Գյուղատնտեսական հողերում ԴԴՏ-ի պարունակությունը բարձր է

Գյուղատնտեսական հողերում ԴԴՏ-ի պարունակությունը բարձր է

ԷկոԼուր

Արարատի մարզի Սայաթ Նովա, Արմավիրիր մարզի Ջրառատ, Խանջյան, Նորապատ  եւ Արագածոտնի մարզի Քուչակ համայնքների տնամերձ հողերից վերցված հողի 25 նմուշներից 11-ում հայտնաբերվել է ԴԴՏ-ի բարձր պարունակություն: Այս մասին ասաց  «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի բժիշկ-փորձագետ Լիլիկ Սիմոնյանը «Հորմոնալ համակարգի աշխատանքը խաթարող քիմիկատները» թեմայով կլոր սեղան քննարկման ժամանակ: «ԴԴՏ-ի նորման 0.1մգ/կգ է, իսկ հողի նմուշներում ԴԴՏ-ի պարունակությունը տատանվել է 0.17 –ից 2.48մգ/կգ-ի սահմաններում:  Սա վկայում է այն մասին, որ նախկինում օգտագործված ԴԴՏ-ն մնացել է հողի մեջ, կամ այս կամ այն ճանապարհով օգտագործվել է ԴԴՏ»,- ասաց Լիլիկ Սիմոնյանը:

ՀԿ-ն նաեւ պարզել է, որ իրենց կողմից հարցված բնակիչների մոտ կեսը` 47%-ը, ընդհանրապես տեղեկացված չէ թունաքիմիկատների վերաբերյալ: Հարցվածներից միայն 8-ն է թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործում թունաքիմիկատից պաշտպանող միջոցներ: 22 հոգի նշել է, որ ունեցել է առողջական խնդիրներ` արցունքարտադրություն, հազ, սրտխառնոց, մաշկի այրում, ալերգիկ երեւույթներ եւ այլն: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հարցվածներից ոչ մեկը բուժհաստատություն չի դիմել:

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն ուսումնասիրությունն իրականացել է ԵԱՀԿ- երեւանյան գրասենյակի աջակցությամբ «Հորմոնալ քայքայիչ թունաքիմիկատների վերաբերյալ իրազեկության բարձրացուն Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

16:59 Հուլիս 10, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news