ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ընդունել է ԷկոԼուրի առաջարկությունները Սևանա լճի մասին օրինագծի վերաբերյալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ընդունել է ԷկոԼուրի առաջարկությունները Սևանա լճի մասին օրինագծի վերաբերյալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ընդունել է ԷկոԼուրի առաջարկությունները ««Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրինագծի վերաբերյալ: Օրինագծով նախատեսում էր պետական բյուջեից գումարներ չհատկացնել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման համար, այդ միջոցառումների համար գումարներ հատկացնել օրենսդրությամբ չարգելված աղբյուրներից՝ օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից հանգանակություններից, նվիրատվություններից և այլն: ԷկոԼուրն անընդունելի է համարել այդ փոփոխությունը, քանի որ Սևանա լիճը ՀՀ ռազմավարական նշանակության օբյեկտ է, և նրա պահպանման, էկոհամակարգի վերականգնման և կայուն օգտագործման համար պետությունը պետք է ունենա առաջնային դերակատարում, այդ թվում ֆինանսական հատկացումներով՝ զուգակցված նաև օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից հատկացումներով:

ՀՀ շրջակա միջավայրի նախարությունն ընդունել է այս առաջարկությունը: Նախարարությունն ընդունել է նաև ԷկոԼուրի մյուս առաջարկությունը՝ օրինագծում ամրագրել Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն օգտագործման նկատմամբ վերահսկող մարմին:

Նշենք, որ օրինագծով առաջարկվում է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման տարեկան ծրագրի հաստատման, արդյունագործական որսի չափաքանակների սահմանման լիազորությունները վերապահել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը: Օրինագիծը նախատեսվում է նաև, որ Շրջակա միջավայրի նախարարությունը տրամադրի եզրակացություն Սևանա լճից տարեկան ջրբացթողումների և ջրառների պլան-ժամանակացույցի, ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունների վերաբերյալ մինչ դրանց հաստատումը:

Մարտ 01, 2023 at 12:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր