COVID-19 համավարակի պայմաններում շատացել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի հոգսերը: Այս համայնքում, որտեղ տարիներ շարունակ մարդիկ պայքարում են ոռոգման ջրի խնդրի կարգավորման համար, այսօր ավելացել են նոր մարտահրավերներ` գործազրկության աճ, եկամուտների նվազում, հեռավար ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումների և բուժման համար դեղամիջոցների ձեռքբերման համար պահանջվող լրացուցիչ ծախսեր:

 

Վերին Գետաշենի ոռոգման ջրի խնդիրը

Վերին Գետաշենն ունի ոռոգման ջրի խնդիր։ 350 հա գյուղատնտեսական նշանակության հող անջրդի է. չի մշակվում ոռոգման ջուր չլինելու պատճառով։ Այս առումով համայնքի վրա էական ազդեցություն է գործում «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ի կողմից շահագործվող «Արգիճի» ՓՀԷԿ-ը, որի 9,5 կմ երկարությամբ տարածքում գետը սակավաջուր է թողնում՝ իր դերիվացիոն խողովակաշարով ջուրը կայան տեղափոխելով: Ոռոգման ջրի անբավարարության, բնակիչների հողատարածքների աղտոտման և ընկերության տեխնիկայի կողմից բնակիչների գյուղատնտեսական նշանակության հողերի վնասման հետևանքով նրանց պատճառված վնասները չփոխհատուցելու հարցերի հետ կապված համայնքն արդեն մի քանի տարի շարունակ կոնֆլիկտի մեջ է «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ի հետ։

«ՓՀԷԿ-ի տնօրինությունն իր պարտավորությունները պատշաճ չի կատարել: Պայմանագիր կար, ստորագրվել էր կողմերի համաձայնությամբ, որ համայնքի վարչական տարածքի սկզբնամասում, որտեղով անցնում էր ՓՀԷԿ-ի խողովակաշարը, ոռոգման սեզոնին  իրենք  պարտավորվել էին 300 լ/վրկ ինքնահոս ջուր ապահովել: Մոտ 150 հա-ի համար ջուր պետք է տար գլխամասից:

Պարտավորությունը չեն կատարել. այդ ջրթողը տեղափոխվել է այլ հատված պոմպակայանների համար: Իջեցրել են ներքև: Մենք պոմպակայան ենք դրել, պոմպակայանով մղում ենք վերև, ինչը հավելյալ ծախս է ազգաբնակչության համար»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Վերին Գետաշենի համայնքապետ Տիգրան Մուրադյանը: 

«Արգիճի» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2013թ.: Ջրօգտագործման թույլտվության ժամկետը տրված էր մինչև 26․03․2017թ., որն, ըստ Շրջակա միջավայրի նախարարության, երկարացված է: Իսկ ընկերության լիցենզիայի գործողության ժամկետն ավարտվում է 20․11․2028թ-ին: «Արգիճի» ՓՀԷԿ-ի ջրառը տարեկան կազմում է 50,1մլն/խմ, բնապահպանական թողքը` 1խմ/վրկ։ Համաձայն իր ջրօգտագործման թույլտվության` ՓՀԷԿ-ն օգոստոս ամսին չպետք է աշխատի։ Մինչդեռ ԷկոԼուրի տեսախցիկը 2020թ. օգոստոս ամսին ֆիքսեց ՓՀԷԿ-ի աշխատանքի փաստն այդ օրերին, ինչը ջրօգտագործման թույլտվության պահանջի խախտում է: Նշենք, որ ՓՀԷԿ-ը 2019թ. օգոստոսին նույնպես աշխատել էր, ինչի համար ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ընկերության նկատմամբ կիրառել էր վարչական տուգանք:

Նշենք, որ 2020թ-ը ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարել է սակավաջուր տարի, որի պայմաններում, ըստ ՀՀ ջրային օրենսգրքի 92-րդ հոդվածի, պետք է ձեռնարկվեն հետևյալ միջոցառումները՝

1) ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակում,

2) սակավաջրության և երաշտի հայտարարված տարածքներում ջրային ռեսուրսների օգտագործման չափավորում կամ սահմանափակում.

3) Ջրային համակարգերի կառավարման մարմնի նկատմամբ պահանջներ ջրօգտագործողներին նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում ապահովելու համար:

Այս պահանջները չեն ապահովվել ինչպես ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, այնպես էլ «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ի կողմից:

Այս առումով «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանն ասաց. «Այս տարի չափազանց երաշտ է: Մեր դաշտերն այս տարի վառված-թափված են: Մարդիկ անհանգստանում են, որ խոտհարք չունեն, արոտավայր չունեն, որ եթե կարտոֆիլ էլ չունենան, ողբերգություն կլինի գյուղացու համար: Դրա համար եթե պայմանավորվածություն կա, որ այս տարի մեկ ՓՀԷԿ-ի մեկ տուրբինի ջուր պետք է թողնեն, որ այդ տուրբինն էլ պետք է կանգնի, ուրեմն պետք է կանգնեցնեն»,- ասաց Անահիտ Գևորգյանը:

«Արգիճի» ՓՀԷԿ-Վերին Գետաշեն կոնֆլիկտը դատարանում

Վերին Գետաշենի մի քանի բնակիչներ իրենց տնամերձ հողամասերի տարածքում «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ի խողովակաշարերի տեղադրման համար փոխհատուցման հարցը փորձում են լուծել դատական կարգով: 

«Խնդիրները մինչ այսօր շարունակվում են: Որքան փորձեցինք տարբեր եղանակներով քննարկել, խնդիրներին լուծում տալ, չեղավ: Արդեն 10 տարի փոխհատուցումների խնդիր ունենք: Համայնքում մի քանի բնակիչների տնամերձ հողամասերով անցնում է ընկերության խողովակաշարը: Նախնական պայմանավորվածության համաձայն, ընկերության կողմից պետք է փոխհատուցում տրվեր, բայց մինչ օրս, մինչև դատարան դիմելը ոչ մի փոխհատուցում չի եղել: Երկրորդ տարին է` երեք ընտանիք դիմել է դատարան: Գործը քննվում է` փոխհատուցում ստանալու համար»,- հայտնեց Տիգրան Մուրադյանը: 

Գործազրկության աճ արտագնա աշխատանքի մեկնելու սահմանափակման պատճառով

Արտագնա աշխատանքի մեկնելու սահմանափակման արդյունքում Վերին Գետաշենում աճել է գործազուրկների թիվը։ «Նախորդ տարի ունեցել ենք արտագնա աշխատանքի մեկնած մոտ 1200 բնակիչ։ Այս տարի՝ մոտ 100-120 հոգի։ Մոտ 1050 հոգի մնացել է գյուղում: Ոչ մի բան չեն անում, համայնքում աշխատատեղ չկա։ Այս պահին շինարակական աշխատանքներ են ընթանում համայնքում համայնքապետարանի և կառավարության միջոցներով։ 15 հոգու ներգրավել ենք այդ աշխատանքներում»,- ասաց Տիգրան Մուրադյանը: 

Սոցիալական վիճակը Վերին Գետաշենում

ԷկոԼուրի հետ զրույցում  բնակիչները նշեցին, որ համայնքի սոցիալ-տնտեսական կյանքի դժվարությունները պայմանավորված են աշխատատեղերի բացակայությամբ, կատարված աշխատանքի դիմաց ստացված ոչ-համարժեք, ցածր աշխատավարձով, ստացված գյուղատնտեսական մթերքների իրացման դժվարություններով։

Նրանք նշեցին նաև, որ COVID-19-ով պայմանավորված նվազել են իրենց ընտանիքների եկամուտները, քանի որ կա՛մ կրճատվել են իրենց աշխատավայրերի՝ սպասարկման ոլորտի ծառայությունների ծավալները, կա՛մ ընտանիքի անդամները  չեն մեկնել արտագնա աշխատանքի։ Չմեկնած անձինք կամ մնացել են պարապ, կամ էլ ունեն թեթև զբաղվածություն ընտանեկան գործերում։                    

Ըստ Վերին Գետաշենի համայնքապետի՝ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերից օգտվել է համայնքի շուրջ 100 ընտանիք։ «Ինքնամեկուսացվածների վերաբերյալ գրություն ենք ուղարկել մարզպետարան՝ սնունդով, հիգիենայի պարագաներով ապահովելու, ֆինանսական օգնություն ցուցաբերելու և բուժման ծախսերի հետ կապված: Մարզպետարանն ապահովել է սնունդով, օգնություն է ցուցաբերել բուժումները շարունակելու համար»,- ասաց նա։

Բնակիչները նշեցին նաև, որ բացառությամբ  բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման դիմաց և 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին պետության կողմից տրված միանվագ դրամական օժանդակություններից, հիմնականում չեն օգտվել կառավարության ընդունած COVID-19-ի հետևանքների մեղմացմանն ուղղված սոցիալական ծրագրերից:

Վերին Գետաշենի համայնքապետը նշեց, որ օժանդակել է տարբեր կազմակերպությունների կողմից տրամադրված օգնության բաշխման գործընթացին: Իսկ համայնքապետարանն օգնություն չի տրամադրել, քանի որ համայնքային բյուջե հարկային մուտքերի նվազման պատճառով հնարավոր չէր այն կազմակերպել։   Բնակիչներն օժանդակություն չեն ստացել նաև «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ից:

«Տարբեր կազմակերպություններ հիգիենայի պարագաներ են հատկացրել, նաև պլանշետներ ու հեռախոսներ դպրոցականներին հեռավար դասերին մասնակցելու համար։ Միևնույն ժամանակ դպրոցների համակարգիչներն ենք տրամադրել աշակերտներին, որպեսզի բավարարի»,- նշեց Տիգրան Մուրադյանը։

COVID-19-ի պայմաններում ներդրված հեռավար ուսուցման հետ կապված  համայնքի բնակիչները բախվել են մի շարք դժվարությունների՝ պայմանավորված համապատասխան տեխնիկայի բացակայության, ինտերնետային կապի խափանման, ինտերնետի համար լրացուցիչ ֆինանս չունենալու, աշակերտ-ուսուցիչ ուղղակի շփման խոչընդոտի չհաղթահարման հետ,  ինչպես նաև նրանց չի բավարարել ստացած կրթության որակը։ 

Շրջակա միջավայրը

COVID-19-ով պայմանավորված առաջացել է շրջակա միջավայրի աղտոտման նոր դրսևորում, մասնավորապես՝ համայնքի տարածքը և Սևանա լճի ափամերձ տարածքներն աղտոտվում են օգտագործված դիմակներով և ձեռնոցներով։

Վերին Գետաշենի բնակիչները COVID-19-ով պայմանավորված մարտահրավերների հաղթահարման և դրանց մեղմացման համար ՀՀ կառավարությանն են ուղղում հետևյալ առաջարկությունները՝

- Նոր աշխատատեղերի ստեղծման և հատուկ ծրագրերի շեշտադրմամբ քննարկել համայնքի զարգացման ծրագիրը՝ գործընթացին մասնակից դարձնելով  տեղի բնակիչներին, այդ թվում վերադարձած աշխատանքային միգրանտներին
- Համայնքում բավարար  աշխատատեղեր ապահովող արտադրություններին ցուցաբերել պետական օժանդակություն՝ վերադարձած աշխատանքային միգրանտներին այդ աշխատանքներում ներգրավելու նախապայմանով;
- Օգտագործել  Մարտունու տարածաշրջանի ուժեղ կողմերը, մասնավորապես զարգացնել տուրիզմը
- Հանրապետության համար Սևանա լճի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով,  գտնել ֆինանսավորման աղբյուրներ ափամերձ բնակավայրերի կոյուղացման և դրանք կենսաբանական մինի մաքրման կայաններով ապահովման համար։ 
- Քանի որ Սևանա լճից ձկները ձվադրաման նպատակով բարձրանում են Արգիճի գետի վերին հոսանքներ, ուժեղացնել պետական վերահսկողությունը  «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ի գործունեության նկատմամբ, որպեսզի նրա կողմից պահպանվեն բնապահպանական և բնական ռեսուրսների օգտագործման համար սահմանված բոլոր սահմանափակումները, տալ ժամանակ արձանագրված խախտումները վերացնելու համար, հակառակ պարագայում օրենքով սահմանված կարգով դադարեցնել նրա  գործունեությունը, ընդհուպ  գործունեության լիցենզիայից զրկելը։
- Ապահովել բնակչության համատարած թեստավորում, այդ ընթացքում սահմանել  արտոնություններ բնակչության անապահով խավերի համար:
- Շարունակել տրվող տեղեկատվությունը համավարակի վերաբերյալ, կարևորել բնակչության շրջանում սոցիալական ինքնագիտակցություն բարձրացմանն ուղղված քարոզարշավի անհրաժեշտությունը, բարձրացնելով անձի սոցիալական պատասխանատվության ենթամշակույթը։
- Ուժեղացնել մեկուսացման մեջ գտնվող  COVID-19-ով վարակակիրների նկատմամբ վերահսկողությունը։

«Վերին Գետաշեն խոցելի համայնքի մարտահրավերները COVID 19–ի պայմաններում» հաշվետվություն



Սեպտեմբեր 24, 2020 at 12:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր