Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ կստեղծվի, գործադիրը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ

Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ կստեղծվի, գործադիրը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով, որով նախատեսվում է ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ ստեղծել՝ ֆինանսական երաշխիքներ ապահովելով  ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման գործընթացի կազմակերպման համար։ Նախարարության մշակած «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների  նախագծերը https://www.e-gov.am/gov-decrees/item/38370/ հավանության արժանացան ՀՀ կառավարության հունիսի 2-ի նիստում:

Նշենք, որ, չնայած 2014 թվականից գործում է «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման» (ՀՀ կառավարության 3 ապրիլի 2014 թվականի N 340-Ն որոշում) Կարգը, այնուամենայնիվ   գործնականում հորատանցքերի լքումից, կամ հոսքերի նվազման արդյունքում ջրօգտագործողի կողմից դրանց  շահագործումից  հրաժարվելու դեպքում այդ հորատանցքերի  լուծարման կամ կոնսերվացման համար պատասխանատու անձինք չեն կատարել Կարգով սահմանված իրենց պարտականությունները, որ նրանք ջրօգտագործման թույլտվություններն ստացել են առանց նախապայմանների։ Այդ խնդիրը հատկապես սուր էր Արարատյան դաշտում  վերջին տասնամյակում գրանցված ստորերկրյա ջրային  հորիզոնների մակարդակների փոփոխությունների համատեքստում։
 Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն, ՀՀ ջրային ռեսուրսների  կառավարման և պահպանության մարմնի անունով բացված գանձապետական հաշվում  կկուտակվեն  հորատանցքի միջոցով ջրառ իրականացնող ջրօգտագործողների կողմից փոխանցված ֆինանսական միջոցներ, որոնք հետագայում կուղղվեն ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացմանը կամ լուծարմանը։

Օրինագծում ամրագրված է, որ ջրօգտագործման թույլտվության մեջ պետք է արտացոլվի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման նպատակով հորատանցքերի կառուցման կամ լուծարման, ինչպես նաև կոնսերվացման աշխատանքների կատարման պայմանները, այդ թվում՝ ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին հատկացումներ կատարելու պարտականությունների պահանջները։  Ըստ օրենքի նախագծի՝ հորատանցքի կառուցումը թույլատրվելու է  ջրօգտագործողի կողմից դրամագլխի հաշվին փոխանցված ֆինանսական միջոցների առկայության դեպքում, իսկ հորատանցքի շահագործումը՝ կառուցված և շահագործվող հորատանցքի անձնագրի հիման վրա:

Օրենքի պահանջների համապատասխան հորատանցքերի լուծարումը կամ կոնսերվացումն իրականացվելու են այն անձանց միջոցների հաշվին, որոնց սեփականության իրավունքով պատկանող տարածքում է գտնվում  տվյալ հորը, բացառությամբ ջրօգտագործողի կողմից դրամագլխի հաշվին հատկացված ամբողջական գումարի առկայության պայմաններում հորատված խորքային հորերի, որոնց լուծարումը  կամ կոնսերվացումն իրականացվում են դրամագլխի հաշվին, իսկ դրամագլխի հաշվին ոչ ամբողջությամբ հատկացված գումարի դեպքում՝ տարբերությունը վճարվում է ջրօգտագործողի միջոցներով:
 Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզեր) արգելվելու է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ։
 
Ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվությամբ շահագործվող հորատանցքերի համար դրամագլխի գումարը պետք է ձևավորվի դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և  վճարման ժամանակացույցը սահմանելու վերաբերյալ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում։  

Հունիս 08, 2022 at 17:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր