ՄԱԿ-ի ջրային ռեսուրսների համաժողովում ընդունվել է Ջրային ռեսուրսների գործողությունների նոր ծրագիր

ՄԱԿ-ի ջրային ռեսուրսների համաժողովում ընդունվել է Ջրային ռեսուրսների գործողությունների նոր ծրագիր

Նյու Յորքում մարտի 22-24-ը տեղի ունեցած ՄԱԿ-ի ջրային ռեսուրսների համաժողովում ընդունվել է Ջրային ռեսուրսների գործողությունների նոր ծրագիր։

«Այս փաստաթուղթը հաստատում է ջրի նկատմամբ մարդու հիմնական իրավունքը։ Այն հիդրոլոգիական համակարգի վրա բեռը նվազեցնելու և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում ճիշտ որոշումներ ու խելամիտ քաղաքականություն ընդունելու անհրաժեշտության մասին է, - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և նշել, - առանց ջրի կայուն զարգացում չի կարող լինել, և ջուրը պետք է լինի գլոբալ քաղաքական օրակարգի կենտրոնում։ Մարդկության ապագան և կայուն զարգացման նոր կուրսի ուղղությունը կախված է ջրի առկայությունից»:

Ջրային ռեսուրսների գործողությունների նոր ծրագրի իրականացումը կպահանջի ջրի, էկոհամակարգերի և կլիմայի նկատմամբ ինտեգրացիոն մոտեցում ՝ ուղղված ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և ամուր ենթակառուցվածքների զարգացմանը: Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ պետք է մշակվեն նոր, այլընտրանքային պարենային համակարգեր՝ սննդամթերքի արտադրության և գյուղատնտեսության ոլորտներում ջրի ոչ ռացիոնալ օգտագործումը նվազեցնելու համար: Նաև պետք է ներդրվի ջրային ռեսուրսների վերաբերյալ նոր գլոբալ տեղեկատվական համակարգ, որը կսահմանի 2030 թվականի պլաններն ու առաջնահերթությունները: Անհրաժեշտ է զուգահեռաբար ավելացնել ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում և ավելացնել ներդրումները Կայուն զարգացման 6-րդ նպատակի իրագործման նախագծերում, որը նախատեսում է մինչև 2030 թվականը ջրային ռեսուրսների և սանիտարական պայմանների առկայության ու ռացիոնալ օգտագործման ապահովում բոլորի համար:

Համաժողովի բացման ժամանակ տարբեր երկրներից հրավիրված երիտասարդներ ֆիլմի տեսքով ներկայացրել են իրենց երկրների ջրային ռեսուրսների տարբեր խնդիրները։ Սևանա լճի մասին խոսել է Ջրային ռեսուրսների միջազգային գրասենյակի պատվիրակության անդամ, Ջրային հարցերով եվրոպական երիտասարդական խորհրդարանի նախագահ, «Fill Up The Glass» գլոբալ երիտասարդական ջրային արշավի նախաձեռնողներից Հասմիկ Բարսեղյանը․

«Իմ երկիրը խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ։ Աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկի՝ Սևանա լճի գոյությունը վտանգված է աղտոտվածության և հաճախակի երաշտների պատճառով։ Լիճը հիվանդ է, ու պետք է անհապաղ բուժենք այն։ Ես կոչ եմ անում սերունդներով համախմբվել՝ պաշտապանելու Սևանա լիճը և քաղցրահամ ջրերի համաշխարհային պաշարները»։ 

Համաժողովին մասնակցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։ Իր ելույթում նա, մասնավորապես, նշել է․ «Հայաստանը դիտարկում է ջրային ազգային քաղաքականության մոտարկումը ՄԱԿ-ի Բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի հետ, ինչպիսին է Ջրի և Առողջության մասին ՄԱԿ-ի ԵՏՀ արձանագրությունը՝ համաձայն Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման կոնվենցիայի, կամ այլ գլոբալ պարտավորությունների, ինչպիսիք են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակները՝ որպես ջրային ռեսուրսների համալիր կառավարման սկզբունքներին համահունչ լրացուցիչ լծակ:

Թեև Հայաստանը դեռևս չի վավերացրել այս կոնվենցիան և արձանագրությունները, դրանք ծառայում են որպես ուղեցույց մեր ազգային քաղաքականության մշակման ժամանակ:

2020 թվականին Հայաստանը մշակել է Կայուն զարգացման 6-րդ նպատակին հասնելու ռազմավարությունը, որը ներառում է մանրամասն ելակետային վերլուծություն և Կայուն զարգացման նպատակների թիրախներին հասնելու սպառնալիքների բացահայտում:

Ջրային քաղաքականության հիմնական բարեփոխումները Հայաստանի և Եվրամիության միջև 2017 թվականին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս են կազմում: Համաձայնագիրը նախատեսում է ժամանակին համահունչ և հավակնոտ պարտավորություններ ջրային ռեսուրսների և որակի ոլորտում՝ կապված քաղաքային կեղտաջրերի մաքրման, խմելու ջրի, նիտրատների և ջրհեղեղների հարցերի հետ:

Ջրային օրենսգրքի 2022 թվականի փոփոխությունները Հայաստանի օրենսդրությունը մեկ քայլով մոտեցրին միջազգային լավագույն փորձին՝ ներառելով ջրի և սանիտարական հավասար հասանելիության, ինչպես նաև կլիմայի փոփոխության խնդիրները: Նույն թվականին Հայաստանի կառավարությունն ընդունեց Ջրային ոլորտի հարմարվողականության ծրագիրը և իր 5-ամյա Գործողությունների ծրագիրը՝ կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի ջրային ռեսուրսների աճող խոցելիության դեմ պայքարելու նպատակով»։

Լուսանկարները տրամադրել է Հասմիկ Բարսեղյանը



Մարտ 30, 2023 at 16:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր