«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն ֆինանսական փոխհարաբերություն չի ունեցել EITI-ի հասարակական խմբի անդամների հետ

«Կապանի  լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն ֆինանսական փոխհարաբերություն չի ունեցել EITI-ի հասարակական խմբի անդամների հետ

ԷկոԼուր

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն ֆինանսական փոխհարաբերություն չի ունեցել «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի, «ԷկոԻրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) հասարակական խմբի մյուս ներկայացուցիչների հետ: Այս մասին ՀԿ-ների հարցմանն ի պատասխան տեղեկացրել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դիմիտրի Ուշկովը:

Հիշեցնենք, որ հասարակայնության 5 ներկայացուցիչներ, որոնք ընդգրկված են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) մեջ, նամակ են հղել հանքարդյունաբերող ընկերություններին՝ բացելու ֆինանսական հարաբերությունների մասին տվյալները այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք սկանդալային տեսահոլովակում մեղադրվում էին գումար շորթելու մեջ: Տեսահոլովակը պատրաստված էր անանուն անձանց կողմից և տարածված էր «Facebook» սոցիալական ցանցում՝ «Փակագծերից դուրս» էջում, որը նույնպես անանուն էր բացվել, փակ էին էլեկտրոնային հասցեները, ուղարկողի տվյալները և այլն:

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի պատասխան նամակում ասված է. «Ի պատասխան Ձեր 09.01.2017 թ. հարցման՝ անհրաժեշտ ենք համարում Ձեզ տեղեկացնել, որ «ԴԱՆԴԻ ՓՐԻՇՍ ՄԵԹԱԼՍ ԿԱՊԱՆ» ՓԲ ընկերությունը 28.04.2016 թ. ձեռք է բերվել «Պոլիմետալ» խմբի կողմից և այդուհետ վերանվանվել «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ:
Որպես «Պոլիմետալ» խմբի մեջ մտնող ընկերություն՝ «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերությունը չի կիրառում շահագրգիռ հանրության ներկայացուցիչների (այդ թվում՝ բնապահպանական հասարակական կազմակերպությունների) հետ փոխգործողության այնպիսի ձևեր, որոնք նպատակ ունեն և (կամ) հանգեցնում են նրանց գնահատականների ու դատողությունների օբյեկտիվության խաթարման, իսկ հարցման մեջ հիշատակված անձանց՝ հարցման հեղինակների հետ չի ունեցել ոչ անմիջական, ոչ միջնորդավորված փոխհարաբերություններ (այդ թվում՝ ֆինանսական պարտավորություններ առաջացնող):

Միաժամանակ հայտնում ենք, որ «Պոլիմետալ» խմբի բոլոր ձեռնարկություններում ներդրված են շահագրգիռ կողմերի հետ փոխգործողության՝ միջազգային առաջադեմ չափորոշիչներին համապատասխանող ընթացակարգեր, որոնց շրջանակներում «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերությունը պատրաստ է բաց և կառուցողական երկխոսության ինչպես բնապահպանական հասարակական կազմակերպությունների, այնպես էլ շահագրգիռ հասարակայնության այլ ներկայացուցիչների հետ»:

Փետրվար 06, 2017 at 13:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր