Նախատեսվում է կասկադային ՓՀԷԿ-ի կառուցում Ձորագետի վրա

Նախատեսվում է կասկադային ՓՀԷԿ-ի կառուցում Ձորագետի վրա

ԷկոԼուր

Ձորագետի վրա նախատեսվում է հերթական կասկադային ՓՀԷԿ-ի կառուցումը: «Ձորագետ-4» ՓՀԷԿ-ը կառուցվելու Կաթնառատ գյուղից մոտ 7կմ հեռավորության վրա:  ՓՀԷԿ-ի շենքը կտեղակայվի Ձորագետ գետի ձախ ափին, ներկայումս գործող «Ձորագետ-5»  ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցից անմիջապես վերև: Ձորագետի վրա կառուցված են «Կաթնառատ», «Ձորագետ-5», «Ձորագետ-6», «ՁորաՀԷԿ» ՓՀԷԿ-երը: Ընդ որում, առաջին 3-ը կասկադային են: Մի ՓՀԷԿ-ի հեռացնող ջրանցքը հանդիսանում է մյուս ՓՀԷԿ-ին մոտեցնող ջրանցք: Երեք ՓՀԷԿ-երի համար գումարային օգտագործվում է 7600 կմ երկարությամբ գետահատված: Այդ գետահատվածում իրականացվում են տարբեր նպատակներով ջրառներ, որոնց համար կառուցվել են հիդրոտեխնիկական  տարբեր կառույցներ: Այս ամենը առաջացնում է բնապահպանական ծանրաբեռնվածություն Ձորագետ գետի վրա: «Ձորագետ-4»  ՓՀԷԿ-ի կառուցմամբ այդ ծանրաբեռնվածությունն էլ ավելի կմեծանա. խողովակի մեջ կվերցվի գետի գումարային  13961մ տարածքը (20.83%):

«Ձորագետ-4» ՓՀԷԿ-ի կառուցման հայտը ՀՀ բնապահպանական փորձաքննության է ներկայացրել «Ասինտար» ՍՊԸ-ն:

ՓՀԷԿ-ը կօգտագործի  Ձորագետ գետի 1905մ (N 41o 01’ 57.2’’ E 44o 05’ 19.7’’) և 1727մ (N 41o 01’ 54.2’’ E 44o 07’ 59.3’’) նիշերի միջև 178մ անկումը: Ճնշումային խողովակաշարի երկարությունը 3870մ է, տրամագիծը 1220մմ:

ՓՀԷԿ-ի կառուցման հայտում նշված է. «Ձորագետ գետը դասվում է ձկնատնտեսական ջրային օբյեկտների շարքին՝ համաձայն 1991թ. դեկտեմբերի 19-ին ընդունված ՀՀ նախարարների խորհրդի «Հայաստանի Հանրապետության որոշ ջրային օբյեկտներ ձկնատնտեսական ջրավազանների կարգին դասելու մասին» թիվ 687 որոշման հավելվածի: Ուստի հաշվի առնելով վերոնշվածը՝ նախագծով նախատեսվում է իրականացնել ձկնապաշտպան միջոցառումներ»: Սակայն չի մանրամասնվում, թե ինչ միջոցառումների մասին է խոսքը: Մասնավորապես ՓՀԷԿ-ի կառույցների նկարագրության մեջ չի նշվում ձկնանցարանի կառուցման, ձկնապաշտպան ցանցի տեղադրման մասին:

Նշվում է, որ բնապահպանական թողքը սահմանվել է 0.2 խմ/վ, բայց թե որտեղով է այդ թողքը հոսելու գետ, եթե ձկնանցարան նախատեսված չէ, դա ևս չի նշվում: 

Կառուցվելու է ջրընդունիչ հանգույց, ջրթափ պատվարով, 2 պարզարաններով, եւ մի պարզարանում նստեցված ջրաբերուկները կրկին արտանետվելու են գետ:

Չի նկարագրվում տեղի ձկնաշխարհը, միայն նշվում է, որ շինարարության ժամանակ գետի ջրի ռեժիմի փոփոխումը, աղտոտվածության հնարավոր բարձրացումը, շինարարական աղմուկը կարող են ազդել գետի կենդանական աշխարհի` առանձնապես ձկների վրա: Գետի ջրի աղտոտվածության բարձրացումը` հիմնականում կախյալ մասնիկներով կարող են խցանել ձկների խռիկները: «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցովե ձեռնարկի համաձայն. «Դեբեդ գետի ավազանին պատկանող ջրակալներում հանդիպում են կարմրախայտը Salmo trutta fario, արևելյան տառեխիկը Alburnoides eichwaldii, Կուրի բեղաձուկը Barbus cyri, Սևանի կողակը Capoeta sevangi, Կուրի կողակը Capoeta capoeta capoeta, Կուրի սպիտակաձուկը Alburnus filippii, մուրծին Luciobarbus mursa, քառթակը Gobio sp., Կուրի լերկաձուկը Oxynoemacheilus brandtii, արծաթաձկնիկը Leucaspius delineatus, բրամը Abramis brama, արծաթափայլ կարասը Carassius  gibelio, նաև տարբեր ձկնային տնտեսություններից հաճախ այստեղ ներթափանցող ծիածանախայտը Parasalmo mykiss, երբեմն՝ կարպը Cyprinus carpio: Վերոգրյալ ձկնատեսակներից շատերը հանդիպում են Ձորագետի ու Փամբակի միախառնման տեղում և Ձորագետի հունով բարձրանում են դեպի հոսանքն ի վեր: Ձորագետի վրա կառուցված հիդրոէներգետիկ և հիդրոտեխնիկական կառույցները խոչընդոտում են ձկների միգրացիային: Արդյունքում Դեբեդում բնակվող ձկնատեսակները, որոնց մեծ մասին բնորոշ են սեզոնային միգրացիաները հատկապես բազմացման շրջանում, հնարավորություն չունեն բարձրանալ Ձորագետի հոսանքն ի վեր՝ այստեղ բնակվելու և բազմանալու համար»:

«Ձորագետ 4» ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը լինելու է 178 մ,  մաքսիմալ հաշվարկային ճնշումը՝ 177,9 մ, մինիմալ հաշվարկային ճնշումը՝164,8 մ, մաքսիմալ հաշվարկային ելքը՝  2,2 մ3/վ, մինիմալ հաշվարկային ելքը՝ 0.26 մ3/վ, դրվածքային հզորությունը 3ՄՎտ, հիդրոագրեգատների քանակը՝ 3, էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքը՝ 11,58 մլն.կՎտԺ:

18:43 Հուլիս 06, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news