Սեւանի իշխանի մանրաձկան արտադրության նախագիծը չի համապատասխանում Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձնաբուծության զարգացման համալիր ծրագրի բնապահպանական նշանակությանը

Սեւանի իշխանի մանրաձկան արտադրության նախագիծը չի համապատասխանում  Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձնաբուծության զարգացման համալիր ծրագրի բնապահպանական նշանակությանը

ԷկոԼուր

«էկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն Սեւանի իշխանի մանրաձկան արտադրության նախագծի վերաբերյալ կարծիք է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն, որում ասված է. «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննության ներկայացված Սեւանի իշխանի մանրաձկան արտադրության նախագիծը չի համապատասխանում «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձնաբուծության զարգացման համալիր ծրագրի» (այսուհետ Համալիր ծրագիր) գլխավոր` բնապահպանական մասին: Հիշեցնենք, որ Համալիր ծրագիրն առաջացրեց բնապահպան հասարակայնության կտրուկ բողոքը, որը նամակով դիմեց ՀՀ կառավարությանը եւ Ազգային ժողովին` պահանջելով կանգնեցնել «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին հակասող, ջրի որակին եւ իշխանի էնդեմիկ ձկնատեսակի համար բնական պայմանների պահպանմանը սպառնացող  անօրինական գործընթացը: Նամակը հավաքեց 1519 ստորագրություն միջազգային եւ Գեղարքունիքի մարզի հանրության կողմից:

Սույն թվականի հունվարի 23-ին` «Սեւան» ազգային պարկում Համալիր ծրագրի քննարկման ժամանակ, ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գեւորգյանը վստահեցրեց, որ բնապահպանական միջոցառումների մանրամասն նկարագրությունը կտրվի Համալիր ծրագրի կոնկրետ նախագծերում, որոնք կներկայացվեն բնապահպանական փորձաքննության:

Սույն թվականի հոկտեմբերի 21-ին Կարճաղբյուրում տեղի ունեցած Սեւանի իշխանի մանրաձկան արտադրության նախագծի հասարակական լսումների ժամանակ նախագիծը բնապահպանական փորձաքննության ներկայացրած «Սեւանի իշխան» ՓԲԸ-ի տնօրեն Էդվարդ Գեւորգյանը թվարկեց բնապահպանական միջոցառումներ. «Եթե լճի էկոհամակարգի վրա չազդելով մենք ունենում ենք որոշակի տնտեսական օգուտ, որը ներդնում ենք լճի բնապահպանական խնդիրները լուծելուն, մենք կարող ենք վստահաբար ասել, որ այդ ծրագիրը բնապահպանական է: ... Մենք կունենանք ծրագրի զարգացման արդյունքում վերականգնված գեղարքունի եւ ամառային իշխան լճում, կունենանք լճում իշխանի բնական պայմանների վերականգնված վիճակ, կունենանք լճից էսօր լիճ թափվող 7000 տոննա ազոտի, 400 տոննա ֆոսֆորի, 135 տոննա ծանր մետաղների եւ այլնի հեռացում, կունենանք բավականին մեծ թվով աշխատատեղեր, դրանից հետո դուք էլի կանգնեք, ասեք` ծրագիրը տնտեսական է... Ծրագրում նախատեսված է, որ մի քանի կարեւոր գետեր վերականգնվեն, հունը ամբողջությամբ մաքրվի, ջրի որակը բերվի այնպիսի տեսքի եւ հունը բերվի այնպիսի տեսքի, որ ձուկը կարողանա ինքնուրույն բարձրանա եւ գետում ձվադրի»: Սակայն Մանրաձկան արտադրության նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում ոչինչ նշված չէ Էդվարդ Գեւորգյանի թվարկված միջոցառումների մասին: Այսինքն` տնօրենի բանավոր հայտարարությունը փաստաթղթում ամրագրված չէ:

Հիշեցնենք, որ Սեւանա լիճ թափվող գետերի վրա, որտեղ ձվադրում է իշխանը, կառուցված է մոտ 10 փոքր ՀԷԿ, որոնք արգելք են հանդիսանում ձկների` դեպի գետի ակունք ձվադրման բարձրանալու համար: Դեռ 2013թ-ին գործադիրը անընդունելի համարեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրենսդրական առաջարկությունը` չերկարացնել Սեւանա լիճ թափվող գետերի վրա  կառուցված փոքր ՀԷԿ-երի լիցենզիաները ձկների ձվադրման համար: Թե ինչպես են նախագծի հեղինակները այս խնդիրը լուծելու, պարզ չէ եւ պարզ չէ, թե ինչպես են ձկներին սովորեցնելու ձվադրման չգնալ ՓՀԷԿ-եր ունեցող գետեր:

ՀՀ կառավարությունը տարեկան 366 հազար հատ իշխանի մանրաձուկ է բաց թողնում Սեւանա լիճ, սակայն իշխանի արդյունագործական պաշարները չեն վերականգնվում ինչպես իշխանի բնադրավայրերի ոչնչացման, այնպես էլ, ձկնագողության պատճառով: Սակայն Համալիր ծրագրի հեղինակները վստահ են, որ, 750 տոննա ձուկ լիճ բաց թողնելով, կարող են վերականգնել Սեւանում իշխանի արդյունագործական պաշարները: Նշենք, որ 1980-ական թվականներին Սեւանա լիճ է բաց թողնվել 7-10 տոննա մանրաձուկ` Սեւանա լճի ձկան արդյունագործական պաշարների պահպանման համար:

Սևանի իշխանի մանրաձկան արտադրության  նախագիծը թվերով հակասում է Համալիր ծրագրի բնապահպանական մասին:

Այսպես, Սևանի իշխանի մանրաձկան արտադրության նախագծի համաձայն, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի տարածքում կառուցվելու է ջրի փակ շրջանառությամբ Սևանի իշխանի մանրաձկան տնտեսություն, որտեղ 10 տարվա ընթացքում իրականացվելու է Սևանի իշխանի տարեկան շուրջ 30-50 գրամ քաշով 50 տ մանրաձկան արտադրություն: Հոկտեմբերի 21-ին Կարճաղբյուրում տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ ծրագրի հեղինակները նշել են, որ լիճ է բաց թողնվելու բուծված ձկների մոտ 25 %-ը: Սակայն «Սևանի իշխանի մանրաձկան տնտեսության» նախագծում այս մասին ոչ մի խոսք չկա: Այսինքն, հեղինակների բանավոր հայտարարություններն ամրագրված չեն փաստաթղթում: Իսկ փաստաթղթում գրված է, որ 30-50 գրամանոց 50 տոննա  մանրաձուկը տեղափոխվելու է Սեւանա լիճ,  եւ ոչ մի խոսք այն մասին, թե մանրաձկան քանի տոկոսն է բաց թողնվելու լիճ, եւ քանի տոկոսն է մեծանալու ցանցավանդակներում: Նույնիսկ հստակեցված չէ, թե արդյոք Սեւանա լիճ բաց է թողնվելու մանրաձուկը, թե ցանցավանդակներում աճեցված ձուկը: 

Համալիր ծրագրում գրված է. «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման նպատակով յուրաքանչյուր տարի նախատեսվում է լիճ բաց թողնել արտադրվող ձկան 1.5%-ը, ինչը ծրագրված հզորության ապահովման պարագայում կկազմի տարեկան 750 տ»:  Նշենք, որ Համալիր ծրագրով ցանցավանդակներում ձկների արտադրությունը մինչեւ 2023թ-ը հասցվելու է տարեկան մինչեւ 50 000 տոննայի եւ նույն քանակությամբ ազոտ եւ ֆոսֆոր պարունակող կեր է լցվելու ցանցավանդակներ:   

Համալիր ծրագրում նշված է. «Մանրաձկան պահանջվող քանակությունը նախատեսվում է արտադրել Սևանա լճի ավազանի 2 տարբեր մասերում տեղակայված ֆերմաներում, ինչը հնարավորություն կտա օգտագործել տարբեր ջրաղբյուրների ջուր և կնվազեցնի հիվանդությունների ներթափանցման ռիսկը:» (էջ 45): Սեւանի իշխանի մանրաձկան արտադրության նախագծում նշվում է միայն Կարճաղբյուրում կառուցվելիք արտադրամասի մասին եւ ստորգետնյա աղբյուրներից օրական 2180 մ3 ջուր վերցնելու մասին: Այսպիսով, մանրաձկան արտադրության նախագծում գնահատված չէ հիվանդությունների ներթափանցման ռիսկը:

Նախագծում գնահատված չէ, թե արտադրության շինարարության  եւ շահագործման ընթացքում ինչ ազդեցություն կկրի Սեւանա լիճը: Միայն մանրաձկան տնտեսության շահագործման ընթացքում կաթսայատան շահագործման արդյունքում մթնոլորտ կարտանետվի  տարեկան 3.07 տոննա ազոտի երկօքսիդ, 1.31 տոննա ածխածնի մոնօքսիդ: 

Սեւանա լճի ավազանը ձեւավորող ստորգետնյա աղբյուրներից ջուր վերցնելու, ազոտի եւ ֆոսֆորի թափոնների գետ թափելու, մթնոլորտային արտանետումների հետ համեմատած մյուս բոլոր բացասական ազդեցությունները եւ ռիսկերն այդքան էլ նշանակալից չեն թվում: Այսպես, նախագծում թեպետ ներկայացված է «Սեւան» ազգային պարկի բուսական եւ կենդանական աշխարհը, սակայն նշված չէ, թե շինարարական հրապարակում ինչ կենսաբազմազանություն կա, արդյոք կան Կարմիր գրքում գրանցված տեսակներ, թե` ոչ, աշխատանքների ընթացքում տեղի կենսաբազմազանությունը որքանով է տուժելու, եւ ինչ միջոցառումներ են արվելու կենսաբազմազանությանը պատճառվելիք վնասը նվազագույնի հասցնելու համար, շինարարական աշխատանքները` մասնավորապես փոշու եւ անօրգանական նյութերի արտանետումները, ինչ ազդեցություն կունենան Սեւանա լճի եւ մոտակա ջրային ռեսուրսների վրա, ինչ սեյսմիկ գոտում է կառուցվելու տնտեսությունը եւ որքանով է այն լինելու սեյսմաանվտանգ»:

Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 7-ին` ժամը 12.30-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի գյուղապետարանում, տեղի կունենան «Սևանի իշխան» ՓԲԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Սևանի իշխանի մանրաձկան տնտեսության նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումները:

Նոյեմբեր 05, 2014 at 17:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր