«Լորիբերդ-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման հայտին պետք է տալ բացասական եզրակացություն․ ԷկոԼուրի կարծիքը

«Լորիբերդ-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման հայտին պետք է տալ բացասական եզրակացություն․ ԷկոԼուրի կարծիքը

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն սույն թվականի ապրիլի 3-ին «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի «Լորիբերդ-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ կարծիք է ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, որում նշված է․

«Սույն թվականի մարտի 21-ին Լոռու մարզի Լոռի Բերդ, Գյուլագարակ համայնքներում անցկացվեց «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի «Լորիբերդ-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի հանրային երկրորդ լսումը։ Ե՛վ Լոռի Բերդ համայնքում, և՛ Գյուլագարակում լսումներին մասնակցեց 100-ից ավելի տղամարդ, ովքեր պահանջում էին աշխատատեղեր։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կարծում է, որ «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի «Լորիբերդ-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտին պետք է տրվի բացասական եզրակացություն հետևյալ հիմնավորմամբ.

2019 թվականի հունիսի 28-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում 30.1 հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ. «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մերժման հիմքերից բացի, նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են նաև, եթե՝

1) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա՝

ա. որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր,

բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է»:

Այս օրենսգրքի հիման վրա ՀՀ կառավարությունը 2021 թվականի ապրիլի 8-ին ընդունել է «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» N 488-Ն որոշումը, որի՝ փոքր ՀԷԿ-երի կառուցման համար արգելված գետերի ցանկում կարմիրգրքյան ձկնատեսակների առկայության պատճառով ներառվել է նաև Ձորագետ գետը: «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն դատի է տվել ՀՀ կառավարությանը, որպեսզի Ձորագետ գետը հանվի այդ ցանկից: ՀՀ վարչական դատարանը բավարարել է Ընկերության հայցը: Սակայն ՀՀ կառավարությունը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի որոշումը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում: Դեռ որոշում ընդունված չէ: Ձորագետը շարունակում է մնալ ՀԷԿ-երի կառուցման համար արգելված գետ: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը «Լորիբերդ 2» փոքր ՀԷԿ-ի հանրային լսումների ժամանակ հայտնել է, որ գետի կարգավիճակը դեռ շարունակում է մնալ արգելված նոր ՓՀԷԿ-երի կառուցման համար, և այս շահերի բախման պայմաններում հանրային լսումների անցկացումը կարող է հանգեցնել համայնքի և կառավարության միջև կոնֆլիկտի: Դա դահլիճում առաջացրել է սուր արձագանք, վիրավորական բացականչություններ, որոնց ամբիոնից աջակցել է «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նարեկ Տոնոյանը։ Ցավոք, լսումներին մասնակցած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Գոհար Մինասյանը ՀՀ կառավարության որոշման օգտին փաստարկներ չի բերել, հանրային լսումների մասնակիցներին չի իրազեկել Ձորագետ գետի իրավական կարգավիճակի մասին։

Հաշվի առնելով հանրային լսումների մասնակիցների վրա ճնշումները, պետական պաշտոնյայի կողմից լիարժեք տեղեկատվության չտրամադրումը, ինչպես նաև Ձորագետի՝ որպես փոքր ՀԷԿ-երի կառուցման համար արգելված գետ լինելու հանգամանքը՝ կարծում ենք, որ «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի հայտին պետք է տալ բացասական եզրակացություն»:

Ապրիլ 04, 2023 at 12:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր