Նախատեսվում է «Կապուտջուղ» ՓՀԷԿ-ի կառուցումը «Զանգեզուր կենսոլորտային համալիրի» տարածքում

Նախատեսվում է «Կապուտջուղ» ՓՀԷԿ-ի կառուցումը «Զանգեզուր կենսոլորտային համալիրի» տարածքում

ԷկոԼուր

«Արև և Ջուր» ՍՊԸ-ն նախատեսում է «Զանգեզուր կենսոլորտային համալիրի» մեջ ընդգրկված  «Զանգեզուր» պետական արգելավայրում` Ողջի գետի Կապուտջուղ վտակի (երկարությունը 8630 մ) վրա կառուցել «Կապուտջուղ»  ՓՀԷԿ-ը: Վարչական պատկանելության տեսակետից ՓՀԷԿ-ի կառուցվածքները տեղակայվելու են Քաջարան գյուղական և Քաջարան քաղաքային համայնքների սահմաններում` զբաղեցնելով 0.384հա:

Ըստ հայտի` դիտարկվող տարածաշրջանում հանդիպում են Կարմիր գրքում գրանցված հետեւյալ կենդանատեսակները`  Սյունաձև խխունջ,  Ֆալետիի կողնջակեր ցայտագնայուկ,  Կապանյան երկարաμեղիկ,  Ապոլոն,  Բրենթիս Ինո, Ալկոն կապտաթիթեռ, Արիոն կապտաթիթեռ, Հուբերտի կապտաթիթեռ, Պրոզերպինա իլիկաթիթեռ, Հարավային պայթաքիթ:

Կապուտջուղ գետակի վրա ՓՀԷԿ-ի կառուցումը կարող է ունենալ  հետևյալ բացասական ազդեցությունները`

  1. ՓՀԷԿ-ի շահագործման ժամանակ գետի ջրային հոսքի նվազեցման արդյունքում փոփոխության կարող է ենթարկվել գետի էկոհամակարգը, իսկ գերնորմատիվային ջրառը կարող է առաջացնել զգալի վնաս:
  2. Հնարավոր ազդեցությունները գետային էկոհամակարգի վրա կարող են արտահայտվել.
  • ջրառի պատճառով գետի որոշակի հատվածում  ջրի ելքերի զգալի նվազմամբ և վերջինիս պատճառով հիդրավլիկական, ջերմային, նստվածքաբերման, նստեցման և հունալվացման, ինչպես նաև ջրի ինքնամաքրման ռեժիմների խախտմամբ,
  • տեղական ձկների բնակեցման, սնման, ձվադրման և բազմացման պայմանների փոփոխմամբ
  • գետի հունում անմիջական շինարարական աշխատանքներ կատարելիս (պատվարի և ՓՀԷԿ-ի շենքի կառուցում),
  • գետի ջրի աղտոտմամբ` կախված նյութերով, առարկաներով և նավթամթերքներով,
  • ջրի որակի հնարավոր վատացմամբ՝ շինհրապարակներում կուտակված շինարարական աղի և վառելիքաքսայուղային նյութերի ողողման և մակերևութային հոսքով գետի մեջ տեղափոխման պատճառով:

ՓՀԷԿ-ի կառուցման տարածքում ծառահատումներ չեն նախատեսվում:

Նշենք, որ ՓՀԷԿ-ի բնապահպանական թողքը սահմանված է 0.03խմ/վ: Դերիվացիոն խողովկաշարի երկարությունը 1000մ է, տրամագիծը` 820մմ:

«Կապուտջուղ» ՓՀԷԿ-ի համար անհրաժեշտ ջրառն իրականացվելու է գետահովտի 2168.0մ նիշ ունեցող գետահատվածում`Քաջարան համայնքում: ՓՀԷԿ-ի շենքը կառուցվելու է Քաջարան համայնքում /նիշը`2048.0մ/:

«Կապուտջուղ« ՓՀԷԿ-ի ջրաէներգետիկ ցուցանիշներն են`

  •  Էներգետիկ օգտագործվող հոսք 44.28մլն.մ3
  •  Դրվածքային հզորությունը 1227ԿՎտ
  •  հաշվարկային ելք 1.4մ3/վրկ
  •  հաշվարկային ճնշում 109.6մ
  •  Հիդրոագրեգատների քանակը 2 հատ
  •  Միջին տարեկան արտադրված էլեկտրաէներգիայի քանակ` 4.037մլն. ԿՎտԺ:

«Կապուտջուղ» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները տեղի կունենան սույն թվականի ապրիլի 30-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետարանում:

Այս բաժնում տեղադրված նյութերը պատրաստվել են «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Ապրիլ 28, 2015 at 17:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր