Թեղուտի պաշտպանները կոչ են անում Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայությանը ներգրավվել Հայաստանում ընթացող սոցիալական արդարության վերականգնման, բնապահպանության և արժանապատիվ կյանքի պայքարին

Թեղուտի պաշտպանները կոչ են անում Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայությանը ներգրավվել Հայաստանում ընթացող սոցիալական արդարության վերականգնման, բնապահպանության և արժանապատիվ կյանքի պայքարին

ԷկոԼուր

«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայությանը ներգրավվել Հայաստանում ընթացող սոցիալական արդարության վերականգնման, բնապահպանության և արժանապատիվ կյանքի պայքարին: Նախաձեռնության տարածած «ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ» մանիֆեստում նշված է. «

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը`

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքներով`հանուն մարդու առողջ եւ արժանապատիվ կյանքի, սերունդների ազատության, ընդհանուր բարեկեցության և երջանիկ կյանքի,

Հավատարիմ մնալով Նախաձեռնության 22 փետրվարի 2012 թվականին ընդունված Կոչում տեղ գտած համամարդկային արժեքներին և սկզբունքներին,

Հասկանալով մեր երկրում տիրող համակարգային կոռուպցիայի, տնտեսության մենաշնորհային կառուցակարգի, ընդերքի բնական պաշարների անվերահսկելի գերշահագործման և դրանցից ստացվող եկամուտների անարդարացի բաշխման և արդարադատության համակարգի բացակայության պատճառները, որոնք հանգեցնում են սոցիալական անարդարության եւ զանգվածային արտագաղթի,

Անժխտելի համարելով, որ մարդը, նրա արժանապատվությունը, նրա հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են, և, որպես բնության մաս, մարդը պետք է ապրի առողջ, բարեկեցիկ եւ ներդաշնակ շրջակա միջավայրում,

Գիտակցելով, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին,  և, որ պետական ծառայողները պարտավոր են առաջնորդվել հանրային շահով և իրենց գործողությունների համար մինչև վերջ հաշվետու լինել հանրության առջև, 

Ինչպես նաև, կարևորելով քաղաքացիական սոլիդարությունը և փոխադարձ աջակցությունը, ինքնակազմակերպված քաղաքացիական դիմադրության տարբեր ոլորտներում պայքարող մարդկանց միջև`

Իր անվերապահ վճռականությանն է հայտնում բոլոր գործողություններում հիմնվել մեր երկրի Սահմանադրությամբ ամրագրված իրավական արժեքային համակարգի վրա, առաջնորդվել քաղաքացիական հասարակության կայացման համար անհրաժեշտ` մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության սկզբունքներով, չընկրկել և հետ չկանգնել Հայաստանում սահմանադրականության հաստատման, իրավունքի և իրավական օրենքի գերակայության հիմնարար սկզբունքներից:

Որպես իր գործունեության արժեհամակարգային մոտեցումներ, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը որդեգրում է՝

1. Քաղաքացիական
 դիմադրության ոչ բռնի եղանակը` որպես Նախաձեռնության կողմից հռչակվող բացարձակ սկզբունք և գործելաոճ: Նախաձեռնությունն առաջնորդվում է այն անքակտելի գիտակցությամբ, որ կայուն և առաջադեմ քաղաքացիական հասարակության ձևավորման համար անհերքելի նախապայման է օրինականության, հանդուրժողականության վրա հիմնված քաղաքացիական գիտակցության և մշակույթի կերտումը.

2. Պայքարի քաղաքացիական բնույթը՝ որպես Նախաձեռնության աշխարհայացքային դիրքորոշում: Մենք հիմնվում ենք այն սահմանադրական ելակետի վրա, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Մենք ենք իշխանության կրողը՝ սուվերենը և որոշում կայացնողները: Չժխտելով Նախաձեռնության նպատակների իրականացման համար քաղաքական ուժերի հետ համագործակցության հնարավորությունը՝ հայտարարում ենք, որ վարչական լծակներ ձեռք բերելու համար մղվող քաղաքական-կուսակցական պայքարը դուրս է Նախաձեռնության նպատակների և խնդիրների տիրույթից.

3. Իրավունքի գերակայության սկզբունքը՝ որպես իրավական մեխանիզմ հակաիրավական և անարդարացի օրենքների դեմ և դրանցից բխող հետևանքների դեմ պայքարելու համար: Պետական կառավարման տարբեր ոլորտներում վարչական լծակներ ունեցող անձիք ընդունում են իրավական ակտեր, որոնք միտված են նրանց անձնական բիզնեսը ծաղկեցնելուն և հակասում են պետության և ժողովրդի ազգային շահերին, յուրացնում են հանրային ունեցվածքը: Այդօրինակ օրենքներն օրինականացնում են Հայաստանում առկա համակարգային կոռուպցիան և մարդու շահագործումը: Իրավունքի գերակայության իմաստով այսօրինակ օրենքներն անընդունելի են և չեն ճանաչվում Նախաձեռնության կողմից.

 4. Ներկայացուցչական ժողովրդավարության սկզբունքների ձախողման պարագայում, անմիջական 

Ժողովրդավարության սահմանադրական սկզբունքի կիրառումը քաղաքացիական իրավունքների և հանրային սեփականության պաշտպանության համար.

5. Բնական պաշարների ողջամիտ օգտագործումը և այլընտրանքային տնտեսական ճյուղերի զարգացումը՝ որպես երկրի տնտեսական զարգացման, սոցիալական արդարության և բարեկեցիկ հասարակության հիմնարար նախադրյալ: Հանրային ունեցվածքը և երկրի բնական պաշարները հանդիսանում են ժողովրդի սեփականությունը, որոնցից ստացվող եկամուտները պետք է հանրության միջև բաշխվեն արդարացիորեն:

Մենք անհերքելի ենք համարում, որ գիտակից քաղաքացիական հասարակության, ամուր և իրական ժողովրդավարության կերտումը Հայաստանի պահպանման համար կենսական անհրաժեշտություն է: Ուստի «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունը, համախմբում է ազատ և գիտակից մարդկանց Հայաստանում, Սփյուռքում և ամբողջ աշխարհում, ովքեր հավատում և պայքարում են հանուն մարդու առողջ և արժանապատիվ կյանքի:

Նախաձեռնությունը հորդորում է Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ապրող երիտասարդներին անհապաղ և անմիջականորեն ներգրավվել Հայաստանում ընթացող սոցիալական արդարության վերականգնման, բնապահպանության և արժանապատիվ կյանքի պայքարին:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունն առաջնորդվում է այն գիտակցությամբ, որ Մանիֆեստում արտացոլված արժեքներն ու սկզբունքները կենսագործելը մեզ համար ոչ թե պայքար է, այլ ամենօրյա ապրելակերպ: Մենք հանձնառություն ենք ստանձնում համառորեն և մինչեւ վերջ հետամուտ լինելու մեր հանրային շահերի և իրավունքների պաշտպանությանը և կոչ ենք անում մեր սկզբունքները և աշխարհայացքը կիսող բոլոր կազմակերպություններին, նախաձեռնություններին և քաղաքացիներին համերաշխություն հայտնել Մանիֆեստով հռչակվող մոտեցումներին»: 

Դեկտեմբեր 21, 2012 at 12:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր