Կլիմայի փոփոխության մեղմման համակարգային արգելքները Երևանի կենցաղային թափոնների աղբավայրում կենսագազի հավաքման և ուտիլիզացման ծրագրի օրինակով

Կլիմայի փոփոխության մեղմման համակարգային արգելքները Երևանի կենցաղային թափոնների աղբավայրում կենսագազի հավաքման և ուտիլիզացման ծրագրի օրինակով

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է գնահատականների հրապարակումը Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի (Նուբարաշենի աղբավայր) վերաբերյալ: Նախագիծը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 8 միլիոն եվրո տրամադրած վարկով, Եվրոպական ներդրումային բանկի 8 միլիոն եվրո վարկով, և ևս 8 միլիոն եվրո Եվրոպական Միության դրամաշնորհով:

Ներկայացնումենք «Խազեր» Էկոլոգամշակութային ՀԿ-ի գնահատականը:

«Նուբարաշենի աղբավայրի թափոնների կառավարումը ունի նախապատմություն՝ ուղղակիորեն կապված կլիմայի փոփոխության և Կիոտոյի արձանագրության հետ (Մաքուր զարգացման մեխանիզմ): Կիոտոյի արձանագրությունը պարտավորեցնում էր զարգացած երկրներին ձեռնարկել միջոցներ (կրել քանակական պարտավորություններ) մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման համար: Ընդ որում, նվազեցմանն ուղղված միջոցառումները կարող էին անցկացվել ոչ միայն զարգացած երկրներում, այլ նաև զարգացող երկրներում, որոնք չունեին քանակական պարտավորություններ:

Ճապոնիան ուներ պարտավորություն 6 %-ով կրճատել արտատանետումները 2008-2012 թվականների ընթացքում: Հայաստանից ներկայացված նյութերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո ճապոնական մի ընկերություն առաջարկեց իրականացնել Երևանում Նուբարաշենի աղբավայրի մեթան գազի ուտիլիզացման ծրագիր և նաև էլեկտրակայանի կառուցման ծրագիր, որտեղ որպես վառելիք պետք է օգտագործվեր այդ մեթանը:

Ընդ որում, կառուցման, սարքավորումների գնման և շահագործման համար բոլոր ծախսերը ճապոնական կողմը վերցրել էր իր վրա: Հայաստանի ներդրումը կայանում էր ճապոնական կողմին այսպես կոչված ջերմոցային գազերի «արտանետումների սերտիֆիկացված կրճատումներ (ԱՍԿ)» (կամ «արտանետումների նվազեցման միավորներ») փոխանցելու մեջ: Այսինքն, Հայաստանում իրականացվող ծրագրի արդյունքում ստացված ԱՍԿ-երի փոխանցման հաշվին մասնակիորեն կատարվում էին Ճապոնիայի պարտավորությունները՝ ամրագրված Կիոտոյի արձանագրությամբ:

Ծրագիրը դարձավ Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում առաջին և էական միջոցառումներից մեկը և առաջինը ԱՊՀ-ում:

Որպեսզի ծրագիրը մտներ Կիոտոյի արձանագրության շրջանակ, անցկացվեց միջազգային սերտիֆիկացման գործընթաց: Հայաստանը և Ճապոնիան կառավարական մակարդակով հաստատեցին ծրագիրը, որը համաձայնեցվել էր ՀՀ էկոնոմիկայի, բնապահպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի հետ կայուն զարգացման սկզբունքների համապատասխանության համար: Ծրագիրը ներկայացվել էր միջազգային լիազորված կառույցի՝Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի Գործադիր մարմնի հաստատմանը:

Հետազոտության և ընթացիկ միջոցառումների համար ճապոնական կողմը ծախսել է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլլար: Սակայն ՄԶՄ-ի հաստատված ծրագրով նախատեսված աշխատանքները կանգ առան ճապոնական շահագրգիռ ընկերությունների և Երևանի քաղաքապետարանի միջև պայմանագրի ստորագրման փուլում:

Երևանի քաղաքապետարանը անհասկանալի պատճառներով նորից դիմեց էկոնոմիկայի նախարարություն՝ ծրագրի իրականացման նպատակահարմարության վերաբերյալ պարզաբանումների համար: Իսկ էկոնոմիկայի նախարարությունը, որի հետ ծրագիրը նախկինում համաձայնեցվել էր, հարցում արեց Համաշխարհային բանկին, որը գնահատեց ծրագիրը՝ որպես «ֆինանսական ռիսկերի բարձր աստիճան» պարունակող: Բերված փաստարկներն շփոթություն առաջացրեցին, քանի որ հայկական կողմը ծրագրի իրականացման համար ոչ մի դրամ ներդրում չէր անում: 8-11 միլիոն դոլլար գնահատված ծախսերի պարագայում բոլոր ծախսերը իր վրա վերցնում էր ճապոնական կողմը, որը կայանի կառուցումից հետո պետք է այն փոխանցեր քաղաքապետարանին՝ փոխարենը վերոնշյալ ԱՍԿ-երի ստացման պայմանով: Շուրջ երկու տարի ամենաբարձր մակարդակով ընթանում էին բանակցությունները: Վերջապես քաղաքապետարանը համաձայնեց ծրագրի համար հատկացնել ընդամենը 7 հեկտար 35 հեկտար կազմող աղբավայրի տարածքից, սակայն դրեց պայման՝ հրաժարվել էլեկտրաէներգիայի արտադրությունից և միայն այրել հավաքած կենսագազը: Կոնսորցիումի մեջ մտնող երկու ճապոնական ընկերություն՝ «Միցուի» և «Խոկկայդո էլեկտրիկ», հրաժարվեցին մասնակացել ծրագրում: Իսկ «Շիմիզու» ընկերությանը հաջողվեց համոզել մնալ և շարունակել նախագիծը նման կրճատ տարբերակով:

Այսպիսով, ճապոնական կողմը կորցրեց մեծ քանակությամբ արտանետումների նվազեցման միավորներ ձեռք բերելու հնարավորությունը և հայկական կողմի հետ զրկվեց էլեկտրաէներգիայի վաճառքի եկամտից, որը կկազմեր տարեկան 300.000 դոլլար յուրաքանչյուր կողմի համար: Հայաստանը նաև չստացավ 30 աշխատատեղ, նորարարական տեխնոլոգիա, որը կարելի էր օգտագործել՝ Գյումրու և Վանաձորի աղբավայրերում իրականացնելով նման էկոլոգիական ծրագրեր:

Ներկայումս Նուբարաշենի աղբավայրում 7 հեկտար տարածքի վրա դրենաժային համակարգի միջոցով հավաքվում է կենսագազը և այրվում է: Այրման ժամանակ մեթանը (CH4) վերածվում է ածխածնի երկօքսիդի, որը կլիմայական փոփոխությունների վրա ազդեցության տեսանկյունից ավելի քիչ վտանգավոր է և գնահատվում է հետևյալ հարաբերակցությամբ՝ 1 տոննա մեթանի արտանետումը համապատասխանում է 21 տոննա ածխածնի երկօքսիդի: Այսպիսով, ճապոնացիների ծրագրի շնորհիվ, անգամ կրճատ տարբերակով, 7 տարվա ընթացքում հաջողվեց կրճատել ջերմոցային գազերի արտանետումներն ավելի քան 100.000 տոննայով (ածխածնի երկօքսիդի վերահաշվարկով):

Ծրագիրն ամբողջ ծավալով իրականացնելու շանսերը ներկայումս գրեթե բաց են թողնված, քանի որ Կիոտոյի արձանագրությունը և Մաքուր զարգացման մեխանիզմը կորցրել են կարևորությունը, իսկ արտանետումների կրճատման միավորի (տոննայի) արժեքն ածխածնի միջազգային շուկայում այժմ 2009 թվականի 8 դոլլարից իջել է մինչև 20-25 ցենտ: Հետաքրքիր է, որ Ճապոնիան չի մասնակցում Կիոտոյի արձանագրության բյուջետային երկրորդ փուլին 2013 թվականի հունվարից, սակայն «Շիմիզու» ընկերությունը, կրելով վնասներ, շարունակում է Նուբարաշենի ծրագիրը՝ վճարելով աշխատողներին և իր հաշվին իրականացնելով տարեկան մոնիտորինգ և աղբավայրի տրամադրված տարածքից ջերմոցային գազերի արտանետումների կրճատման սերտիֆիկացում»:

Հունվար 20, 2017 at 15:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր