Չորացել են Մաշտոցի պողոտային հարակից այգու ծառերը (Լուսանկարներ)

Չորացել են Մաշտոցի պողոտային հարակից այգու ծառերը (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Չորացել են մայրաքաղաքի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի այգու («Մալիբու» սրճարանին հարակից գոտու) ծառերը: Այս մասին ԷկոԼուրն ահազանգ ստացավ տեղի բնակչից: Նշված հատվածում 2015 թվականի ապրիլ ամսվանից իրականացվում են շինարարական աշխատանքներ:

«Երբ նոր էին սկսում շինարարությունը, այգու բոլոր ծառերը կանաչ էին: Ամենասկզբում իրենք մեջտեղի հատվածի մի քանի ծառերը կտրեցին: Մնացած ծառերի արմատների կողքերը փոսեր փորեցին, բետոն արեցին, հետո ծառերը սկսեցին չորանալ, տերևաթափ եղան, կարծես խորը աշուն լիներ: Ենթադրում եմ, որ իրենք վնասել են ծառերի արմատները: Ծառերի 70-80 տոկոսն ամբողջությամբ չորացել է: Բացի այդ, նախկինում այդ ծառերը ջրում էին, իսկ հիմա չեն ջրում», - ասաց բնակիչը:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համաձայն՝ Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում («Մալիբու» սրճարանին հարակից հանգստի գոտի) բարեկարգման աշխատանքները իրականացնում է «Տաշիր գրուպ» ընկերությունը՝ Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Շինարարությունը նախատեսված է ավարտել 2017 թվականի ապրիլին:

«Տարածքը վերանորոգելու գաղափարը վատը չէ, բայց ի՞նչ կարիք կար ծառերը չորացնելու: Մարդիկ այստեղ գալիս էին, զբոսնում, նստում ծառերի տակ, հանգստանում: Ճիշտ կլիներ, որ քաղաքապետարանը վերահսկողություն իրականացներ, որովհետև մինչև շինարարությունն ավարտվի, այստեղ ծառ չի մնա», - նշեց բնակիչը:

ԷկոԼուրը միանում է բնակչի պահանջին և կոչ անում Երևանի քաղաքապետարանին վերահսկել շինարարության ընթացքը ու պարզել ծառերի չորանալու պատճառը:

14:26 Սեպտեմբեր 05, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news