ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է

ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է

ՀՀ բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

ecolur.org էլեկտրոնային կայքում 20.10.2016թ. հրապարակվել էր «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանի տեսակետը ՀՀ կառավարության նոր ծրագրի «Բնապահպանություն» հատվածի վերաբերյալ: Կիսելով հասարակական կազմակերպության նախագահի մտահոգությունը բնապահպանական խնդիրների լուծման հարցում` այնուամենայնիվ հրապարակման վերաբերյալ մի քանի նկատառումներ ներկայացնելու անհրաժեշտություն կա: Համաձայն չլինելով հրապարակման մեջ մատուցած կարծիքի հետ, թե ՀՀ կառավարության ծրագրի «Բնապահպանություն» բաժնում չկա համակարգված մոտեցում` նկատենք, որ վերոհիշյալ փաստաթղթում մատուցված են կոնկրետ գործողություններ, որոնք կրում են համակարգային բնույթ` սկսած բնապահպանական ռազմավարության մշակումից, մինչև առանձին կառավարման պլանների մշակումը:
«Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավաբան Արթուր Գրիգորյանի բարձրացրած հանքարդյուանբերության ոլորտին առնչվող 4 խնդիրներից 2-ը դուրս են ՀՀ բնապահպանության նախարարության լիազորությունների շրջանակից: Մասնավորապես` հանքարդյունաբերության ռազմավարության մշակման գործընթացը և հանքարդյունաբերությանը վերաբերող հիշատակված տեղեկատվությունները տնօրինում է հանքարդյունաբերության ոլորտի լիազոր մարմինը`ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջնային շահագրգռված է հասարակական կազմակերպության նախագահի կողմից բարձրացված բոլոր խնդիրների լուծմամբ `այդ թվում նաև նախարարության լիազորություններից դուրս գտնվող խնդիրների, որոնք առնչվում են բնապահպանության ոլորտին:

Հոդվածում արծարծված թափոնների հարցի վերաբերյալ հայտնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարի 2006 թ. թիվ 342-Ն հրամանով դասակարգված են ընդերքօգտագործման թափոնները, իսկ 2015 թ. թիվ 244-Ն հրամանով փոփոխություններ և լրացումներ են կատարվել թափոնների ցանկում:
ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստում ՀԿ-ների ներկայացուցիչների կողմից բարձրացված բոլոր առաջարկներն այս կամ այն ձևաչափով ընդգրկված են ՀՀ կառավարության ծրագրում, իսկ ծրագրից դուրս մնացած առաջարկների կյանքի կոչման ուղղությամբ արդեն ձեռնարկվում են գործուն քայլեր: Մասնավորապես` աշխատանքներ են տարվում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ոլորտում կարողությունների մեծացման ուղղությամբ:

Հոդվածի հեղինակի հրապարակած միջազգային ծրագրերով, որոնցից մեկը կրկին ՀՀ բնապահպանության նախարարության հետ չի արվում/ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ է արվում/, կարգավորվող գործընթացները ոչ թե կրկնում, այլ լրացնում են ՀՀ կառավարության ծրագրի բնապահպանական հատվածում ընդգրկված միջոցառումները:

ՀՀ բնապահպանության նախարարությունը` նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը հասարակական կազմակերպությունների հետ առողջ և կառուցողական համագործակցություն ծավալելու և Հանրապետությունում առկա բնապահպանական խնդիրները համատեղ ջանքերով լուծելու ուղղությամբ: Այս նպատակով շարունակական և գործնական բնույթ են կրելու հանդիպումները և համատեղ քննարկումները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հոկտեմբեր 25, 2016 at 17:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր