ՀՀ կառավարությունը հավանություն չտվեց Սևանա լճի բացասական հաշվեկշռի դեպքում լճից հավելյալ ջրառն արգելող օրինագծին

ՀՀ կառավարությունը հավանություն չտվեց Սևանա լճի բացասական հաշվեկշռի դեպքում լճից հավելյալ ջրառն արգելող  օրինագծին

ԷկոԼուր

Հոկտեմբերի 3-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն չտվեց Սևանա լճի բացասական հաշվեկշռի դեպքում լճից հավելյալ ջրառի արգելք սահմանող օրենքի նախագծին:

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի նախաձեռնությամբ մշակվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքով սահմանված 170 միլիոն մ3-ից ավելի ջրառ չիրականացնել լճի բացասական հաշվեկռի դեպքում:

Օրենսադրական առաջարկը հիմնավորվել է հետևյալ կերպ. «2008, 2012, 2014, 2017, 2018 թվականներին Սևանա լճից 170 մլն մ3 առավելագույն չափաքանակից ավելի ջրառ է իրականացվել: Սևանա լճի մակարդակի իջեցման հետեւանքով, ջրի տաքացման, ջրիմուռների բազմացման շնորհիվ մեծացել է քաղցրահամ լճի ճահճացման վտանգը եւ բնական ռեժիմի փոփոխությունը կհանգեցնի լճի և նրա ավազանի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը:

Մասնագետները հաշվարկել են, որ Սևանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է և ջրի մակարդակի բարձրացումը:
Առաջարկության նպատակն է բնակլիմայական պայմանների պատճառով լճի ջրային բացասական հաշվեկշռի պարագայում սահմանափակել ավել ջրառի իրականացումը»:

ՀՀ կառավարությունը մերժեց օրինագիծը՝ հիմնավորելով նրանով, որ ջրի դեֆիցիտի մեղմման նպատակով Սևանա լճից ջրառ իրականացնելն այլընտրանք չունի` անկախ լճի տվյալ ժամանակաշրջանի հաշվեկշռից: Բացի այդ, նախագծով առաջարկվող սահմանափակման պարագայում անհրաժեշտություն կառաջանա ջրամատակարարումն իրականացնել խորքային հորերի շահագործմամբ, ինչը կհանգեցնի էլեկտրաէներգիայի ծախսերի ավելացման: Սա իր հերթին կբերի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտության, քանի որ ներկայում ոռոգման ջրի մատակարարումն իրականացվում է պետական բյուջեից սուբսիդավորմամբ: Կառավարությունը նախագծի ընդունման անհրաժեշտությունը համարեց ոչ բավարար հիմնավորված և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող:

 

Հոկտեմբեր 03, 2019 at 15:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր