Նուբարաշենի ժամկետնանց թունաքիմիկատների ժամանակավոր պահեստարանի հարցը դեռ բաց է մնում

Նուբարաշենի ժամկետնանց թունաքիմիկատների ժամանակավոր պահեստարանի հարցը  դեռ բաց է մնում

ԷկոԼուր

Նուբարաշենի ժամկետնանց թունաքիմիկատների ժամանակավոր պահեստարանի հարցը դեռ բաց է մնում: Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական տարածքում` Ջրաշեն, Գեղանիստ և Մուշավան համայնքների հարևանությամբ: Այնտեղ թաղված են 1-ին և 2-րդ դասի վտանգավորության շուրջ 900 տոննա թունաքիմիկատներ` ԴԴՏ, հեքսաքլորան, պենտաքլորֆենոլ, նաև արսեն, ծծումբ, ֆոսֆոր, պղինձ, սնդիկ պարունակող ագրոքիմիկատներ: Գերեզմանոցում խիստ աղտոտված հողի ծավալը կազմում է շուրջ 7100 տոննա: Գերեզմանոցը հարակից է «Էրեբունի» պետական արգելոցին: Գերեզմանոցը ենթակա է լիկվիդացման, քանի որ գերեզմանոցը չունի հատակ, պատեր և տանիք, թունաքիմիկատներն անմիջականորեն թաղված են հողի մեջ: Գերեզմանոցի տարածքում առկա են սողանքային երևույթներ, որոնք մեծացնում են թունաքիմիկատներով շրջակա միջավայրի աղտոտման ռիսկը:
Նոյեմբերի 9-ին` Երևանի Էրեբունի թաղապետարանում տեղի ունեցավ «Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնների արտափորում, անվտանգ տարհանում, տարածքի մաքրում և կայունացում» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ 1-ին հանրային քննարկումը: ԷկոԼուրը հետաքրքրվեց, թե որտեղ են պահվելու թունաքիմիկտները մինչև ոչնչացման համար այլ երկիր արտահանվելը: Ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը պատասխանեց. «Քննարկումների արդյունքում Հրազդանի բնակիչները դեմ դուրս եկան, նրանք չուզեցին որ իրենց քաղաքի մոտ նման վտանգավոր նյութերի կուտակման վայր առաջանա: Հաշվի առնելով բնակչության անհանգստությունը` որոշվել է այդ տեղանքը չօգտագործել: Այլընտրանքային տեղանքի ընտրությունը դեռ ընթացքի մեջ է: Դա մեր ծրագրի խնդիրը չէ, դա մեր կառավարության խնդիրն է, թե ինչ տեղանք կհատկացվի: Բայց մեկ այլընտրանքային լուծում էլ կա, հնարավոր է, որ էդպիսի պահեստավորումն առհասարակ չիրականացվի, եթե մենք կարողացանք գտնել այնպիսի լուծում, որ անմիջապես որոշ քանակ հավաքվի և տեղափոխվի»:

Ծրագրով նախատեսվում է թունաքիմիկատները արտահանել երկրից` ոչնչացման համար: Սակայն դեռ հայտնի չէ, թե որ երկիր է արտահանվելու: Իսկ գերեզմանոցի 7100 տոննա աղտոտված հողը պետք է աղտազերծվի տեղում:

Նշենք, որ Հայաստանը 2003թ-ին վավերացրել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիան և պարտավորվել մինչև 2025թ. ոչնչացնել երկրում առկա ժամկետանց քլորօրգանական թունաքիմիկատները:

Նախագիծը ձեռնարկել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն ՄԱԶԾ/ԳԷՀ օժանդակությամբ: Նախագծի կապալառուն չեխական DEKONTA և GeoTest ընկերությունների կոնսորցիումն է: Ծրագրին աջակցում են ՀՀ բնապահպանության, արտակարգ իրավիճակների առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը:

18:29 Նոյեմբեր 13, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news