Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Սևանա լճի ջրածածկ տարածքներից հանել հողի բերրի շերտը և վաճառել

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Սևանա լճի ջրածածկ տարածքներից հանել հողի բերրի շերտը և վաճառել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներից հանված հողի բերրի շերտը վաճառել: Նախարարությունը հողի բերրի շերտի վաճառք է նախատեսում նաև շինարարական աշխատանքների դեպքում, ինչը գործող օրենսգրքով արգելված է: Այս նպատակով նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

«Սևանա լճի մակարդակի բարձրացման ժամանակ հողը մնում է ջրի տակ՝ հանդիսանալով աղտոտման աղբյուր: Անհրաժեշտություն է առաջանում Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքներ իրականացնել՝ տարածքն ազատել ծառերից և թփերից։ Հանվող բուսահողը չի օգտագործվում։ Հողի բերրի շերտը, համապատասխան նորմատիվները պահպանելու դեպքում, կարող է դառնալ վաճառքի առարկա, քանի որ գոյություն ունի բերրի հողի պահանջարկ: Մարզերում ջերմոցային տնտեսությունների թվաքանակի աճին զուգընթաց ավելի է մեծանում պահանջը դրա նկատմամբ», - նշված է օրենքի նախագծի հիմնավորման մեջ:

Նախարարությունն ակնկալում է, որ բուսահողը կօգտագործվի նպատակային և արդյունավետ, պակաս արդյունավետ հողերի բարելավման համար:

Օրինագծի ընդունման դեպքում կառավարության որոշմամբ կհաստատվի Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և (կամ) ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքների հետևանքով առաջացած հողի բերրի շերտի վաճառքի կարգը:

Նշենք, որ օրենքի նախագիծը մի շարք ռիսկեր է պարունակում:

  • Օրինագծում նշված չէ ջրածածկման ենթակա տարածքներից հողի բերրի շերտի փուլային հանման մասին: 2001թ-ին ընդունված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն, մինչև 2031թ-ը լճի մակարդակը պետք է բարձրանա 6,5 մ և հասնի 1903 մետր նիշին: Քանի որ օրենքի նախագծում չի նշվում աստիճանաբար հողի բերրի շերտի հանման մասին, դա կարող է վտանգ առաջացնել արագ գումար աշխատելու համար մինչև 1903 մ նիշը ընկած տարածքներում հողի բերրի շերտը հանելու առումով:
  • Լճի մակարդակի կայուն բարձրացում հնարավոր չի լինում ապահովել 2012թ-ից հետո: Լճի մակարդակն անընդհատ տատանվում է լճից հավելյալ ջրառների, լիճ թափվող գետերի սակավաջրության, գոլորշիացման արդյունքում: Օրինակ, 2021 թ-ին լճի հաշվեկշիռը ավելի ցածր է եղել 2016թ-ին գրանցված 1900.46 մ հաշվեկշռից՝ կազմելով 1900.43 մ: Բացի այդ, ՀՀ կլիմայի փոփոխության մասին 4-րդ ազգային զեկույցում նշված կլիմայի փոփոխության սցենարներով կանխատեսվում է գետային հոսքի նվազում, գոլորշիացման ավելացում, ջրի ջերմաստիճանի աճ: Այս առումով անորոշ է, թե լճի մակարդակը որքան կբարձրանա: Օրենքի նախագծում նշված չէ, մինչև որ նիշն է ափամերձ տարածքներում հանվելու հողի բերրի շերտը և լճի մակարդակի անկման պայմաններում ինչպես հնարավոր կլինի օգտագործել այդ ափերը, քանի որ հողի բերրի շերտի հանումը կհանգեցնի Սևանա լճի առափնյա տարածքի աղավաղմանը:
  • Լճի խեցգետինը կզրկվի ջրափնյա կանաչապատված տարածքից:
  • Հողում կուտակված աղտոտված օրգանական նյութերը հանման ժամանակ կլցվեն լիճը, որն արդեն իսկ աղտոտված է և ճահճանում է:

Մարտ 04, 2022 at 10:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր