Որոտանի ՀԷԿ-երի համալիրի իրական գինը և գործարքի մութ կողմերը

Որոտանի ՀԷԿ-երի համալիրի իրական գինը և գործարքի մութ կողմերը

ԷկոԼուր

«Վաճառել այնպիսի յուրահատուկ կառույց, ինչպիսին է  Որոտանի ՀԷԿ-երի համալիրը նշանակում է ուղղակի տնտեսապես մի շատ համեղ պատառ ուրիշին տալ»: Այսպես մեկնաբանեց Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքը տնտեսագետ Վահագն Խաչատրյանը այսօր՝ մարտի 13-ին, ԷկոԼուր մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Սասուն Խաչատրյանը ստորագրել են «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր»-ի գույքի առուվաճառքի պայմանագիրը` 180 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:

«Մենք կորցրեցինք ինժեներական առումով շատ յուրահատուկ կառույց, որի նպատակն էր արտադրել էլեկտրաէներգիա և ունենալ կարգավորիչ դեր Հայաստանի հիդրոէներգետիկ համակարգում, որովհետև այնտեղ գտնվող 3 ջրամբարները հնարավորություն են տալիս, անկախ եղանակային պայմանների, միշտ ակտիվ էլեկտրաէներգիա արտադրող կայան ունենալ: Այդ հանգամանքն են հաշվի առել նաև Հայաստանի ատոմակայանը կառուցելիս: Ատոմակայանը պետք է մաս լիներ այնպիսի մի էներգետիկ համակարգում, որտեղ անվտանգությունը 100 տոկոս երաշխավորող կայան պետք է լիներ: Այսինքն, նա կարողանում էր փոխարինել ատոմակայանին, եթե խնդիր լիներ ատոմակայանի հետ, Որոտանի ՀԷԿ-ը միշտ կարող էր ամբողջ հզորությամբ աշխատել»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Որոտանի ՀԷԿ-երի համալիրի միջոցով վճարվել են նաև «Նաիրիտ գործարան»   ՓԲԸ-ի աշխատողների աշխատավարձերը: «Կառավարությունը դրանով հնարավորություն է ունեցել լուծել օպերատիվ խնդիրներ, իսկ այսօր կառավարությունը զրկվեց նաև այդ լծակից: Պայմանագրի ցավոտ կողմերից է նաև այն, որ հետագայում ՀՀ քաղաքացիները ստիպված են լինելու ավելի թանկ վճարել  էլեկտրաէներգիայի համար: Վերջին տարիներին այնտեղ տեղի է ունեցել գնվող էլեկտրաէներգիայի գնի բարձրացում: Երբ նայում ենք պայմանագիրը նոր գնորդի հետ,  3-4 տարվա ընթացքում գինը պետք է եռապատկվի, իսկ ընդհանրապես՝ քառապատկվի, որը նաև նշանակում է, որ հետագայում մենք  էլեկտրաէներգիայի համար ավելի թանկ ենք վճարելու»,- նշեց տնտեսագետը: 

Իսկ հարցին, թե ի՞նչ է տալու  ՀՀ քաղաքացիներին այդ պայմանգիրը, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Ոչինչ...իր առաջին 5-7 տարիների ընթացքում  հասցնելու է մաքսիմալ հզորությունների օգտագործումը, որը հավասար է 1 միլիարդ 200 միլիոն կվտ էլեկտրաէներգիա տարեկան, այդ 7 տարիների ընթացքում կատարելու է (ընկերությունը)  70 միլիոն ներդրում, որը մեծ գումար չէ նման կայանի համար, հաշվի առնելով, որ Որոտանի ՀԷԿ-երի համալիրը այնպիսի մի կառույց էր, որն իր արժեքով կարող էր հարյուրավոր միլիոն դոլարների կապիտալ ներդրումներ ստանալ 5-15 տարիների կտրվածքով»: 

Անդրադառնալով  գործարքի օրինականությանը՝ Վահանգն Խաչատրյանը նշեց. « ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հենվում էր նրա վրա, որ կառավարության որոշման անհրաժեշտությունը չկա, ՓԲԸ-ի սեփականատերը կարող էր իր ցանկությամբ վաճառել, ինչը որևէ իրավական շրջանակների մեջ չի մտնում: Հետո պարզվում է, որ եղել է կառավարության որոշումը…Շեշտվում է ամերիկյան երկու կազմակերպությունների անուններ... Հետքրքիր է,  ո՞վ է այդ գնորդ հանդիսացող կազմակերպությունը, որը գրանցված է այստեղ, որովհետև այնտեղ ամերիկյան մի կազմակերպությունը միջնորդ է»: Վահագն Խաչատրյանի խոսքով՝ գնորդ հանդիսացող կազմակերպությունը նոր կազմակերպություն է եւ դեռեւս մեկ ամիս առաջ այն որպես կազմակերպություն գրանցված չի եղել: 

Իսկ որտե՞ղ է վաճառքից ստացված 180 միլիոն դոլարը: «Պայմանագրում գրված է, որ փոխանցվում է վաճառողին: Հիմա այստեղ ո՞վ է վաճառողը: Կառավարությու՞նը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերությու՞նը, էներգետիկայի նախարարությու՞նը…Այս հարցն է, որի պատասխանը չեն տալիս: Պարզ է , որ սա պետք է լինի պետական բյուջեի գումար,բայց պետբյուջե գումարը չի գնացել»,- նշեց տնտեսագետը:
 
Ըստ Վահագն Խաչատրյանի` գնորդի ամբողջ շահագրգռվածությունը սակագնային փաթեթն է: «Սակագինը  2015 թ-ի հունվարին կսկսի բարձրանալ, մինչև 2027 թ-ը 4 անգամ կավելանա: 7 տարուց հետո ոչ մի ներդրում այլևս չի լինելու, աշխատելու է, շահույթ է ստանալու, գումարը տանելու է, իսկ սակագինը բարձրանալու է: Վաճառքի ամբողջ գրավչությունը սակագինն է, սակագինը ո՞վ է վճարելու, ի վերջո… Մենք: Ի՞նչ է ստացվում: Առաջինը, մենք՝ քաղաքացիներս,  փաստորեն, միայն վնասներ ենք ստանալու, հաստատ հաջորդ տարիներին մեզ ասելու են՝ Որոտանի ՀԷԿ-ում ներդրում է եղել, մենք ստիպված ենք նրա սակագները բարձրացնել: Երկրորդը, պետական բյուջե այսօրվա դրությամբ գումար չի մտել, այսինքն, մենք պետական ունեցվածք վաճառելով ոչինչ չենք ստացել»,-ասաց նա՝ հավելելով, որ 403 ՄՎտ հզորությամբ այդպիսի կայան այսօր կառուցելու համար հարկավոր է նվազագույնը 900 միլիոն դոլար:

Մանրամասները՝ տեսանյութում: 


)

20:42 Մարտ 13, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news