

ԷկոԼուր
Լիճք գյուղում ասբեստե խողովակներ են գցված, որոնցով բնակիչները ջուր են ստանում խմելու եւ ոռոգման համար: 2005 թվականից ասբեստի օգտագործումն արգելվեց Եվրոպայում: Ասբեստի օգտագործումն արգելված է ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Հունաստանում, Իտալիայում, Կիպրոսում: Պատճառը մարդկանց առողջությանը սպառնացող վտանգն է: Ասբեստը խթանումմ է հիվանդություններ, դրանցից են ասբետոզը, թոքերի քաղցկեղը եւ այլն: Օնկոլոգիական հիվանդությունների ավելացման մասին խոսում է նաեւ Լիճքի գյուղապետ Հովիկ Միրզոյանը. “Քանի-քանի անգամ եմ ես դիմել, որ մեզ օգնեն, որ դուրս գանք էս վիճակից: …Տարիներ ի վեր համայնքը խմելու ջուրը ստանում է ասբեստի խողովակներից: Էդ խողովակը փաստորեն պատրաստված էր ոռոգման համար, մենք նախ չգիտեինք իրականում, որ էդպես վտանգավոր է: Մենք փաստորեն դա միացրեցինք, նոր արդեն զրույցներից իմացանք, որ ընդհանրապես արգելվում է: Դրա վտանգը բացատրում են հետեւյալով, որ ջուրը հոսելուց էդ ասբեստյա բաներն էլ հետը լուծվելով, պարզ է, որ մենք չենք կարող նկատել աչքով դա… Բայց բացատրեցին, որ էդքան չկա, ինչքան որ դուք եք պատկերացնում: 86 թվից 26 դեպք է եղել քաղցկեղից մահացության: Մահացության դեպքերը ընդհանրապես շատը կապեցինք մենք դրա հետ…Բայց էդ էլ ասեմ, ես պահանջել եմ, եկել են տարել են, անալիզ են արել առավել եւս զորամասի պահով: Պաշտպանության նախարարությունը հատուկ մարդ ուղարկեց, սանէպիդկայանը պարտադիր գալիս է: Մեզ պատասխանեցին, իտոգում, փաստորեն վտանգ չկա: …Սեպտեմբերի 9-ին ես նորից վերընտրվեցի:…. Փաստորեն հիմնական հատվածը 800 մետր երկաթի է, ու շարունակությունը կոնկրետ էս պահին ունենք 1 կմ, որ փոխենք ու մեզ մնալու է 700-800 մետր, ու շատ հավանական է, որ պարոն մարզպետը էդ հարցերը լուծի: Գարունը շատ հավանական է, մինչեւ մայիս ամիսը ոնց էլ լինի ես պիտի ավարտեմ”:
Ապամոնտաժված խողովակներն իրենցից ավելի մեծ վտանգ են ներկայացնում: Ցավոք, սանէպիդկայանը, որը պետք է արձագանքի ահազանգին, որ գյուղը մտադիր է ապամոնտաժել ասբեստե խողովակները, ոչ մի կերպ չի արձագանքել: Նշենք, որ Հայաստանը 1999թ-ից վավրացրել է Բազելի կոնվենցիան, որը ասբեստը համարում է թունավոր թափոն: Բնապահպանության նախարարությունը միջազգային ֆորումներում հաջողությամբ զեկուցում է, թե ինչպես է կատարվում Բազելի կոնվենցիան: Իսկ այն մասին, թե ինչ է կատարվում Լիճք գյուղում 2-ից ավելի կմ երկարությամբ ապամոնտաժված խողովակների հետ, ոչ ոք չգիտի:
Նոյեմբեր 27, 2012 at 08:39
