Գործադիրը մտադիր է «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածք ստեղծել

Գործադիրը մտադիր է «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածք ստեղծել

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը ցանկանում է «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածք ստեղծել: Այս մասին գրված է ««Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգ» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծում, որը դրված է շրջանառության մեջ:

««Սևան ազգային պարկի հիման վրա կենսոլորտային տարածքի ստեղծումը կարող է բարձրացնել տեղական բնակչության, քաղաքացիների և պետական մարմինների իրազեկությունը շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ: Այն կարող է աջակցել տարբեր աղբյուրներից լրացուցիչ ֆինանսավորման հայթայթմանը»,- նշված է Հայեցակարգի նախագծում: Եթե նախագիծը հաստատվի, ապա դա կլինի երկրորդ կենսոլորտային տարածքը Զանգեզուրի կենսոլորտային համալիրից հետո:
Հայեցակարգով նախատեսվում է նաև մասնավորապես`

• պարկի տարածքների համար քաղաքաշինական զարգացման ծրագրերի մշակում
• պարկի տարածքում վերականգնվող էներգետիկայի զարգացում, արտադրության կազմակերպում (արևային, մատչելի բիովառելիքային, քամու, գեոթերմալ, ալեբախութան և այլն)
• թափոնների կառավարման համակարգի ներդրում,
• փակ ակվապարկային համալիրի, բաց ջրաշխարհների կառուցում
• զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգստի ձևերի կազմակերպում` ռեկրեացիոն ձկնորսություն, ստորջրյա որս և այլն,
• պարկի տարածքում էկոլոգիապես մաքուր վայրի բուսատեսակների արտադրություն` արտադրանք չիչխանից, սնկերից, ուտելի բուսատեսակներից, թեյի տեսակներից և եթերային յուղերից,
• ձմեռային հանգստի կազմակերպերում` դահուկային սպորտ (լեռնային և դահուկավազք), սիրողական բիատլոնի մրցումներ: Սպորտային տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ կլինի ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ՝ սպորտային բազաներ, սահադաշտեր, դահուկային վազքուղիներ, ճոպանուղի և այլն:
• Սևան քաղաքի ափամերձ հատվածի մերձակա տարածքում արդի քաղաքաշինական նորմերին համապատասխան, որոշակի ճարտարապետական ոճով առանձնացող նոր համայնքի կառուցում:

Նախատեսվում է ներդնել Սևան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջրային ռեսուրսների համար բնօգտագործման վճարների համակարգ, ինչպես նաև բնօգտագործման վճարի դրույքաչափ սահմանել Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ–երի կողմից ջրգտագործման համար և հիդրոէներգետիկայից ստացված այդ գումարներն ուղղել Սևանա լճի և Արփա-Սևան թունելի պահպանմանը: Սևանա լճի էկոհամամակարգի պահպանմանը կուղղվեն նաև «Սևան» ազգային պարկի բնական ռեսուրսների օգտագործման արդյունքում վճարված բնօգտագործման վճարները: «Սևան» ազգային պարկի տարածքներում առևտրի և հասարակական ձեռնարկությունների համար կսահմանվի բնապահպանական նոր հարկ` շրջանառության 0.5 – 1.0 տոկոսի չափով, ինչպես նաև կսահմանվի պրոգրեսիվ գույքահարկ «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամաս վարձակալող, սակայն տնտեսական գործունեություն չիրականացնող սուբյեկտների համար:

Մայիս 31, 2017 at 17:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր