«Ողջի 2,3» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Ողջի 2,3» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Ողջի 2, 3» փոքր ՀԷԿ-եր: Այս փոքր ՀԷԿ-երը գտնվում են ՀՀ Սյունիքի մարզում՝ Կապան քաղաքի վարչական տարածքում,  իրականում կառուցված են Ողջի գետի վրա (երկարությունը 82կմ), մինչդեռ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեղեկանքի համաձայն, այս ՓՀԷԿ-երը կառուցված են ոռոգման համալիրի վրա: «Ողջի 2, 3» ՓՀԷԿ-երը շահագործում է «Կապան Էնեղժի»  ՓԲԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • « Ողջի 2»-ի կայանը կառուցվել է 1912 թ-ին: «Ողջի -3» ՓՀԷԿ-ը՝ 1952 թ-ին:
  • ՓՀԷԿ-երը նախագիծ չունեն: ՓՀԷԿ-երի հաշվարկային ճնշումների, հաշվարկային ելքերի մասին  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքում տվյալներ չկան:  ՓՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի 2016թ-ի հունվարի  1-ի տեղեկանքի, 35.1308040769231 մլն.կՎտ.ժամ է, դրվածքային հզորությունը՝ 15300 կՎտ, լիցենզիայի ժամկետը` 25.06.1999-25.06.2029թթ., շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 26.11.2012-26.11.2015թթ..:  
  • «Ողջի-2» և «Ողջի -3» ՓՀԷԿ-երն ունեն նույն գլխամասային կառուցվածքները` ջրընդունիչ, որը ներառում է պատվար, տղմազտարան` կահավորված աղբապահ ճաղավանդակով: «Ողջի 2» ՓՀԷԿ-ի պատվարի երկարությունը 7 մ է, բարձրությունը՝ 2,5 մ։ Այն հին կառույց է, քայքայված: «Ողջի 3»-ի ջրառը նույնպես շատ հին կառույց է, փորձագիտական խումբն այն դիտարկել է հեռվից։
  • Երկու գլխամասերում ձկնանցարան չկա, ինչի պատճառով գետում բնակվող բազմատեսակ ձկները չեն կարող տեղաշարժվել գետի հունն ի վեր:
  • Ողջի գետի միջին հոսանքում, որտեղ կառուցված են ՓՀԷԿ-ի գլխամասերը,  կարող են հանդիպել կարմրախայտը, արևելյան տառեխիկը, Կուրի բեղաձուկը, կողակը, անգորական լերկաձուկը, ինչպես նաև Կուրի սպիտակաձուկը, կովկասյան թեփուղը, Կուրի ենթաբերանը, մուրծին, արծաթափայլ կարասը և այլ ձկնատեսակներ: Հնարավոր է՝ այստեղ հանդիպի նաև ծիածանախայտը:
  • Շահագործման ՋԹ-ի համաձայն՝ «Ողջի 2, 3» ՓՀԷԿ-երըը տարվա ընթացքում  կարող են իրականացնել 227290.0 հազար խմ ջրառ ՝ գետում տարին 365օր, 24-ժամյա ռեժիմով ապահովելով 622712.0 մ3/օր կամ 7207.3լ/վրկ բնապահպանական թողք: Ըստ ընկերության՝ բնապահպանական թողքը 0.06 մ3/վ է: Գետի բնապահպանական թողքն ապահովվում է պատվարի վրայից  թափվող ելքերով:
  • Բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում ու հաշվառում ապահովված չէ:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • «Ողջի 2»-ի կայանում տեղադրված է 3 ագրեգատ՝ 1927, 1951 և 2006 թվականների արտադրության: Ագրեգատները գումարային ունեն 6.6 Մվտ դրվածքային հզորություն: Ընկերության տնօրենի համաձայն՝  ապահովվում է 5.8 Մվտ հզորություն: ՓՀԷԿ-ի համար օգտագործվող ելքը` 7.2 խմ/վրկ է: «Ողջի 3-ի շենքում տեղադրված է 4 ագրեգատ: Ագրեգատներից  3-ն ունեն 2.5 Մվտ դրվածքային հզորություն, իսկ 4-րդը` 1.2 Մվտ: Ընկերության տնօրենի համաձայն՝ ընդունված նախագծային հզորությունը 8.7 Մվտ էր, սակայն ՓՀԷԿ-ի աշխատանքն ապահովում է 6.3 Մվտ հզորություն: ՓՀԷԿ-ի համար օգտագործվող ելքը` 7.2 խմ/վրկ է:
  • «Ողջի 3»-ի  տրանսֆորմատորային կայանը ցանկապատված է, յուղորսիչներ չկան:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Ողջի 2, 3» ՓՀԷԿ-երը 2014թ-ին աշխատել են 10 ամիս՝ արտադրելով 32120664 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Հողի բերրի շերտի պահպանմանը եւ օգտագորմանը ներկայացվող պահանջները կատարված են, արված է ռեկուլտիվացիա, սողանքային երեւույթներ չկան:
  • Ազատ ջրօգտագործման պահանջները կատարվում են:
  • Վերջին 5 տարում ՓՀԷԿ-երում ստուգումներ չեն իրականացվել:

Եզրակացություն

Դիտարկումների արդյունքում փաստացի պարզվեց, որ  կառուցված «Ողջի 1», «Ողջի 2, 3» ՓՀԷԿ-երը կասկադային են: Մի ՓՀԷԿ-ից հեռացվող ջուրը օգտագործվում է մյուս ՓՀԷԿ-ի ջրառի համար: Երեք ՓՀԷԿ-երի համար օգտագործվող գետահատվածում իրականացվում են տարբեր նպատակներով ջրօգտագործումներ, որոնց համար կառուցվել են հիդրոտեխնիկական  տարբեր կառույցներ: Այս ամենն առաջացնում է բնապահպանական ծանրաբեռնվածություն Ողջի գետի վրա:  ՓՀԷԿ-ների պատվարները, ոռոգման համակարգերը,  ինչպես նաև հանքարդյունաբերության համար իրականացվող ջրառը արհեստականորեն առաջացած սակավաջրությունը, գետ պարբերաբար թափվող թափոնային ջրերն անդառնալի վնաս են հասցնում գետի ոչ միայն ձկնաշխարհին, այլ ողջ էկոհամակարգին:

ՓՀԷԿ-երը կառուցվել են խորհրդային տարիներին, կառուցվածքները չեն համապատասխանում ՓՀԷԿ-երին ներկայացվող ներկայիս պահանջներին: Առանձնապես չեն կարևորվել բնապահպանական խնդիրները, որոնք  առնչվում են ձկնանցարանի,  ձվադրման նպատակով դեպի գետի վերին հոսանքներ ձկների անարգել տեղաշարժի,  բնապահպանական թողքի չափաքանակի սահմանմանը և ապահովմանը: Անհրաժեշտ է շուտափույթ  իրականացնել ձկնուղիների ու ձկնապաշտպան այլ կառույցների կառուցման, ինչպես նաև թափոնային հոսքաջրերի վերացման, գետերում բնապահպանական թողքի նորովի սահմանման  ու բնապահպանական այլ միջոցառումներ:

Առաջարկություններ

1. ՓՀԷԿ-երի կառուցվածքները համապատասխանեցնել ներկայումս գործող պահանջներին:

«Ողջի -2» և «Ողջի -3» ՓՀԷԿ-երի  ջրընդունիչ հանգույցներում վերակառուցել պատվարները` կառուցելով ձկնանցարաններ` ձվադրման նպատակով դեպի գետի վերին հոսանքներ ձկների անարգել տեղաշարժի,  բնապահպանական թողքի ապահովման համար:

2.Ելնելով գետի հիդրոլոգիական բնութագրից` վերանայել ՓՀԷԿ-երի ջրատնտեսական հաշվարկները և սահմանել ՓՀԷԿ-երի համար ջրօգտագործման հստակ չափորոշիչներ` գետի բնական ելք, ՓՀԷԿ-ի համար օգտագործվող ելք` ըստ ամիսների, բնապահպանական թողք, ազատ ջրօգտագործում և այլն:

3. Հաշվարկել և սահմանել այնպիսի բնապահպանական թողք, որը կապահովի Ողջի գետի, հարակից բնական լանդշաֆտների և կենսաբազմազանության նորմալ կենսագործունեությունը։

4. Ապահովել բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, չափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում։

5. Կայաններում տեղադրված հին ագրեգատները փոխարինել ժամանակակից, արդյունավետ սարքավորումներով։

«Ողջի 2» ՓՀԷԿ

 
 
 
 
 
 
 

«Ողջի 3» ՓՀԷԿ

 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



18:26 Մայիս 06, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news