Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագիծը հակաբնապահպանական եւ հակասոցիալական է

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագիծը հակաբնապահպանական եւ հակասոցիալական է

ԷկոԼուր

ԷկոԼուրը կարծում է, որ  Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագիծը պարունակում է հակաբնապահպանական եւ հակասոցիալական ռիսկեր: ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված նամակում նշված է.

«Բնապահպանական փորձաքննության գործընթաց է անցնում Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագիծը:  Նախագծով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից 820-:-1,020 մմ տրամագծով 27,685 մ երկարությամբ  պողպատե խողովակաշարով գետի ջուր տանել Արարատի մարզի Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն համայնքներ ոռոգման համար:

Նախագիծը հակաբնապահպանական բնույթ է կրում` հաշվի առնելով նախագծում բերված տվյալները:  Համակարգը կառուցվելու է  Խոսրովի արգելոցի եւ Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի անմիջական հարեւանությամբ: Ազատ գետը Ազատի կիրճի էկոհամակարգի ձեւավորման գլխավոր գործոնն է: Նախագծի ազդեցության գոտում է գտնվում Խոսրովի արգելոցը, Գառնիի ձորը, Քարերի սիմֆոնիան եւ այն համայնքները, որոնք օգտվում են Ազատ գետի եւ Ազատի ջրամբարի ջրերից: 

Ներկայումս Ազատ և Գողթ գետերի ջրային ավազանների աղբյուրներից  «Երևան Ջուր» ընկերությունը օգտագործում է  1,560լ/վրկ ջուր:  Գառնի գյուղը հունիսից մինչեւ հոկտեմբեր ամիսներին Ազատ գետից վերցնում է 11.44 միլիոն խմ ջուր, իսկ Գողթ գետից` 1,32 միլիոն խմ ջուր: Իսկ թե որքան ջուր են ցանկանում տանել Արարատի գյուղերի համար, նախագծում նշված չէ: Ընդամենը նշվում է, որ որպես բնապահպանական ելք գետում թողնվելու է 0.85մ3/վրկ ջուր:

Նախագծի ռիսկերից  են`

  1. անգամ նախագծում է նշված, որ  տարվա չոր և շոգ եղանակին գետի մնացորդային հոսքը կնվազի, ինչը չի բացառում, որ գետի հունը կարող է չորանալ
  2. դիտարկվող շրջանը գտնվում է կիսաանապատային և անապատային   լանդշաֆտային  գոտիներում, եւ ջրի բացակայությունը կմեծացնի անապատացման գործընթացները Գառնիի ձորում, ինչն արդեն իսկ նկատվում է սակավաջրության պատճառով
  3. նախագծում  նշված է, որ Ազատ  գետի ավազանում հանդիպում են  Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ բուսատեսակներ`  ծորեն արարատյան (Triticum araraticum), թեզիում շովիցի (Thesium szovitsii): Ազատ գետի ավազանում և նրան հարակից տարածքներում հանդիպում են 250 տեսակի կենդանական աշխարհի ներկայացուցիչներ` 55 տեսակ կաթնասուններ` Հարավային Կովկասի գորշ արջ, վայրի  խոզ,  ոզնի,  մուֆլոն,  բեզոարյան  այծ, լուսան, գայլ, աղվես, ընձառյուծ եւ այլն: Գոտու տարածքում հանդիպում են թռչունների 142 տեսակ, սողուններից` 33 տեսակ,  5 տեսակ երկկենցաղներ եւ ձկներ,  թրթուրներ և թիթեռներ, մորմ, մի քանի տեսակների կարիճներ: Ազատ գետում բազմանում են կարմակն խրամուլին, կարմրախայտը, ծածանաձուկը և այլ ձկնատեսակներ: Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներից նախագծում  նշված են միայն հայկական սպիտակատամը  (Crocidura armenica Gureev), միջերկրածովային կրիան (Testudo graeca L.),  փոքր պայտաքիթը (Rhinolophus hipposideros Bechstein) իսկ գորշ արջի, մուֆլոնի, բեզոարյան այծի, կարմրախայտի մասին` ոչ, չնայած որ Կարմիր գրքում գրանցված այս տեսակները օգտվում են Ազատ գետից: Սրա հետ մեկտեղ նախագծում թաքցված են այն ռիսկերը, որոնք սպառնում են Կարմիր գրքում գրանցված տեսակներին, քանի որ նախագծողները բացառում են կառուցապատման գոտում Կարմիր գրքում գրանցված տեսակների առկայությունը, ինչն անհնարին է
  4. նախագծողները հստակ թիվ չեն նշում, թե որքան ծառ կհատվի
  5. Գառնիի ձորում տեղի կունենա  հողերի դեգրադացիա և էրոզիա բուսածածկի վնասման արդյունքում, հողերի և ջրային ռեսուրսների աղտոտում շինաղբով և կենցաղային աղբով
  6. նախագծում գնահատված չեն Ազատի ջրամբարի համար ռիսկերը: ՀՀ կառավարությունը հսկայական վարկեր  է վերցնում միջազգային ֆինանսական կառույցներից Հայաստանում ջրամբարներ կառուցելու համար, սակայն այս ծրագրի իրագործմամբ գործող ջրամբարը կարող է կորցնել իր նշանակությունը, քանի որ եթե Ազատ գետի ջուրն ուղղվի Արարատի համայնքներ, ջրամբարը չի լցվի
  7. բացի Գառնի համայնքից, նախագծում նշված չեն այն բոլոր համայնքները, որոնք իրենց հողերը ոռոգում են Ազատ գետի եւ Ազատի ջրամբարի ջրերով:

Նախագծով Արարատի մարզի Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն համայնքներում փաստացի ոռոգվում է 1232,0 հա տարածք, Ազատ գետի ջրի շնորհիվ կոռոգվի եւս 387 հա տարածք:

Գառնի համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 600 հա, որից 367 հա` վարելահող, 51 հա` այգիներ, 12,5 հա` խոտհարք, տնամերձեր՝ 151 հա, որոնք ոռոգվում են Ազատ գետի ջրով: Գառնի համայնքն ունի չոռոգվող եւս 600 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որի ոռոգումը չի ապահովել դրանց բարձրադիր գոտում գտնվելու պատճառով:  Գառնիի համայնքապետարանը նույնպես ցանկանում է ավելացնել իր ոռոգելի տարածքները, սակայն դրա համար ներդրումներ են անհրաժեշտ: Այս դեպքում նախապատվությունը տրվում է, ոչ թե Գառնիի լրացուցիչ 600 հեկտար հողատարածքը ոռոգելուն, այլ Արարատի մարզի 387 հեկտարին:

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգը պետք է կառուցվի Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ոռոգման համակարգի բարելավման ծրագրի» շրջանակներում: Պատասխանատվությունը կրելու է Ծրագիրն իրականացնող մարմինը` ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն:

Լինելով  հակաբնապահպանական եւ հակասոցիալական` Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագիծը այս տեսքով պետք է մերժվի բնապահպանական փորձաքննության կողմից»:

18:08 Դեկտեմբեր 27, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news