ԷկոԼուր
Աղբը դարձել է Երևանի և առհասարակ Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը: Աղբով են պատված տասնյակ հեկտար օգտակար տարածքներ, գեղատեսիլ կիրճեր, գետեր, անտառներ, բնության հուշարձաններ: Աշխարհը գտնում է կոշտ կենցաղային թափոնների ուտիլիզացման համար ժամանակակից լուծումներ, տեսակավորում և վերամշակում է այն, ինչը հնարավոր է: Կուտակված աղբը կարող է ծառայել որպես էլեկտրաէներգիայի աղբյուր և բերել շահույթ:
Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների ուտիլիզացման խնդիրն անընդհատ քննարկվում է, բայց չի լուծվում: Իսկ ինչո՞ւ է այդպես: Վերջին տարիներին տեղական ինքնակառավարման մարմինները կառավարության հավանությամբ ակտիվացրել են իրենց ջանքերը այս խնդրի լուծման համար միջոցներ հայթայթելու ուղղությամբ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) տրամադրում է վարկեր կոշտ կենցաղային թափոնների կառավարմանն ուղղված տարբեր ծրագրերի համար` կառավարության և եվրոպական այլ ֆինանսական կազմակերպությունների համաֆինանսավորմամբ: Որքանո՞վ են համապատասխանում կոշտ կենցաղային թափոնների ուտիլիզացման ժամանակակից պահանջներին այս կազմակերպություններին արված առաջարկությունները, որոնց մի մասն արդեն ստացել է ֆինանսավորում, իսկ մյուս մասը քննարկման ընթացքի մեջ է:
2015 թվականին հաստատվեց Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը` 24 միլիոն եվրո արժողությամբ, որից 8 միլիոն եվրոն EBRD-ի տրամադրած վարկն է, 8 միլիոն եվրոն Եվրոպական ներդրումային բանկի (EIB) վարկն է, և ևս 8 միլիոն եվրո դրամաշնորհի տեսքով Եվրոպական Միության (ԵՄ) Հարևանության ներդրումային միջոցներից (ՀՆՄ): EBRD-ի կայքում տեղադրված Ծրագրի նկարագրությունից (http://www.ebrd.com/work-with-us/projects/psd/yerevan-solid-waste-project.html) հետևում է, որ կբարելավվեն թափոնների կառավարման բնագավառում ծառայությունների որակը, կկրճատվի առնետների, շների և միջատների քանակը, կվերացվի ստորգետնյա դանդաղ այրումը, կպակասեն աղմուկն ու հոտը: Սակայն եվրոպական ստանդարտների գլխավոր պահանջները` աղբի տեսակավորման և վերամշակման հարցը, տվյալ ծրագրի շրջանակներում չի լուծվում «հասանելիության սահմանափակման» պատճառով: Այսպիսով, չտեսակավորված թափոնները կթափվեն աղբավայր, իսկ հետո դրանց հանդեպ կկիրառվեն միջոցառումներ` համապատասխան թափոնների թաղման վերաբերյալ 1999/31 / ԵՄ Դիրեկտիվի պահանջների: Ինչպես նշված է ծրագրում, աղբավայրը կունենա երեսպատման համակարգ հողի պաշտպանության, մակերևութային և ստորգետնյա ջրերի ֆիլտրատի առաջացման և հետագա աղտոտման համար: Ալկալային ջուրը կհավաքվի և կենթարկվի վերաշրջանառության: Բիոգազը կկուտակվի և կայրվի: Մակերևութային ջրերի աղտոտումը կանխելու համար աղբավայրից հոսող ալկալային ջրերի հոսքը կհավաքվի ֆիլտրատի ռեզերվուարում: Աղտոտված հողը կհեռացվի ժամանակավոր պահպանման վայր, այնուհետև կտեղափոխվի նոր աղբավայր:
Նման ծրագրի նկատմամբ առաջ են գալիս բազմաթիվ հարցեր ծրագրի նպատակահարմարության և թափոնների ուտիլիզացման միջոցառումների տեսակետից: Գնահատականներին կանդրադառնանք մեր շարունակական հրապարակումներում` նվիրված Նուբարաշենի աղբավայրին և նրա հետ կապված նոր ծրագրին, ճապոնական ընկերության կողմից մասնակիորեն իրականացված ծրագրին, մաքուր զարգացման մեխանիզմներին և այլն:
Հունվար 11, 2017 at 14:16