

ԷկոԼուր
Գեղարքունիքի մարզի հողերի յուրացումից որոշ մարդիկ միլիոններ են աշխատել, պետությունն էլ է միլոններ շահել` սակայն վնասի տեսքով: Այս մասին ԷկոԼուրին ահազանգեց 2001-2007թթ. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի տեղակալ Հենրիկ Մարտիրոսյանը: «Միայն Սևանի տարածաշրջանից ապօրինի կերպով դուրս են բերել շուրջ 30.700խմ ժողովրդի ազգային հարստություն համարվող բնական պաշարներ` գյուղատնտեսական նշանակության սևահողեր` 6275խմ, խիճ-ավազ-կոպիճ` 19966խմ, բուսահող (ճիմ)`63700քմ: Սրանց իրացումից գրպանվել է շուրջ 200 միլիոն դրամ գումար»,- ասաց Հենրիկ Մարտիրոսյանը:
Իրականացնելով սեփական հաշվարկներ, չափելով հողափոսի երկարությունը, լայնությունը եւ բարձրությունը` Հենրիկ Մարտիրոսյանը պարզել է, որ 2013թ-ին ապօրինի կարգով արդյունահանվել է 20.595խմ խիճ-ավազ-կոպիճ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է 205.950.000 դրամի վնաս,10530 խմ սևահող, պետությանը պատճառվել է 105.300.000 դրամի վնաս, 80000քմ բուսահող, պետությանը պատճառվել է 56.000.000 դրամի վնասը: «1 խմ հող հանելու համար մարդը ենթարկվում է 60 000 դրամ տուգանքի: Եթե 200 000 խմ-ից ավելի է, քրեական գործ է հարուցվում: 2007թ-ից մինչ հիմա 240 000խմ հող են հանել, ծախել, բայց ոչ մեկը պատասխան չի տալիս դրա համար...,-նշեց Հենրիկ Մարտիրոսյանը,- գնացել եմ, բնապահպանության նախարարությանն այս թվերը ներկայացրել եմ որպես ահազանգ, սակայն նախարարությունն ամեն ինչ արել է այդ ամենը կոծկելու համար»:
Նշենք, որ, ըստ ՀՀ հողային օրենսգրքի, սեւահողերի առքուվաճառքն արգելվում է:
Փետրվար 25, 2014 at 12:42
