Ամուլսար` քննարկում. Անկախ փորձագետները հերքում են «Գեոթիմ» ընկերության ներկայացրած տվյալները կենսաբազմազանության վերաբերյալ (Լուսանկարներ)

Ամուլսար` քննարկում. Անկախ փորձագետները հերքում են «Գեոթիմ» ընկերության ներկայացրած տվյալները կենսաբազմազանության վերաբերյալ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի տարածքը Կարմիր գրքում գրանցված կենդանիների եւ բույսերի բնադրվայր է, հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի,  առաջավոր ասիական ընձառյուծի միգրացիոն միջանցքն է, պնդում են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Հայաստան) մասնագետները: Վերջին տարիների ընթացքում անցկացրած հետազոտությունները  նրանք ներկայացրեցին մայիսի 21-ին` Ամուլսարի նախագծի քննարկման ժամանակ: Քննարկումը կազմակերպել էր «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ (OSF-Armenia):

Գիտական ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրեցին WWF-Հայաստանի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանը, դաշտային հետազոտող Ալեքսանդր Մալխասյանը, Հայկական բուսաբանական ընկերության նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլիանորա Գաբրիելյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու Անուշ Ներսիսյանը: Քննարկմանը նաեւ մասնակցեց Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյանի անվան բնապահպանական կենտրոն»-ի ներկայացուցիչ Կարեն Աղաբաբյանը: «Հակոբյան բնապահպանական կենտրոն»-ը «Գեոթիմ» ընկերության պատվերով Ամուլսարի նախագծի վերաբերյալ հետազոտություններ է անցկացրել: «Գեոթիմ»-ի ներկայացուցիչները (բաժնետոմսերի 95%-ը պատկանում է «Lydian International» ՍՊԸ-ին) քննարկմանը չմասնակցեցին, թեպետ նրանց հրավեր ուղարկվել էր, եւ ինչպես նշեցին կազմակերպիչները, նախնական բանակցություններ եղել են:

Ելույթների վերաբերյալ իրենց մեկնաբանություններն արեցին «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ Վազգեն Գալստյանը, Արտաշես Առաքելյանը, Ջերմուկի բնակիչ Արթուր Խաչատրյանը, իրավաբան-բնապահպան Արթուր Գրիգորյանը:

Կենսաբազմազանության վերաբերյալ անկախ փորձագետների տվյալները հակասում են այն փորձագետների տվյալներին, որոնք վարձվել են «Գեոթիմ»  ընկերության կողմից: WWF-Հայաստանի տվյալներով` Ամուլսարի շրջակայքում աճում  38 տեսակի բույս, եւ բնակվում է 36 տեսակի կենդանի: Էնդեմիկ եւ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակները 26-ն են: Կարմիր գրքում գրանցված կենդանիներից ներկայացված են հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, առաջավոր ասիական ընձառյուծը, ինչպես նաեւ շրջակայքում նկատվել է կասպիական ուլար, որի հետազոտություններն ակտիվ փուլում են: Պրոֆեսոր Էլիանորա Գաբրիելյանի տվյալներով` բուսական աշխարհի կենսաբազմազանությունը հատկապես շատ է Արփա եւ Որոտան գետերի ջրահավաք ավազանում, որի տարածքի մի մասը Ամուլսարի նախագծի ներքո է: «Ես զարմանում եմ, թե ով է արել այդ նախագծի գնահատականը: Նշված են բույսերի 9 տեսակներ, որոնք կարելի է ամենուր գտնել: Եւ ոչ մի խոսք չկա այն բույսերի մասին, որոնք իսկապես այնտեղ կան: Դա ուղղակի ծիծաղելի է»,- ասաց Էլիանորա Գաբրիելյանը:

«Մենք Կարմիր գրքում գրանցված տեսակներ ենք հայտնաբերել նաեւ Արփա գետի ավազանում»,- ասաց Անուշ Ներսիսյանը: Նա թվարկեց Կարմիր գրքում գրանցված եւ էնդեմիկ մի քանի տեսակներ, որոնց կարելի է հանդիպել միայն այդ տարածքում:

«Կա ծրագիր`հատուկ պահպանվող տարածքների զարգացման ռազմավարության համապատասխան, որը հաստատվել է կառավարության կողմից: Ըստ այդ ծրագրի` պետք է ստեղծվեր Ջերմուկ ազգային պարկ: Մենք ուղղակի շատ կարճ եւ արագ գնահատում ենք արել` հնարավոր է այնտեղ ազգային պարկ ստեղծել, թե ոչ: Այնտեղ կա արդեն իսկ գործող երեք արգելավայր: Մեր մոտեցումն այն է, որ այդ արգելավայրերը կարելի է բերել մեկ կառավարման մարմնի ներքո, միացնելով իրար, ունենալ մի մեծ տարածք` ազգային պարկ, որն առաջին հերթին կարեւոր է եւ կենսաբազմազանությունը պահպանելու համար, եւ երկրորդը, կխթանի այնտեղ տուրիզմը, նամանավանդ Ջերմուկի զարգացման հետ կապված պետական եւ կառավարության կողմից հաստատված մեծ ծրագրեր կան: Ես ծանոթացել եմ շվեյցարացի փորձագետների պատրաստած Ջերմուկի ծրագրի հետ, որը համահունչ է եւ Ազգային պարկի եւ Ջերմուկի հետ: Ազգային պարկը պետք է, որ պահպանվի այդտեղի ջրաբանական տարածքները, Ջերմուկի ջուրն էլ չկորի: Մոտավոր 2,5 միլիոն եվրոյի հաշվարկ ենք արել այդ ներդրումային ծրագրի համար, որը կուղղվի եւ ազգային պարկի ստեղծման եւ այնտեղ եղած 4 համայնքների տնտեսական զարգացմանը: Ջերմուկի այդ համակարգից հարկերի ձեւով մոտ 5 միլիոն դոլլար է պետբյուջե գնում տարեկան, իսկ Ամուլսարի ծրագրով, ինչքան գիտեմ, նախատեսվում է 20 միլիոն դոլլար տարեկան: Բայց եթե նայենք, 10 - 15 տարի Ամուլսարը կգործի ու հետո չի գործելու, Իսկ Ջերմուկը միշտ կգործի, նամանավանդ որ կան ծրագրեր Ջերմուկի զարգացման հետ կապված, այսինքն, որ այնտեղի տուրիզմը 2-3 անգամ կավելանա»,- ասաց Կարեն Մանվելյանը:

 Նախագծողների կողմից հանդես եկավ Կարեն Աղաբաբյանը: Ըստ նրա` հետազոտման համար ընտրված կենդանական խումբը ներառում էր թռչուններին, ճպուռներին, թիթեռներին եւ բզեզներին: «Տարածքում բնադրման սեզոնին հանդիպում են 56 տեսակի թռչուն: Տարածքում հանդիպում են մի քանի տեսակի գիշատիչ թռչուններ, որոնցից 2-ը բնադրում են տարածքում, իսկ մնացածը տարածքը օգտագործում են որպես սնման վայր:  Բնադրողների մեջ այդ բաց հանքում եւ ապագա կույտային լցակայանի տարածքներում Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, ցավոք, մենք չենք հայտնաբերել: Սակայն այն գիշատիչ թռչունները, որոնք բնադրում են հարակից տարածքներում եւ այդ տարածքը ժամանակ առ ժամանակ օգտագործում են որպես կերակրման վայր, իրենց մեջ կան Կարմիր գրքում գրանցված թռչուններ: Ցերեկային թիթեռներից մենք հայտնաբերել ենք 60 տեակի թիթեռ, որոնցից միայն 1-ն է գրանցված Կարմիր գրքում, եւ մենք հստակ նշել ենք, թե որտեղ է այն հանդիպում: Նույնը վերաբերում է գիշերային թիթեռների մի տեսակին, որը նույնպես գրանցված է Կարմիր գրքում: հայտնաբերել ենք մեկ տեսակի բզեզ, որը գրանցված է հայաստանի Կարմիր գրքում: Ճպուռներից Կարմիր գրքում գրանցված տեսակ չենք հայտնաբերել»: Կ. Աղաբաբյանի խոսքերով` իրենք «միայն ինվենտարիզացիա են անցկացրել եւ մոնիտորինգի պլանն են որոշել»:

Ջերմուկի բնակիչ Արթուր Խաչատրյանը իր ելույթում նշեց. «Այն ընկերները, որոնք ուզում են հանքը բացել, Կարմիր գրքի մեջ գտնվող ջերմուկցիների մասին թող մտածեն: Սովետական Միության ժամանակ 8000 բնակիչ կար, այսօր եթե դուք ամեն մի բնակարան մտնեք, 3000-ից, 4000-ից ավելի չեն: Մարդիկ վախեցած են այդ հանքից, հանքի աշխատանքից եւ ամբողջ դրա տված վնասից: Մարդիկ 4000-5000 դրամով հաց են հայթհայթում այդ սարերից` հավաքելով այդ բույսերը: Բնականաբար, ուտում են, վաճառում են, որը գալիս է Երեւան եւ այլն: Դուք մտածեք ձեր մասին էլ նույնպես: Բուն ջերմուկցիները շատ մտահոգված են այդ թեմայով: Ես համոզված եմ, որ ջերմուկցիների 99%-ը դեմ կլինի …Կարմիր գրքում գրանցված թռչունները պարտադիր չէ, որ գնան, այդ սարի վրա բնակվեն: Այո, ուլարներ կային այդ սարի վրա, այսօր դժվար թե լինեն, ես եմ տեսել: Արջերը` 3 որջ, երկու սիրիականի, մեկ  կովկասյան գորշ արջի, ես շատ քաջատեղյակ եմ, որ անցքի մեջ, որ սարի վրա են դրանք: Մեղք են, դրանք չկան արդեն, բնականաբար: Երբ որ գիշատիչ թռչունները գնում են հարավ, այդ ուղու վրա սեպտեմբերի վերջ, հոկտեմբերին կտեսնեք մոտ 25 տեսակի գիշատիչ թռչուն»:

Վազգեն Գալստյանը նշեց «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի եւ Ամուլսարի ծարգրի միջեւ առկա հակասությունները: Ստորեւ ներկայացնում ենք թեմայի շուրջ մամուլի հրապարակումները:

Ի գիտություն «Գեոթիմ» ՓԲԸ-ի՝ Ամուլսարում Կարմիր գրքում ընդգրկված կենդանական և բուսական տեսակներ շատ կան

Tert.am

«Գեոթիմ» փակ բաժնետիրական ընկերությունն այսօր դարձյալ հրաժարվել էր մասնակցել Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի վերաբերյալ հրավիրված աշխատանքային քննարկմանը, որի ձևաչափն, ի դեպ, հենց հիշյալ ՓԲԸ-ն էր առաջարկել: Քննարկմանը ներկա էին տարածքն ուսումնասիրած մասնագետ բուսաբաններ, կենսաբաններ և խնդրով մտահոգ բնապահպաններ:

Տարածքի կենսաբազմազանության վերաբերյալ միակ աշխատանքային քննարկմանը, որը Ջերմուկում կազմակերպել էր «Գեոթիմ» ՓԲԸ-ն և որին մասնակցել էր նաև Բնապահպանության նախարարությունը, ի տարբերություն մասնագետների պնդումների, բոլորովին այլ զեկույցներ էին ներկայացվել: Մասնագետների խոսքով՝ նրանց կողմից ներկայացված փորձաքննության արդյունքները հակասական են, և եթե մի դեպքում գրել են, որ այդ տարածքում կան Կարմիր գրքում գրանցված բույսեր, թռչուններ ու կենդանիներ, մյուս դեպքում՝ նշել են, որ չկան:

Մասնագետները նշեցին, որ քննարկման նպատակն է ներկայացնել կատարված ուսումնասիրությունները և եթե շահագործող ընկերությունը ներկա լիներ, ըստ նրանց, կիմանար կա՞ն վտանգված տեսակներ, թե՞ ոչ:

Կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանը քարտեզի վրա մանրամասնորեն ներկայացրեց կենդանական և բուսական տեսակները, որոնք Հայաստանի Կարմիր գրքում հաստատապես ընդգրկված են, բացի այդ, նա նաև նշեց, որ այդ տարածքը գիշատիչ կենդանիների ու թռչուների համար միգրացիոն միջանցք է: Մանվելյանը նկատում է, որ վերոնշյալ քարտեզը ոչ թե հայ մասնագետների, այլ գերմանացի մասնագետների կողմից է ներկայացվել, որը հաստատել են միջազգային 150 մասնագետ:

«Այստեղ էլ տեսնում ենք՝ կարևորագույն բնապահպանական տարածք է և միջանցք: Կարևորագույն թռչնաբանական 10 տարածքներից մեկն այստեղ է: Ջերմուկի Սպանդարյան ջրամբարը միակ միջանցքն է, որ կարող է կենդանիների ելքն ու մուտքն ապահովել դեպի ղարաբաղյան անտառներ»,- ասաց Կենսաբանական գիտությունների թեկնածուն:

Ըստ նրա՝ ուսումնասիրված 40.000 հա վրա 38 բույս կա, որոնցից 26-ը՝ Կարմիր գրքում է, 14-ը էնդեմիկ տեսակի են, այսինքն՝ դրանք միայն Հայաստանում կարելի է հանդիպել, որոնցից երկուսն, ընդհանրապես, անհետացման վտանգի տակ են: Հինգ անողնաշար և 34 ողնաշարավոր կենդանիներ կան, որոնց թվում են մուֆլոնը, կովկասյան ընձառյուծը, բեզոարյան այծը և հովազը:

Ամերիկյան համալսարանի փորձագետ Կարեն Աղաբաբյանն անձամբ է կատարել թռչունների մասով ուսումնասիրություն և պարզել, որ 56 տեսակի թռչուն կա, այդ թվում նաև գիշատիչների մի քանի տեսակ, որոնց թվում են արծիվները: Իսկ Հայաստանի արծիվների բոլոր տեսակները, ըստ նրա, Կարմիր կրքում են ընդգրկված: Հայաստանում հանդիպում է նաև տափաստանային բազեն, որը ևս միջազգային Կարմիր գրքում է գրանցված:

Թռչուններից երկուսի բնադրման վայրը Հայաստանն է, մյուսների համար այն ուղղակի սնման վայր է: Ըստ փորձագետի, այստեղ կան ցերեկային թիթեռների 60 տեսակներ, որոնցից մեկն է գրանցված Կարմիր գրքում, նույնչափ վտանգի տակ են գիշերային թիթեռները, Կարմիր գրքում գրանցված է մեկ տեսակի բզեզ, իսկ ճպուռներ Կարմիր գրքում չկան:

Քննարկմանը ներկա բուսաբաններն ու կենդանաբաններն առանձին-առանձին ներկայացրեցին իրենց ուսումնասիրություններն ու անուններով նշեցին վտանգված տեսակները:

Մասնագետները նաև հավելեցին, որ Հայաստանում կա երեք տեսակի արջ: Ջերմուկի բնակիչ Արթուր Տեր-Խաչատրյանը տեղեկացրեց, որ ինքը ստույգ գիտի, թե ո՞ր սարում և ո՞ր ձորում են այդ արջերը բնակվում, իսկ ընկերության մասնագետները, ըստ նրա, ոչ միայն արջերին չեն տեսել, այլև մյուս կենդանիներին ևս, քանի որ ձմռան երեք ամիսների ընթացքում են անցկացրել իրենց ուսումնասիրությունները:

«Այդ ոսկու հանքը բացելիս թող նաև հիշեն Կարմիր գրքում գրված ջերմուկցիների մասին, 8000 բնակչություն ունեցող Ջերմուկում 4000-ից ավելի մարդ չի մնացել: Մարդիկ վախեցած են, վաղը իրենց բալիկների ջուրն է աղտոտվելու: Տեղացիները սարերի բույսերով են ապրում, ուտում են, վաճառում են»,- ասաց Արթուր Տեր-Խաչատրյանը:

Մասնագետները նշեցին, որ խոսել են «Գեոթիմ» ընկերության համար ուսումնասիրություն կատարած մասնագետների հետ և պարզել, որ իրականում նրանք չեն նշել, թե այդտեղ չկան Կարմիր գրքում ընդգրկված տեսակներ:

«Խոսել եմ իրենց մասնագետների հետ, նրանք հստակ նշել են, որ այնտեղ Կարմիր Գրքի շատ կենդանիներ և բույսեր կան, որոնք ներկայացվել են, սակայն դրանք տեղ չեն գտել զեկույցում»,-տեղեկացրեց Կարեն Մանվելյանը:

Նրա խոսքերը հաստատեցին քննարկման կազմակերպիչները՝ ցուցադրելով տեսանյութ, որտեղ ընկերության համար ուսումնասիրություն կատարած մասնագետը նույն բանն էր ասում:

Կարեն Մանվելյանն ավելացրեց, որ այս տարածքի սահմանները նույնպես ներառվում են «Ջերմուկ» ազգային պարկի նախագծի մեջ: 

Ջերմուկը կփրկվի՝ ազգային պարկ դառնալով

A1+

Ամենայն հավանականությամբ հունիսի 5-ին (120-օրյա ժամկետը լրանալուն պես) կկայացվի վերջնական որոշում՝ հանձնվելո՞ւ է արդյոք Ամուլսարի ոսկու հանքը շահագործման, թե՞ ոչ։

Մոտավոր այս ժամկետը նշվեց այսօր «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կազմակերպված քննարկման ժամանակ։

Տարածքի ուսումնասիրման արտոնագիր ձեռք բերած «Գեոթիմ» ընկերությունը քննարկմանը չէր մասնակցում։ Ներկա չգտնվելը «Գեոթիմի» ներկայացուցչությունը կազմակերպիչներին պատճառաբանել էր հունիսին անցկացվելիք ևս մի քննարկմամբ։

Մասնակից կենսաբաններն ու բուսաբանները կարծում էին, որ «Գեոթիմ»-ի պատվերով իրականացվել են ոչ լուրջ և կարճաժամկետ ուսումնասիրություններ։

Հետազոտությունը իրականացվել է ընդամենը երեք ամիս՝ ներառյալ նաև ձմռան ամիսները։

Այսօր կենսաբանները ներկայացրին սեփական ուսումնասիրության արդյունքները։ Համաձայն դրանց՝ չպետք է շահագործվի Ամուլսարը, քանի որ այնտեղ մեծ թիվ են կազմում Կարմիր գրքում գրանցված բույսերն ու կենդանիները։

Կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանը ծրագրում է իր անցկացրած նոր հետազոտության արդյունքները ներկայացնել բնապահպանության նախարարությանը։ Նա առաջ է քաշելու Ջերմուկ ազգային պարկ ստեղծելու գաղափարը, որի արդյունքում Ամուլսարը կհայտնվի բուֆերային դաշտում։

Տարակարծություններ` Ամուլսարում կենսաբազմազանության վերաբերյալ

Aysor.am

Այսօր Երևանում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում` նվիրված Ջերմուկի տարածաշրջանի, մասնավորապես Ամուլսարում տարածված կենսաբազմազանության խնդիրներին:

Վայրի բնության համաշխարհային հիմանդրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը ներկայացրեց հետազոտություն, որն իրականացվել է Ջերմուկի տարածաշրջանում` ևս մեկ անգամ պարզելու տարածքում բնակվող կենդանական և բուսական աշխարհի համայնապատկերը:

Նշենք, որ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և բուսաբանության ինստիտուտներն Ամուլսարի տարածքի վերաբերյալ ներկայացնելով ընդհանուր նկարագիր, մեծ հաշվով, նշել էին, որ և’ կենդանական, և’ բուսական աշխահը այնքան էլ բազմազան չէ, գրեթե չկան Կարմիր գրքում գրանցված տեսակներ:

Ի պատասխան ԳԱԱ ներկայացուցիչների փորձագիտական եզրակացությունների, Կարեն Մանվելյանը նշեց, որ Ջերմուկում, հատկապես, Ամուլսարի տարածքում կան և’ Հայաստանի, և’ միջազգային Կարմիր գրքերում գրանցված կենդանատեսակներ:

«Ամուլսարը կարևոր կենսաբազմազանության տարածք է և կարևորագույն միջանցք` տարբեր կենդանիների համար, Ջերմուկի տարածքում կան նաև բույսերի և կենդանիների էնդեմ տեսակներ, որոնք խիտ տարածված են Ջերմուկում»,- ասաց Կարեն Մանվելյանը:

Ամուլսարի տարածքը նաև կարևորագույն թռչնաբանական տարածքներից է, բանախոսի հավաստմամբ, այստեղ բնակվում է տափաստանային բազեն, որը գրանցված է միջազգային Կարմիր գրքում, ընձառյուծը, հովազը, մուֆլոնը. Այս տարածքնները վերոնշյալ կենդանիների հիմնական ապրելավայրերն են:

Կարեն Մանվելյանն ի մի բերելով ուսումնասիրությունները, առաջարկեց Ջերմուկի տարածքում ստեղծել Ազգային պարկ` նկատի ունենալով տարածաշրջանի կենսաբազմազանության եզակիությունը և էնդեմիկ բույսերի և կենդանիների առկայությունը:

Նախագծի վրա դեռևս աշխատանքներ կան. ազգային պարկի սահմանները պետք է ճշգրտվեն, ապա նախագիծը կներկայացվի ՀՀ բնապահպանության նախարարություն:

Իսկ ինչ վերաբերում է Ջերմուկի Ազգային պարկ նախագծին և Ամուլսարի հանքավայրի, (գտնվելու է բուֆերային գոտում) շահագործման զուգահեռներին, ապա Կարեն Մանվելյանը նշեց, որ ըստ Ազգային պարկի կանոնանդրության Ազգային պարկի տարածքում որևէ գործունեություն, եթե վնաս է տարածքին` կասեցվելու է:

Նշենք, որ աշխատանքային քննարկմանը ներկա չէին Գեոթիմ ընկերության ներկայացուցիչները, ում, ինչպես հավաստեցին միջոցառման կազմակեպիչները, հավուր պատշաճի հրավերք էր ուղարկվել:

Ամուլսարի կենսաբազմազանությունը և ոսկու հանքավայրը. իսկ ո՞ւր է «Գեոթիմը»

Քրիստինե Աղալարյան, Հետք

«Կարմիր գրքի մեջ գտնվող ջերմուկցիների մասին թող մտածեն». այսօր կազմակերպված քննարկմանը այս ուղերձով ջերմուկցի Արթուր Խաչատրյանը սկսեց իր խոսքը' դիմելով Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել ցանկացողներին: Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ Ջերմուկի 8000-ից ավելի բնակչությունից այսօր 4000-ը հազիվ մնացած լինի (պաշտոնական տվյալներով 1990թ. Ջերմուկի բնակչությունը կազմել է 10500 բնակիչ, 2001 թ-ին' 5394-Ք. Ա.): «Մարդիկ վախեցած են էդ հանքից, էդ հանքի աշխատանքից և ամբողջ դրա տված վնասից: Կատարվում է էն, որ մարդիկ սարսափահար մտածում են, որ վաղը իրենց բալիկները ջուրը...Հասարակ բույս է, կարմիր գրքի բույս է, մարդիկ 4000-5000 դրամով հաց են հայթհայթում այդ սարերից' հավաքելով այդ խոտը, և, բնականաբար, ուտում են, վաճառում են, գալիս է Երևան և այլն»,- շարունակեց Արթուր Խաչատրյանը: Նա նաև կենդանական աշխարհի վտագնված լինելու մասին ահազանգեց. անձամբ իմացել է սիրիական արջերի երկու, կովկասյան գորշ արջի որջերը, որոնք այժմ արդեն չկան:

«Դա տրանզիտային ուղի է, դա միջազգային թեմա է արդեն: Այդ ուղու վրա սեպտեմբերի վերջ-հոկտեմբերին գնացեք կտեսնեք մոտավորապես 20-25-ից ավել գիշատիչ թռչունների տեսակ,- թռչունների անհետացման վտանգի մասին է նշում Ա. Խաչատրյանը: -Մեղք են ամեն տեսակի և' թռչունները, և' առաջնահերթ ջերմուկցիները: Թող երեկոյան ժամերին դռները ծեծեն և կարծիք հարցնեն' դուք դե՞մ եք, թե՞ դեմ չեք, մարդիկ կպատասխանեն: Ես համոզված եմ, որ 99 տոկոս բուն ջերմուկցիները դեմ կլինեն: Մենք խոսում ենք էկոտուրիզմի մասին, հանրապետությունը ձգտում է այդ ուղղությամբ գնալ, ու միաժամանակ ի՞նչ էկոտուրիզմի մասին կարելի է խոսել, երբ որ դուք նույնիսկ չեք գնա հանգստանալու Ջերմուկ ձեր երեխաների հետ»:

Այսօր Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի սահմանին, Ջերմուկ առողջարանային քաղաքից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի' բաց եղանակով շահագործման նախագծի ռիսկերին անդրադարձան բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ' կենսաբազմազանության տեսանկյունից: Հիշեցնենք, որ հանքավայրի հանքային իրավունքը Lydian International ընկերությանն է պատկանում, որի ներկայացուցիչը Հայաստանում «Գեոթիմ» ընկերությունն է: Ներդրողների թվում Համաշխարհային բանկի ընկերությունների խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) է եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD): «Գեոթիմ» ընկերությունը մտադիր է արդյունահանել 70 տոննա ոսկի:

«Գեոթիմ» ընկերության որևէ ներկայացուցիչ քննարկմանը չէր մասնակցում, չնայած մայիսի 17-ին նախատեսած քննարկումը ընկերության խնդրանքով էր տեղափոխվել այսօր: «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի փոխնախագահ Արտաշես Առաքելյանը տեղեկացրեց, որ իրենք կապվել են «Գեոթիմ» ընկերության բնապահպանական և սոցիալական ծրագրերի պատասխանատու Արմեն Ստեփանյանի հետ, պայմանավորվել են, որ աշխատանքային քննարկումը տեղի ունենա մայիսի 17-ին, սակայն վերջինս տեղեկացրել է, որ չի կարողացել կապվել կենսաբազմազանության հետազոտություններ կատարած մասնագետների հետ, իսկ «Գեոթիմի» գործադիր մարմինը մեկնում է աշխատանքային գործուղման, այդ իսկ պատճառով իրենց նշած օրը չեն կարողացել ներկա գտնվել:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանը ներկայացրեց միջազգային կազմակերպությունների իրականացրած ուսումնասիրությունները և քարտեզները, որտեղ նշվել են կենսաբազմազանության կարևորագույն և պահպանվող տարածքները: Ջերմուկի Ամուլսարն ընդգրկված է որպես կարևոր տարածք և միջանցք հայկական մուֆլոնների և բեզոարյան այծերի համար: Կովկասի բնապահպանական ծրագրի շրջանակում նույնպես նմանատիպ քարտեզ է մշակվել, և Ամուլսարը այդտեղ էլ կարևորագույն բնապահպանական տարածք ու միջանցք է գծագրվել: Բացի դրանից, Ամուլսարի տարածքն ընդգրկված է կարևորագույն թռչնաբանական տարածքների մեջ: Ըստ Կարեն Մանվելյանի` տարածում կարելի է ստեղծել ազգային պարկ: Այնտեղ աճում է 18 ընտանիքի 38 տեսակի բույս, որից 26-ը ներառված է Հայաստանի Կարմիր գրքում, 2 տեսակը անհետացման եզրին է, 16-ը' վտանգված: Կենդանիների 34 տեսակ է հայտնաբերվել, այդ թվում' Հայաստանի Կարմիր գրքում գրանցված, ինչպես մուֆլոնը և բեզոարյան այծը:

Հայկական բուսաբանական ընկերության նախագահ, Հայաստանի Կարմիր գրքի համահեղինակ, դոկտոր-պրոֆեսոր Էլեանորա Գաբրիելյանը 1946 թվականից իր ուսուցիչ, աշխարհահռչակ բուսաբան Արմեն Թախտաջյանի հետ անցել է Որոտան գետի երկայնքով մինչև ակունքը, ուսումնասիրել բուսական աշխարհը: Է. Գաբրիելյանը տարօրինակ ու ծիծաղելի է համարում Ամուլսարի տարածքում իրականացրած ընկերության կենսաբազմազանության փորձաքննությունը: 9 տեսակ է նշվել այդ ուսումնասիրության մեջ, որոնք ամենուրեք են տարածված և, ըստ պորֆեսորի, վերատնկելու կարիք չկա, քանի որ այդ տեսակներն ամեն տեղ էլ աճում են: Պրոֆեսորն ասում է, որ տարածքում Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ տեսակներ կան' տարբեր տեսակի գլադիոլուսներ, հացազգիների հազվադեպ տեսակ և սոխուկավոր այլ բուսատեսակներ: Է. Գաբրիելյանը նաև տարօրինակ է համարում, որ ընկերության իրականացրած ուսումնասիրության մեջ դեղատու շուրջ 100 բուսատեսակ է նշվում, որոնք նույնպես ամենատարածված տեսակներն են:

«Քանի որ ես այդտեղ շատ եմ ման եկել, ես գիտեմ, որ այնտեղ չտեսնված արոտավայրեր կան, և ուղղակի ափսոս կլինի, եթե այդ պայթյուններից փոշին դուրս գա և այդ արոտավայրերը կործանվեն, և այդ կովերը թունավորվեն»,- ասում է Էլեանորա Գաբրիելյանը:

Բուսաբան Անուշ Ներսիսյանը ներկայացրեց Արփա գետի վերին հոսքի ջրահավաք ավազանի ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որի' նշված տարածքում աճում է 18 ընտանիքի 38 բուսատեսակ: 26 տեսակը ներառված է Հայաստանի Կարմիր գրքում, 2 տեսակը' անհետանալու եզրին է, 16 տեսակը վտանգված է, 5 տեսակը խոցելի բույսերի խմբում է: Այդ տարածքում աճում է նաև 14 էնդեմիկ (աճում են միայն Հայաստանում, ընդ որում' միայն Վայոց ձորում) բուսատեսակ: Անտառային գոտում մի շարք տանձենիներ կան, որոնք նույնպես Հայաստանի էնդեմիկ տեսակներ են համարվում, ինչպես նաև աճում են էնդեմիկ հաղարջենի և մասրենի: «Այս տարածքի բուսականությունը իրոք շատ հետաքրքիր է ու բազմազան, և այստեղ կան Կարմիր գրքի բույսեր»,- ամփոփեց Անուշ Ներսիսյանը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյանի անվան բնապահպանական կենտրոնը «Գեոթիմ» ընկերության պատվերով 2011թ. փետրվար-նոյեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացրել է կենդանաբանական աշխարհի բոլոր խմբերի գնահատում, այդ թվում' թռչունների, ցերեկային թիթեռների, ճպուռների և որոշակի բզեզների խմբերի, ինչպես նաև գիշերային թիթեռների մեկ տեսակի, որը գրանցված է Կարմիր գրքում: Հետազոտության արդյունքում տարածքում հայտնաբերվել է 56 տեսակի թռչուն' բնադրման սեզոնին, մի քանի տեսակի գիշատիչ թռչուններ, որոնցից 2-ը բնադրում են այնտեղ, մնացածը տարածքն օգտագործում են որպես սնման վայր: Բնադրող թռչուններից բաց հանքում և ապագա կույտային լցակայանի տարածքներում Կարմիր գրքում գրանցված կենդանիներ չեն հայտանաբերել: Հակոբյանի անվան բնապահպանական կենտրոնի ներկայացուցիչ Կարեն Աղաբաբյանը նշեց, որ գիշատիչ թռչունների մեջ, որոնք բնադրում են հարակից տարածքներում և այդ տարածքը ժամանակ առ ժամանակ օգտագործում են որպես կերակրման վայր, կան կարմիր գրքում գրանցված թռչուններ:

Հետազոտության արդյունքում ցերեկային 60 տեսակի թիթեռ է հայտնաբերվել, որոնցից մեկ տեսակն է գրանցված Կարմիր գրքում, ինչպես նաև մեկ գիշերային թիթեռի տեսակ: Հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված մեկ տեսակի բզեզ: Ճպուռներից կարմիր գրքում գրանցված տեսակ չի հայտնաբերվել:

Կարեն Աղաբաբյանը նշեց, որ իրենք սկզբից գրականությունն են ուսումնասիրել և համոզվել, որ այդ տարածքի վերաբերյալ գրականություն չկա, այնուհետև կատարել են իրենց հետազոտությունները: «Մենք ամբողջ տեսակային և քանակային կազմը ուսումնասիրել ենք, մանրամասն ներկայացրել ենք այն մեթոդները, որոնցով մենք աշխատել ենք, որպեսզի ցանկացած մեկ ուրիշ կազմակերպություն, եթե ուզենա գնահատում անել թե' հիմա, թե' որոշ ժամանակ հետո, որպեսզի ինքն ունենա ելակետային տվյալները և մեթոդոլոգիան»,- ասաց Կարեն Աղաբաբյանը:

Քննարկման կազմակերպիչները նկատեցին, որ նշված էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված տեսակների առկայությունն արդեն իսկ բավական է հանքի շահագործումը թույլ չտալու համար, քանի որ դա բխում է նաև օրենքից: «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը երաշխավորում է կենդանական աշխարհի հազվագյուտ եւ անհետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանությունը և արգելում ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրերի վատթարացմանը:

Կենսաբազմազանության վրա հանքավայրի ազդեցությունը, Կարեն Աղաբաբյանի գնահատմամբ, տարբեր է. կան վայրեր, որոնք քանդվելու են, դա բաց հանքավայրի տարածքն է, սակայն այնտեղ Կարմիր գրքում գրանցված կենդանի չկա: «Մեր եզրակացությունը հետևյալն էր, որ կան վայրեր, որտեղ հստակ ոչինչ չի կարելի անել, կան մեթոդներ, որոնցով կարելի է ղեկավարել գիշատիչ թռչունների շարժումները, այսինքն' ստեղծել իրենց համար լրացուցիչ կերակրային բազա, և կան մեթոդներ, որոնցով կարելի է դա հսկել: Դա մենք որպես հնարավոր տարբերակներ տվել ենք,- ամփոփեց Կարեն Աղաբաբյանը և քիչ անց հավելեց,- այն մեթոդները, որոնք որ օգտագործում է «Գեոթիմը», քիչ վնաս հասցնող են, եթե մենք համեմատենք մնացած մեր հանքավայրերի հետ»:

Ջերմուկըազգայինպարկէդառնալու

Թեհմինե Ենոքյան,  www.ecolur.org/blog

Ամուլսարի ոսկու  հանքի հնարավոր շահագործման աշխատանքային քննարկումը ընդգրկել էր  ծավալուն թեմա`այն է` կենսաբազմազանության ուսումնասիրություն: Առկա են բազմաթիվ բացեր և իրավական դաշտում և Գեոթիմի կողմից արված հետազոտություններում: Փորձագետների մի մասը պնդում է, որ այդ տարածքում կան մուֆլոններ և բեզոարյան այծեր, մյուս կողմը` չի տեսել կամ տեղյակ չէ այդ կենդանիների միգրացիոն ուղիների և առահասարակ գոյության մասին:  Քննարկմանը ներկա էին կենդանաբաններ, բուսաբաննե, իրավաբաններ, քաղաքացիական ակտիվիստներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, ներկա չէր Բնապահպանության նախարարության որևէ ներկայացուցիչ: Գեոթիմ ՓԲԸ-ին ուղղված  “Ջերմուկի զարգացման կենտրոն”  ՀԿ-ի երիտասարդների պաշտոնական պատշաճ հրավերը այս անգամ էլ է մերժվել: Շատ հարցեր մնացին անպատասխան, հարցերի մեծամասնությունը ուղղված էր հանքի շահագործման լիցենզիային, այս պահին Ամուլսարում տեղի ունեցող գործողություններին, Ջերմուկ առողջարանային քաղաքի ազդակիր  համայնքների շարքին դասելուն և ջերմուկցու կարծիքի հետ հաշվի առնելուն: Այս և մնացած հարցերի շուրջ մանսագետների բանավեճը կարող եք դիտել տեսանյութում: 

Ամուլսարը չպետք է շահագործվի. այնտեղ կան կարմիր գրքում գրանցված մի շարք կենդանիներ և բույսեր

ՍաթենիկԱբրահամյան, Econews.am

Ինչպես տեղեկացրեց Կարեն Մանվելյանը,  Կրիտիկական էկոհամակարգերի հիմնադրամի կողմից կազմակերպել են տարածաշրջանային հանդիպումներ, որին մասնակցել են ավելի քան  150  փորձագետներ, կենդանաբաններ և  բուսաբաններ, որի ընթացքում  քարտեզների վրա տեղանշվել են  բնապահպանական և կենսաբազմազանության ամենակարևոր տարածքները: Վերլուծելով այդ ուսումնասիրությունները` պարզվում է, որ    Ջերմուկի  այդ հատվածը կարևորագույն կենսաբազմազանության  տարածք է:  Նմանանատիպ քարտեզ մշակվել է  նաև Կովկասի բնապահպանական ծրագրի շրջանակում, որը նույնպես ընդունվել է բոլոր երկրների կողմից և 2000թ-ին հաստատվել է  ՀՀ Բնապահպանության նախարարության  կողմից:

«Կանաչով  նշված են կարևորագույն բնապահպանական տարածքները և միջանցքները: Քարտեզից երևում է, թե որքան  խիտ է բուսական և կենդանական աշխարհը Ջերմուկի  տարածաշրջանում»,- ասաց Կ. Մանվելյանը:

 Կ.Մանվելյանի տեղեկացմամբ` Ամուլսարի տարածքն ընդգրկված է կարևորագույն 10  թռչնաբանական տարածքների մեջ: WWF-ի հայաստանյան գրասենյակի  կողմից կատարվել է  ուսումնասիրություն` պարզելու, արդյոք  կարելի է նշված տարածքում ստեղծել  ազգային պարկ` հիմնվելով եղած երեք արգելավայրերի վրա: «Ուսումնասիրությունները իրականացրել ենք 40.000  հեկտարի վրա: Նախատեսվող Ջերմուկ ազգային պարկի տարածքում աճում է 38 տեսակի բույս 18 ընտանիքներից, որոնք  ներկայացնում են  և՛ գիտական, և՛ գործնական հետաքրքրություն: Դրանցից 26-ը ներառված են Հայաստանի կարմիր գրքում: Հայտնաբերված են 5  տեսակի անողնաշարավոր և  34 ողնաշարավորներ, որոնք գրանցված են ՀՀ կարմիր գրքում: Դրանց թվում են ընձառյուծը, չղջիկների տեսակներ, մուֆլոնը, բեզոարյան այծը և այլն»:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ նախարարության կողմից ներկայացված ուսումնասիրություններում  տվյալներն ավելի մեղմ էին ներկայացված:

Կ. Մանվելյանը ևս մեկ անգամ  հավաստեց, որ Ամուլսարի տարածքում կան կարմիր գրքում ընդգրկված    բուսական և կենադանական աշխարհի   ներկայացուցիչներ: Նա նաև տեղեկացրեց, որ շուտով իրենց կատարած այս ուսումնասիրությունը և Ջերմուկի ազգային պարկի ստեղծման  հարցը  կներկայացվի ՀՀ Բնապահպանության նախարարությանը:

 Ըստ «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17  հոդվածի` արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է ՀՀ բույսերի  կարմիր գրքում գրանցված տեսակների  թվաքանակի կրճատմանը և դրանց  աճելավայրերի վատթարացմանը: Իսկ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի համաձայն` արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի  կրճատմանը և դրանց ապրելավայրերի  վատթարացմանը:



19:01 Մայիս 22, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news